Անձնադատությունը

«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ 18։14)։

Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ:

Սեփական անձն ուրիշներից վեր դասելու տկարությունը խիստ մեծ թերություն է, որը հավասարապես նկատելի է բոլոր ժամանակների մարդկանց մեջ: Այս թերությունը վերացնելու համար սուրբ Ավետարանը մեզ սովորեցնում է հրաշալի սկզբունքներ՝ միաժամանակ պարտադրելով, որ այդ վիմատեսակ սկզբունքները հիմք դարձնենք մեր կյանքի համար, եթե չենք ուզում, որ մի փոթորկալի օր այդ «կառույցը» հիմնահատակ կործանվի:

Առակի դերակատար անձինք երկուսն են, և նրանք պատկանում են տարբեր դասակարգերի: Մեկը փարիսեցի է, իսկ մյուսը՝ մաքսավոր: Երկուսին էլ կարող ենք համարել իրենց դասակարգերի տիպիկ ներկայացուցիչներ: Լավ ընբռնելու համար, թե Հիսուսի դատաստանն ինչ տպավորություն գործեց Նրա ունկնդիրների վրա, հարկ է ծանոթանալ այս երկու տեսակի անձանց մասին ժողովրդի ունեցած կարծիքին:

Ժողովրդի համար փարիսեցին օրինակելի, մաքրամաքուր հրեան է: Նա տառացիորեն գործադրում է մովսիսական օրենքի բոլոր պատվիրանները, իր ունեցվածքից տասանորդ է տալիս Տաճարին, անխափանորեն կատարում է իր լվացումներն ու աղոթքները և չի հափշտակում այն, ինչ ուրիշին է պատկանում: Այս ամենից բացի փարիսեցին, իր իսկ բարեպաշտությունից դրդված, շաբաթը երկու օր ծոմ է պահում: Նա կրոնասեր մարդու տիպարն է և հարգվում է իր ազգի ներկայացուցիչների կողմից:

Փարիսեցու առաքինությունը, սակայն, այդքանով էլ դեռ չի վերջանում. նա միևնույն ժամանակ ազգասեր է: Հրեական մեծ փափագը՝ Մեսիայի թագավորությունը, փարիսեցու հոգու մեծագույն տենչն է: Նա որքա՜ն էր երազում, որ շուտով գար ընտրյալ ժողովրդին Խոստացվածը, Ազատարարը: Եվ վերջապես փարիսեցին նաև ուսումնասեր է, ու նրա ամենօրյա մտավոր սնունդն օրենքի սրբազան մատյաններն են: Որևէ մեկի մտքով չէր անցնում դատապարտություն լսել այսպիսի զարգացած, ազգասեր և բարեպաշտ անհատների մասին:

Իսկ մյուսը՝ մաքսավորը, ծայր աստիճան արհամարհելի էր, հասարակության ապականիչ ցեցն էր: Նա պիղծ էր Աստծու և մարդկանց առջև: Նրա պաշտոնը՝ հարկահավաքությունը, ամենքի համար ատելի մի գործ էր, որից պետք է խորշեր արժանապատվության տարրական զգացումն ունեցող որևէ հրեա: Մաքսավորը չէր հարգում Օրենքը՝ իր ազգի մեծագույն սրբությունը: Նա ազգատյաց մեկն էր, որն իր հայրենակիցներից հավաքած դրամը գարշելի օտարի ափի մեջ էր լցնում:

Մաքսավորն իր ժողովրդի ազատության թշնամին էր, քանի որ օժանդակում էր անօրեն բռնավորի գերիշխանության հարատևմանը: Նա մարմնացումն էր այն բոլոր չարիքների ու ստորությունների, որոնք ապականում են մարդ էակի էությունը: Որևէ մեկի մտքով չէր անցնի մաքսավորի մեջ արդարության նշույլ տեսնել:

Այժմ, մեր մտքում ունենալով այս երկու տեսակի անձանց նկարագրերը, լսենք Հիսուսի պատմած առակը. «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի և, ինքն իրեն, այս աղոթքն էր ասում. «Աստված իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»:

Ներկաները, բնականաբար, զարմացան այս դատաստանից, և գուցե նաև շատ անարդար համարեցին այն: Մանավանդ փարիսեցիներին մեծ զայրույթ պիտի պատճառեր այս հարվածը, որը սպառնում էր տապալել նրանց սնափառության դղյակը: Ամբոխը միամտորեն խաբվում էր այն «մաքրությամբ», որով արտաքնապես պատված էր փարիսեցին: Սակայն Հիսուսի աչքերը սովորականից ավելի սրատես էին՝ թափանցելու համար անհատի ներքին էության մեջ, ուր Նա միայն գերեզմանային փտություն էր տեսնում:

Սակայն ո՞րն էր փարիսեցիների մեծ մասի դատապարտության հիմնաքարը: Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկ է քննել փարիսեցու հոգեկան տրամադրվածությունը, որը մասամբ ցոլանում է նրա աղոթքի մեջ: Իսկույն աչքի են զարնում երկու մեծ թերություններ. հպարտություն և չարախոսություն:

Փարիսեցին պարծենում է իր՝ արդարամիտ անձ լինելու համար, իրեն մյուս բոլոր մարդկանցից գերակա է համարում և իրեն մեծամեծ բարիքներ պարգևող Արարչի առջև այդ բարիքների մեկ տասներորդը Տաճարին տալն իր անձի մեծ առաքինությանն է վերագրում:

Նրա այդ օրինապահությունը մարդկանց աչքին էական հատկանիշ է թվում, սակայն Աստծու չափանիշը, որով Նա չափում է մարդկանց արդարությունը, հիմնված է այլ սկզբունքների վրա: Այդ պատճառով է, որ փարիսեցու արդարությունն անկատար է, իսկ հպարտությունը՝ դատապարտելի:

Մյուս թերությունը՝ չարախոսությունը, կապված է փարիսեցու հպարտության զգացումին: Որպեսզի Աստծուն ցույց տա իր գերազանցությունը, ինքն իրեն համեմատում է մյուս մարդկանց հետ, որոնք, նրա կարծիքով, հափշտակողներ, անիրավներ ու շնացողներ են: Անշուշտ, ճիշտ չէ, որ փարիսեցուց բացի մյուս բոլոր հրեաներն այս մեղքերի ծառաներն էին: Բայց եթե անգամ այդպես լիներ, արդյո՞ք նա իրավունք կունենար նրանց մասին չարախոսելու, նրանց ամբաստանելու, դատելու և դատապարտելու:

Արդար կամ բարի մարդն ինչպե՞ս չէր վարանի այդքան հապճեպ դատապարտության ենթարկել ազգի մեծ մասին: Ուրիշներին դատելու հարցում փութաջան այդ փարիսեցին արդյոք օրերից մի օր միևնույն խիստ ու անաչառ հայացքը դարձրե՞լ էր իր վրա. կասկածելի է, քանի որ այդ Ուրիշը՝ փարիսեցուց գերազանցորեն ավելի արդարասեր ու բարի Մեկը, նրա վրա մեծագույն հանցանք էր մատնանշում: Քանի՜-քանի՜ անգամ Հիսուս դատապարտեց փարիսեցիների կեղծավորությունը: Այդ փարիսեցին ավելի լավ կաներ մյուս մարդկանց իբրև հափշտակողներ, անիրավներ ու շնացողներ դատապարտելու փոխարեն ինքն իրեն դատապարտեր՝ իբրև կեղծավորի, հպարտի ու բամբասողի:

Այժմ տեսնենք, թե ինչպիսի տրամադրվածությամբ էր աղոթում մաքսավորը: Կարծես մի շատ ծանր մեղք ուժգին ճնշում էր նրան: Նա ժամանակ չունի երկար-բարակ ճառ ասելու: «Աստվա՜ծ, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս» աղերսն է հնչում նրա շուրթերից, ավելի ճիշտ՝ նրա սրտից, և այդ աղաղակի մեջ ծրարված է մեղքի ամբողջ սևությունը: Նա գնում է՝ լուծվելու-ջնջվելու Աստծու անհուն ներողամտության օվկիանում:

Մաքսավորը ողբալով ծեծում է իր կուրծքը, զղջում իր սրտում սատանային տեղ տալու համար և այժմ ճգնում է իր բռունցքների հարվածներով դուրս հանել նրան: Մեղքը, որ հաճոյալի արտաքինով նրան խաբել ու ներս էր սպրդել, այժմ դուրս էր թափում իր ամբողջ դառնությունը և աղի արցունքներ էր հոսեցնում մաքսավորի աչքերից:

Նրա խավարակուռ հոգում լույսի ճառագայթ էր ներթափանցել և գիտակցության առջև մի սարսափելի տեսարան էր բացել: Մաքսավորը, նոր արթնացած գիտակցությամբ, բուռն ճիգով ցանկանում էր իր վրայից թոթափել մեղքի սև մուրը: Նա փափագում էր իր սիրտը մաքրել ու հարդարել՝ այն դարձնելու տաճար ու բնակարան Սուրբ Հոգու համար, Որը մաքսավորի իր այդ կորստական վիճակում օգնության էր եկել նրան ու ցանկանում էր փրկել անդունդը գահավիժելուց:

Մաքսավորն արդար դատաստանով գտել էր այդ ամենի պատասխանատուին, որ ինքն իսկ էր, և դատապարտել էր նրան: Եվ արդ, երբ մաքսավորը տաճար էր եկել ու պաղատում և ներողություն էր խնդրում Աստծուց, ի՞նչ եք կարծում, ստացա՞վ իր խնդրածը. այո՛, միանշանակ: Չէ՞ որ Հիսուս ասաց. «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ»:

Այստեղ պետք է նորից հիշենք Հիսուսի դատաստանը՝ տեսնելու համար, թե որքան իրավացի էր այն: «Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը»: Փարիսեցին, որ աղոթելու համար Տաճար մտնելիս արդար էր, այնտեղից դուրս եկավ իբրև մեղավոր, քանի որ հպարտացավ Աստծու առջև և ամբաստանեց մյուս մարդկանց: Իսկ մաքսավորը, որը Տաճար մտնելիս արդեն մեղավոր էր, այնտեղից դուրս եկավ արդարացած, քանի որ կարողացավ դատապարտել իր անձն ու ներում խնդրել Աստծուց, և Աստված ներեց նրա մեղքերը:

Այս ամենից հետո մեր ուշադրությունը սևեռենք մեկ կետի՝ անձնադատության վրա: Մեր բոլոր խորհուրդների, աղոթքների, խոսքերի, գործերի և արտահայտությունների մեջ զգուշանանք ուրիշներին դատելուց ու դատապարտելուց, «քանի որ ինչ դատաստանով որ դատենք ուրիշներին, նույն դատաստանով էլ պիտի դատվենք»:

Միևնույն ժամանակ չմոռանանք անաչառորեն դատել ինքներս մեզ. դա քրիստոնեական բարոյականության ամենաէական կանոններից մեկն է: Ամեն ոք նախ իր անձի դատավորը պետք է լինի: Ուզո՞ւմ ենք զերծ մնալ ուրիշների դատաստանից, ուրեմն պետք է մեր անձնադատությամբ վճարենք այդ տուրքը:

Ամեն մարդ էլ դատապարտելի բան ունի իր մեջ: Իրենք իրենց արդար համարողներն անկասկած ենթակա են այս փարիսեցու տկարությանը, նրա՛, ով ձեռքից բաց էր թողել սեփական թերությունները տեսնելու կարողությունը: Նա, ով իր այդ թանկագին կարողությունը հարկ եղածի պես չի գործածում, վաղ թե ուշ ենթարկվելու է ուրիշների դատաստանին ու իր դատապարտությանն է արժանանալու: Ուստի եթե ուզում ենք, որ դատաստանի օրը աստվածային արդարության կշեռքի նժարին ծանրակշիռ լինենք, պետք է լավ քննենք ինքներս մեզ և դատենք արդարամիտ ու եռանդուն դատաստանով:

Լավ քննենք ինքներս մեզ, այն խոշորացույցը, որով նայում ենք ուրիշների հանցանքներին, ուղղենք դեպի մեր անձերը, դեպի մեր հոգիները, և պիտի տեսնենք, որ մութ անկյուններում երևում են սատանայի սև ոտնահետքերը: Մտաբերենք շնացող կնոջ պատմությունը և ամբոխի ընկրկումն այնժամ, երբ Հիսուս ասաց. «Ով որ անմեղ է, առաջին քարը թող նա՛ նետի»:

Փարիսեցու հպարտության փոխարեն մաքսավորի խոնարհությա՛մբ զգեստավորվենք և փարիսեցու այլադատության փոխարեն մաքսավորի անձնադատությո՛ւնը կիրարկենք:

Աստծուց խնդրենք, որ Սուրբ Հոգու շնորհիվ լուսավորի մեր սրտերը, դրանք մաքրի ամեն տեսակի սևությունից, որը եղծում է Աստծու տաճարի սրբությունը, և գա ու բնակվի մեր սրտերում՝ կենդանացնելով մեզ այստեղ և հանդերձյալ կյանքում, որպեսզի մենք էլ կարողանանք հոգով և ճշմարտությամբ երկրպագել Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս. ամեն:

 

Նորայր աբղ Պողարյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

28.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․