Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ

Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր: 
16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում է կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ դառնալ բանիմաց ու լավ լրագրող: Այսօր արդեն ընկերների հետ հիմնել է օնլայն ռադիո, համացանցի միջոցով պատրաստում ու տարածում է բովանդակալից ու հետաքրքիր նյութեր շոու-բիզնեսի աշխարհի մասին: 
Վերջերս Qahana.am կայքը նամակ ստացավ Հովհաննեսից՝ իրականեցնել սպասված երազանքը: Այս անգամ նրա երազանքն այլ էր. հանդիպում իր սիրելի երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Հանդիպումն իրականացավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Qahana.am կայքի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց պատանուն, արժանապատիվ քահանան զրուցեց ու ոգևորեց նրան: 
Հուզիչ էր Միհրանի և Հովիկի շփումը: Թեև վերջինս տեղեկացված էր երգչի կյանքի ամեն մի դրվագից, սակայն անսպառ էին նաև հարցերը: Երկկողմ հարց ու պատասխան, զրույց, ջերմություն ու ուրախություն. մթնոլորտն այնքան տաք էր ու հաճելի, որ կողքից կարելի էր մտածել՝ հանդիպողները վաղեմի ծանոթներ են: Ի դեպ, երգիչը դատարկաձեռն չէր եկել: Հավատարիմ երկրպագուին իր իսկ ստորագրությամբ նվիրեց ձայնասկավառակ և իր նկարով պոստեր: 
Վերջում խոստումներ տալու հերթը Հովհաննեսինն էր. խոստացավ, որ իր և Միհրան Ծառուկյանի հաջորդ հանդիպմանը կգա ոչ թե անվասայլակով, այլ սեփական ոտքերով...

18.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․