Անմիտ մեծահարուստը

Անմիտ մեծահարուստը | Anmit Metsaharusty

 «Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ նա նրան ասաց. «Ով մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»: Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա: Գիտեմ, - ասաց նա, - թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կասեմ` ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր»»: Աստված նրան ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա» (Ղուկ. 12.13-21):

 

Իրապես, Աստված ամեն ինչ տվել է. միտք` մտածելու, ճիշտը, բարին խորհելու համար, սիրտ` բարին մտածելու, զգալու և ապրելու համար, ոտքեր և ձեռքեր, բերան և ականջ` բարին գործելու, խոսելու համար: «Եվ Աստված, որ այդ ամենը մեզ շնորհել է, ուզում է, որպեսզի Իրեն մաս ու բաժին հանենք» - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: Մեր մտքի բարի մտածումը, ամենասուրբ խորհուրդը պետք է ընծայենք Տիրոջը: Մեր սրտի սերը, ամենասուրբ զգացումը պետք է Աստծուն ուղղենք: Մեր ձեռքերի բարի գործերը պետք է Տիրոջը նվիրենք, աղքատներին ողորմություն տանք: Մեր շրթունքների ամենասուրբ խոսքերը, գոհաբանությունն ու փառաբանությունը պետք է Տիրոջը վերառաքենք: Եվ այսպես, գոհություն ու փառք կտանք Տիրոջն այն ամենի համար, ինչ որ մեզ շնորհել է: Բայց այս մեծահարուստը այդպես չարեց. մտածեց, որ ինքն է ստեղծել այդ բարիքը, այն իրեն է պատկանում, չհիշեց, որ Աստված է առատ բերք շնորհել իր արտերին, Տիրոջ օրհնությունն էր, որ բազմապատկեց իր բերքն ու բարիքը, և չհասկացավ, որ Տիրոջը պետք է մաս ու բաժին հանել, աղքատներին ողորմություն տալ: Եվ Աստված ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Ի՞նչ իմաստ ուներ նրա համար այդ կյանքը, որ նա ապրում էր. չէ՞ որ բարիք գործելով է, որ մարդը սկսում է հասկանալ, որ ինքը մարդ է: Եվ եթե մարդը բարեգործ չէ, ստեղծագործող չէ, ապա Աստծուն նման չէ և մարդ կոչվելու իրավունք էլ չունի: Ուստի, Աստված մեզ կոչել է բարի լինելու և Աստծով հարստանալու, որովհետև ով բարիք է գործում աստվածային օրհնություններն ու շնորհներն են իջնում նրա վրա և Աստծով է հարստանում: Մեր Տերն Ավետարանում ասում է. «Ձեր կյանքի համար հոգս մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք. չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը` քան զգեստը: Նայեցեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին էք, քան նրանք: Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով` իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցեք վայրի շուշանին, ինչպես է աճում. ոչ ջանք է թափում և ոչ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման» (Մատթ. 6.25-29): Տերը հրամայում է մեզ հոգս չանել, վաղվա մասին չհոգալ, այլ հոգալ մեր հոգու փրկության մասին, որովհետև Աստված մեզ առավել հոգի է տվել, քան մարմին, և ուզում է, որ մեր հոգին զարդարենք առաքինություններով, աղոթքով, արդարամտությամբ, բարի գործերով, եկեղեցի գնալով, միայն բարին խորհելով, խոսելով և գործելով. և ոչ թե մեր մարմնին խնամք տանենք ամենուրեք` ինչ ուտենք, ինչ խմենք, ինչպիսի մեղքեր գործենք: Սրանք մարմնի համար են և մարմնի հետ էլ կորստյան են մատնվելու, հավիտենական տանջանքների են դատապարտվելու: Իսկ ինչ որ բարին և առաքինին ենք մենք անում, հոգու հետ Երկնքի Արքայություն և հավիտենական կյանք է գնալու: Եվ իմացեք, որ Աստված թռչուններին խնամք է տանում. մենք չէ, որ ցորենով կամ հացի փշրանքներով կերակրում ենք, այլ Աստված է մեր սրտում դնում, որ  Աստծո արարածներին խնամք տանենք: Եվ եթե անգամ մենք էլ չկերակրենք, Աստված կկերակրի թռչուններին և մեզ ամոթահար կանի. թռչունները, որ անբան կենդանիներ են, ամաչեցնում են մեզ, որ բանական մարդիկ ենք, Աստծո կողմից ստեղծված, բայց ավելի շատ մտածում ենք մեր մարմնի մասին, քան հոգու: Եվ ինչո՞ւ է Քրիստոս նշում, որ թռչուններին խնամք է տանում: Գիտեք, որ թռչունները խորհրդանշում են հրեշտակներին: Երկնքում հրեշտակները Աստծո ներկայության մեջ են գտնվում և մարմին չունեն, որպեսզի Աստված նրանց մարմնապես կերակրի, բայց հոգևոր սնունդ է տալիս. Աստծո շնորհը, Աստծո ներկայությունը, սերը, իմաստությունը երկնքում են, և այդ ամենից հրեշտակները առատապես կերակրվում են: Եվ հրեշտակներին խնամք է տանում Աստված երկնքում, մեզ էլ է խնամք տանելու. մենք պետք է Երկնքի Արքայությունը փնտրենք և Աստծու արդարությունը խնդրենք:  Փնտրել Երկնքի Արքայությունը նշանակում է փնտրել մեր հոգու խաղաղությունը: Մենք շատ անգամ գործեր ենք ձեռնարկում և մոռանում մեր հոգու խաղաղությունը: Ասում ենք. «Այս գործն էլ անենք, այս էլ կուտակենք, այն էլ դնենք», բայց այդ բոլորը անում ենք մեր հոգու հաշվին. մեր հոգու հաշվին, որ պետք է աղոթենք, մենք սերմանում ենք, ցանում և ավելորդ գործերով զբաղվում և կորցնում մեր հոգու խաղաղությունը. կորցնում ենք կարևորը, գտնում ենք երկրորդականը, և կորցնում ենք ամեն ինչ, որովհետև Աստված ուզում է, որ մենք, որպես բանական էակներ, մեր հոգու մասին խնամք տանենք: Այս մասին մի փոքրիկ առակ ձեզ պատմեմ: Մի կին երեք որդիներ ուներ: Առաջինը մեծ էր, քայլել և խոսել գիտեր, և երբ կամենում էր, գնում էր և հացի շտեմարաններից հաց էր վերցնում և ուտում, երբ քաղցում էր: Երկրորդը քայլել չգիտեր, բայց խոսել գիտեր և մորը խնդրում էր և մայրը նրան կերակրում էր: Երրորդը ոչ խոսել, ոչ քայլել գիտեր, այլ միայն լացել գիտեր. լացում էր և մայրը կուրծք էր տալիս մանկանը: Եվ այսպես էլ Աստված երեք զավակներ ունի. առաջինը հրեշտակներն են, որ Երկնքի Արքայության, Աստծո ներկայության մեջ են, քայլել և խոսել գիտեն, այսինքն` Տիրոջ մոտ մուտք գործել և Տիրոջ հետ զրուցել գիտեն, և Աստված առատապես կերակրում է նրանց և երբ կամենում են, գնում են և Երկնքի Արքայության շտեմարաններից ճաշակում: Երկրորդը սրբերն են, արդարները, ովքեր քայլել չգիտեն, սակայն խոսել գիտեն, այսինքն` ովքեր դեռևս Աստծու մոտ, Երկնքի Արքայության մեջ չեն, այս աշխարհում են ապրում և փորձությունների մեջ են, բայց Տիրոջ հետ խոսել գիտեն, այսինքն` երբ որ խնդրում են, Աստված լսում է նրանց աղաչանքն ու պաղատանքը, և ինչ որ խնդրում են, տալիս է: Իսկ երրորդը մենք ենք, որ ոչ խոսել գիտենք, ոչ էլ քայլել, այսինքն` ոչ Աստծու մոտ ենք և ոչ էլ կարողանում ենք Տիրոջ հետ զրուցել, որովհետև մեղավոր ենք, չար ենք, պիղծ ենք: Բայց Աստված նայում է մեր արցունքներին. միայն լացել պետք է իմանանք, աղոթքներով, պաղատանքներով, սրտի հառաչանքներով և աչքի արտասուքով Տիրոջից պետք է հայցենք, որ մեր հոգուն խաղաղություն տա և մեր մեղքերին թողություն: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

02.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․