28 Նոյեմբեր, Եշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս սոց ծրագրերին՝ առաջարկելով իրենց օգնությունը: Այդ անդամներից է սիրիահայ Զեփյուռ Քահվեջյանը, ում նվիրատվությամբ և մասնակցությամբ Տեր Գրիգորը դեկտեմբերի 10-ին այցելեց առավել կարիքի մեջ գտնվող բազմազավակ ընտանիքներից մեկին: Սա երրորդ այցն էր այս ընտանիք:
«Մեծ ուրախություն եմ ապրում, երբ իմ կարողության չափով ուրախություն եմ պատճառում որևէ մեկի»,- ասաց տիկին Զեփյուռը:
Ընտանիքը և առավել ևս փոքրիկ անդամներն ուրախությամբ և ոգևորությամբ դիմավորեցին սպասելի հյուրերին: Նրանց ձմեռային հագուստի փաթեթներ, երկարաճիտք կոշիկներ հանձնելուց հետո, Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և զրուցեց նրանց հետ: Նյութական և հոգևոր աջակցությանը զուգահեռ Տեր Գրիգորը հաջորդ կարևոր քայլը համարում է բազմազավակ ընտանիքի հինգ զավակների մկրտությունը:
Ընտանիքի մայրը հերթական անգամ իր գոհունակությունը հայտնեց Տեր Հորը: Նրանց ուրախացրել էր ոչ միայն նյութական օգնությունը, այլ այն սերն ու ուշադրությունը, որ ցուցաբերում են իրենց նկատմամբ:
Հոգին ուրախություն է ապրում, հոգեպես հարստանում և դառնում է երկնային երանության արտացոլանքը, երբ ընտրում է գթասրտության ուղին: Իսկ թե ինչ զորավոր է այդ ուղին, նկարագրում է Սբ. Հովհան Ոսկեբերանը՝ այն պատրաստում է հավիտենական կյանք, փախցնում է մահվան ճիրաններից, փառավորում է թե՛ այս և թե՛ այն կյանքում՝ երկնքում պատրաստելով հավիտենական կացարաններ:
Կարինե Սուգիկյան