- Հա՛յր, անպարկեշտ վարվեցողությունը որտեղի՞ց է գալիս:
- Փարիզից*… Անպարկեշտ վարվեցողությունն անամոթություն է: Այն հեռու է վանում Աստծո երկյուղն այն ծխի պես, որ մեղուներին ենք տալիս, որպեսզի փեթակից դուրս թռչեն:
- Հա՜յր, իսկ անպարկեշտ վարվեցողությունից ինչպե՞ս կարելի է խուսափել:
- Քեզ բոլորից ցածր համարիր: Մեծ խոնարհություն է անհրաժեշտ: Դու՝ որպես կրտսեր, հարգանք և ակնածանք ունեցիր բոլոր քույրերի հանդեպ: Խոնարհությամբ ասա միտքդ, այլ ոչ թե ամենագետ ձևացիր: Այդժամ Աստված քեզ Իր շնորհը կտա, և դու կառաջադիմես: Անպարկեշտ վարվեցողությունը միաբանի ոխերիմ թշնամին է, որովհետև այն հեռու է վանում ակնածանքը: Անպարկեշտ վարվեցողությանը սովորաբար հետևում է անհնազանդությունը, այնուհետև՝ անտարբերությունը նախ փոքր մեղքերի նկատմամբ, որոնց մարդն աստիճանաբար սովորում է և սկսում բնական համարել դրանք: Բայց հոգու խորքում հանգիստ չկա, միմիայն տագնապ է: Եվ մարդը չի էլ կարողանում հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում, որովհետև սիրտն արտաքուստ «ճարպոտում է» և նա արդեն չի զգում, որ ձեռքից գնացել է:
- Հա՛յր, իսկ անպարկեշտ վարվեցողության և պարզության միջև ի՞նչ կապ կա:
- Պարզությունը մի բան է, անպարկեշտ վարվեցողությունը՝ մեկ այլ բան: Պարզության մեջ և՛ ակնածանք կա, և՛ մանկական ինչ-որ բան: Անպարկեշտ վարվեցողության մեջ անպատկառություն կա:
Անամոթությունը հաճախ կարող է նաև շիտակության մեջ թաքնվել: Եթե մարդն անուշադիր է, ապա նրա շիտակության և պարզության մեջ հաճախ անամոթություն է թաքնվում: «Ես շիտակ բնավորություն ունեմ» կամ «ես պարզ մարդ եմ»,- ինքն էլ չհասկանալով, ասում է անամոթությամբ: Սակայն պարզությունը մի բան է, իսկ անամոթությունը՝ բոլորովին այլ:
- Հա՜յր, իսկ հոգևոր համեստությունն ի՞նչ է:
- Հոգևոր համեստությունն Աստծո երկյուղն է՝ այդ բառի լավ իմաստով: Այդ երկյուղը, այդ կաշկանդվածությունը մարդուն ուրախություն են բերում, դրանք մեղր են բխեցնում նրա սրտում: Հոգևոր մեղր: Որևէ ամոթխած տղայի նայիր. նա հարգում է իր հորը, իրեն պատշաճորեն է պահում և մեծ համեստության պատճառով նույնիսկ չի համարձակվում նրան նայել: Երբ որևէ բան է ուզում հարցնել նրանից՝ կարմրում է: Նման փոքրիկին կարելի է միանգամից պատկերակալի մեջ դնել: Իսկ մեկ այլ երեխա մտածում է. «Բայց նա ընդամենը իմ հայրն է», և անպարկեշտորեն, լկտիաբար փռվում է նրա առջև: Իսկ երբ նրան որևէ բան է պետք, ապա պահանջում է, որ անհապաղ անեն իր համար, ոտքերը հատակին է խբում, սպառնում է:
Լավ ընտանիքում երեխաներն իրենց ազատ են պահում: Նման ընտանիքում ծնողների հանդեպ հարգանք կա, իսկ զորանոցի կարգապահություն և անխոս հնազանդություն չկա: Երեխաներն ուրախանում են հորն ու մորը նայելով, իսկ նրանք երեխաներին նայելով են ուրախանում: «Սերն ամոթ չգիտի»,- ասում է Աբբա Իսահակը**: Սիրո մեջ բառիս լավ իմաստով հանդգնություն կա: Նման սիրո մեջ ակնածանք կա, ուրիշների հանդեպ հարգանք, այսինքն այն հաղթում է վախը: Ինչ-որ մեկը համեստություն ունի, անվճռականություն, բայց միևնույն ժամանակ՝ վախ, որովհետև իսկական համեստություն չունի: Իսկ ուրիշ մեկը համեստություն ունի, բայց վախ չունի, որովհետև նրա համեստությունն իսկական է, հոգևոր: Երբ համեստությունը հոգևոր է՝ մարդն ուրախություն է զգում: Օրինակ՝ փոքր երեխան իր հորն ու մորը հանդգնությամբ է սիրում, չի վախենում, որ նրանք կշըրըպպացնեն իրեն: Նրա հայրը կարող է նույնիսկ սպա լինել, իսկ նա վերցնում է նրա գլխարկը, նետում այն և ուրախանում: Նրա մեջ բարի պարզություն կա, անամոթություն չկա: Եկեք սահման դնենք պարզության և անամոթության միջև: Եթե հարգանքը, համեստությունը վերանա, ապա մենք անպարկեշտ վարվեցողության, անամոթության կհասնենք: Իսկ հետո կարելի է լսել, թե աղջիկն ինչպես է պառկել անկողնու վրա և կարգադրություններ է անում. «Մայրի՛կ, մի բաժակ ջուր բեր ինձ: Եվ որպեսզի այն սառը լինի… Թո՜ւհ, տաք է… Ես քեզ ասացի «սառը»»: Սկսում են դրանից և հետո հասնում են այնտեղ, որ հարցնում են. «Իսկ կինն ինչո՞ւ պետք է ամուսնուց վախենա» (հմմտ. Եփես. 5:33): Սակայն վախի մեջ հարգանք կա, իսկ հարգանքի մեջ՝ սեր: Եթե ես ինչ-որ բան հարգում եմ, մեծարում, ապա արդեն նաև սիրում եմ դա, և այն, ինչ սիրում եմ՝ հարգում եմ: Կինը պետք է հարգանք ունենա ամուսնու նկատմամբ: Ամուսինը պետք է սիրի կնոջը: Սակայն այսօր մարդիկ Ավետարանը թարս ու շիտակ են մեկնաբանում և այդ պատճառով էլ ամեն ինչ հավասարեցնում են, իսկ դրանից հետո ընտանիքները քայքայվում են: «Կինը պետք է հնազանդ լինի»,- ասում է ամուսինը: Բայց եթե դու սեր չունես, ապա նույնիսկ կատվին չես կարող ստիպել, որ հնազանդ լինի քեզ: Եթե սեր չունես, ապա մարդը անտեղյակ է մնում, և դու չես կարող խնդրել նրան, որ նույնիսկ մի բաժակ ջուր բերի քեզ: Մերձավորին հարգելով՝ մարդն ինքն իրեն է հարգում, բայց միևնույն ժամանակ իրեն հաշվի չի առնում: Ուրիշներին հարգելու մեջ պատվախնդրություն կա, իսկ եթե մարդն ինքն իր մասին է հոգ տանում, ապա դրանում պատվախնդրություն չկա:
* Ծերը հրաշալի բառախաղ է օգտագործում "παρρησία" - անպարկեշտ վարվեցողություն, հանդգնություն, և Παρίσι - Փարիզ՝ հունարենի տառադարձության մեջ:
** Տե՜ս՝ Творения иже во святых отца нашего Аввы Исаака Сириянина. Слова подвижнические. Сергиев Посад, 1911. С. 528.
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի