22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սեպտեմբերի 4-ին, մասնակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ տոնական շքերթ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Տոնական միջոցառումը մեկնարկեց Սրբազան հոր օրհնության խոսքով և շնորհավորական ուղերձով.
«Մեծարգո՛ նախագահ, հարգարժա՛ն նախարար, սիրելի՛ ներկաներ,
Հանուն Վեհափառ Հայրապետի՝ օրհնություն և բարեմաղթանքներ ենք բերում ամենքիդ:
Այսօր մեզ միաբանել է աստվածային սիրո ներգործուն ուժը, որն իր զորությամբ ընդունակ է հրաշագործել, ամենքիս փոխակերպել, մեր հոգին և էությունը, կյանքը զարդարել բազում շնորհներով և օրհնաբեր գործերով:
20 տարի առաջ այս օրը ձևավորվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (այն օրերում՝ վարչության) արագ արձագանքման փրկարարական ջոկատը: Երկու տասնամյակ է, ինչ նա իր նվիրական առաքելությամբ դարձել է մեր ազգաբնակչության հուսալի և հավատարիմ օգնականը:
Սիրելի՛ փրկարարներ, դուք օրհնյալ ծառայություն եք մատուցում, որը «Սիրեցե՛ք զմիմեանս» աստվածատուր պատգամի իրագործումն է (Հովհաննես 13-34): Այն բազում շերտեր ունի իր մեջ. հերոսություն, մարդասիրություն, հուսահատին, նեղյալին, անօգնականին, մոլորվածին, փորձության մեջ եղողին ձեռք մեկնելու անձանձրույթ ծառայություն: Հայ Եկեղեցին հոգիների փրկության առաքելությունն ունի: Ձեր ծառայասիրությամբ դուք ևս այդ սուրբ առաքելության բաժնեկիցն եք: Փրկելով մարդկանց մահվան ճիրաններից՝ նրանց հնարավորություն եք ընձեռում վերարժևորել իրենց կյանքը: Օգնում եք իրապես զգալ Աստծո սերն ու հոգածությունը, ունենալ այն անխաթար համոզումը, որ դժվարություններից պետք չէ երկնչել, քանզի Տերը միշտ իրենց կողքին է և պատրաստ է մեկնել Իր փրկարար ձեռքը: «Տերն եղավ տնանկի ապավենը և նեղության ժամանակ օգնականը: Քեզ վրա թող հույս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը Քո, քանզի Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տե՛ր» (Սաղմոս 9:10-11):
Սիրելինե՛ր, ձեր աստվածաշնորհ առաքելությունն ավետարանական սիրո ընձյուղներից է, որի շնորհիվ մարդիկ կրկին վերագտնում են Աստծո պատկերն իրենց մեջ: Ձեր ազնիվ ծառայությամբ կամուրջ եք մարդ-Աստված փոխհարաբերության:
Քիչ անց օծվելու է խաչքարը, որն ինքնըստինքյան փրկավետ խորհուրդ ունի իր մեջ՝ արտահայտված խաչի նշանով: Մեր աղոթքն է, որ մյուռոնաբույր այս խաչն իր խոսուն ներկայությամբ դառնա ձեր անձնազոհ նվիրումի, քրիստոնեական հավատքի, հավատարմության, ոգու ամրության և հայրենասիրության հավաստագիրը:
Աղոթենք առ Աստված և հայցենք Տիրոջից, որ Նա Իր զորավոր Աջով մարտակից լինի ձեզ՝ ի բարօրություն մեր Հայենիքի և ազգի. «Զօրութիւն սուրբ խաչի Քո Քրիստոս, որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի, սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ» (Շարական): Ամեն»:
ՀՀ նախագահի և բարձաստիճան մյուս պաշտոնյաների շնորհավորական ուղերձներից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած աշխատակիցների պարգևատրման արարողություն:
Տոնական շքերթից հետո Սրբազան հոր հանդիսապետությամբ օծվեց ԱԻ նախարարության տարածքում տեղադրված նոր խաչքար-հուշարձանը (hեղինակ՝ քանդակագործ Վարազդատ Համբարձումյան): Հուշարձանը նվիրված է մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարներին:
Տոնական միջոցառման շրջանակում կատարվեց նաև ՀՀ ԱԻ նախարարության 3-րդ՝ հիմնովին վերանորոգված մասնաշենքի տնօրհնեքի կարգ, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, Տեխնիկական անվտանգությւան ազգային կենտրոնը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությունը, ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին