20 Մայիս, Գշ, Հինանց ԼԱ օր
Ողջ աշխարհում՝
Մահ ու արյուն,
Իսկ գարո՜ւն էր…
Արնակոլոլ հազա՜ր սրտեր,
Իսկ գարո՜ւն էր…
(Պ. Սևակ)
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Այսօր մեզ Մայր եկեղեցում միախմբող առիթը, ցավոք, ուրախալի չէ։ Այսօր՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, մեզ եկեղեցի բերողը մեր ազգային գիտակցումը, մեր ազգային հիշողությունն է, որ այսքան տարիներ հետո էլ եկեղեցու զանգի պես տագնապալի ղողանջում է մեր հոգում վտանգի պահին։ Այսօր ամեն արժանապատիվ հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, կյանքի ինչ իրավիճակում էլ հայտնված լինի, մի ներքին ուժով հավաքվում, զգաստանում է ներքուստ, հայացքը հառում Ծիծեռնակաբերդի բարձունքին ու անկոտրում կամքով հայտարարում թշնամուն, որ ի հեճուկս կյանքի հարվածների, հայը միշտ ողջ է իր պաշտած Աստծու պես և պիտի հարատևի իր սրբազան հողի վրա։
Ապրիլի 24-ը մեր ազգային դառնությունների, մեր ազգային վշտի, մեր ստացած դասերի հավաքական օրն է, սիրելինե՛ր։ Մեղքից խեղված, չարից կառավարվող աշխարհը խաչեց իր Փրկչին և զարմանալի չէ, որ պիտի նույն վերաբերմունքին արժանացներ նաև Խաչյալին սիրողներին։ Միաստվածություն պաշտող Հայկի սերունդները հոգով ճանաչում էին Միակ ու Ճշմարիտ Աստծուն, հայոց հողը պահպանում էր Արդար Նոյի ոտնահետքերը, Հայոց աշխարհի վրա ծագող լույսն է՛լ ավելի էր պայծառացել Տիրոջ առաքյալների բերած ավետարանական լույսից, ուստի թշնամին մռնչում էր ու կրճտացնում ատամները (հմմտ. Ա Պետ. 5։8)՝ կամենալով ոչնչացնել Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգին։ Չորրորդ-հինգերորդ դարերից սկսած մինչև այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ենթարկվում են ամենատարբեր ասպատակությունների ու նեղությունների։ Աշխարհի ժողովուրդների մեջ մենք ասես Հոբ Երանելին լինենք. անդադար ենթարկվում ենք չարի փորձություններին, ցավալի կորուստներ գրանցում, բայց չենք մեռնում, քանի որ ունենք Աստծու պաշտպանությունն ու Ավետարանի հոգևոր սպառազինությունը, և վստահ եմ, որ ի վերջո, Հոբի նման էլ մեծամեծ օրհնությունների ենք արժանանալու մեր տոկունության ու հավատարմության դիմաց։
1915 թվականի սև գարնանը բանսարկուն իր ամենակատաղի հարձակումը կատարեց Քրիստոսակիր ժողովրդի վրա իր հպատակ թուրք ելուզակների միջոցով։ Հայրերը գլխատվեցին, զավակները սրախողխող եղան իրենց մոր արգանդում, երիտասարդ հարս ու դեռատի աղջիկ անարգվեցին ու խաչ բարձրացան։ Հետագայում Պարույր Սևակը կգրի.
Մի ո՜ղջ ժողովուրդ մեկ-մեկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել...
Այո՛, հայը կոտորվեց իր սեփական հողի վրա։ Ով էլ կարողացավ ողջ մնալ, դարձավ փախստական ու հողի կարոտը սրտում, բախտ որոնեց օտար ափերում։ Հայը արմատախիլ արվեց իրեն սնող հողից, բայց ապրեց։ Ապրեց՝ երկինք նայելով։ Ապրեց՝ Փրկչի խոսքը սրտում. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10։28)։ Հայն ապրեց՝ Լեռան քարոզը սրտում. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև Երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. 5։11, 12): Այո՛, մեր նախնիները դաժանաբար հալածվեցին ու սոսկալի մահվան արժանացան մարգարեների, մարտիրոսների ու առաքյալների նման և այսօր, երբ Հայ եկեղեցին էլ սրբադասել է նրանց, մենք աղոթում ենք ու հավատում, որ նրանք ստացել են իրենց պսակները Տիրոջից և գտել են իրենց հոգու երանավետ հանգստությունը Աստծու Արքայության օթևաններում։
Այսօր արդեն 21-րդ դարն է։ Հարյուր տարուց ավելի է անցել հայոց ցեղասպանությունից, սակայն ո՛չ հոգևոր, ո՛չ մարմնավոր թշնամիները չեն փոխվել։ Բանսարկուն է՛լ ավելի սանձարձակ է գործում աշխարհում՝ օգտագործելով ամեն ոլորտ, որպեսզի ավելի ու ավելի շատ հոգիներ տանի կործանման։ Դիվահար ու դիվապաշտ ազգերն ու պետություններն էլ, չհագենալով արյան ծարավից, նորանոր զոհեր են դնում իրենց տիրոջ զոհասեղանին։ Համացանցում տեսանյութեր կան, որտեղ թուրք ու ադրբեջանցի անգամ կանայք ու պատանիները չեն թաքցնում, որ այսօր էլ ծարավ են հայի Քրիստոսաբույր արյան։ Մենք անընդհատ տրվում ենք ինքնախաբեության և սիրում ենք աշխարհը «քաղաքակիրթ» կոչել՝ մոռանալով, որ իրական, ճշմարիտ առաքինությունները շնորհվում են միայն Աստծու կողմից, և շնորհվում են նրանց, ովքեր ճանաչում, սիրում ու ձգտում են Քրիստոսին։ Եվ մարդ կոչեցյալն էլ երբեք չի փոխվում, եթե չի գիտակցում իր մեղավոր լինելը, չի զղջում և չի դիմում Աստծուն՝ օգնության խնդրանքով։ Ուստի հարկավոր է միշտ զգոն լինել, սիրելինե՛ր, արթուն պահել մեր ազգային գիտակցությունը, որպեսզի երբևէ չխաբվենք ու չպարտվենք թշնամուց։ Միշտ վառ պահենք մեր հոգում սուրբ Պետրոս առաքյալի կոչը. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա: Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ. իմացե՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները» (Ա Պետ. 5։8, 9):
Քանի դեռ թշնամին չի գիտակցել իր գործած սարսափելի ոճիրը և պատասխանատվություն չի ստանձնել դրա համար, քանի դեռ ներում չի հայցել միլիոն ու կես անմեղ զոհերի ժառանգներից, մենք անհոգության տրվելու իրավունք չունենք։ Մեր նահատակված նախնիների չծնված զավակների, չիրականացած երազանքների ու բոլոր դառնալի կորուստների հատուցման պահանջատերը մենք ենք՝ այսօր ապրողներս, և պիտի հետևողական լինենք, որպեսզի թույլ չտանք, որ վաղը մեր զավակները ստիպված լինեն կանգնել արդեն իսկ նոր կորուստների առջև։
Մենք ժառանգներն ենք իր սեփական հողում մահասարսուռ ոճրագործություն վերապրած մի ազգի, որն անգամ մահվան ճիրաններում չդավաճանեց իր հավատն ու Եկեղեցին։ Մեր պապերը պատրաստակամությամբ զոհեցին իրենց մարմինը, որպեսզի փրկեն հոգին։ Նրանք իրենց հեղված արյամբ դավանեցին Քրիստոսին, և այսօր մենք էլ պատվիրան ունենք մեր նախնիներից հավատարմորեն հետևելու մեր Փրկչին, անսալու Նրա հայրական խոսքին և մեր ճանապարհին պատահած փորձությունները հաղթահարելու՝ Տիրոջն ապավինելով։ Թող մեր սուրբ հավատի բոցավառ հուրը հեռու վանի գառան մորթի հագած թշնամուն և՛ մեզնից, և՛ մեր սրբազան հայրենիքից։ Տեր Հիսուս Քրիստոս, որ մեկընդմիշտ հաղթեց մեղքին ու մահվանը, թող պահապան ու առաջնորդ լինի հայ ազգիս ու Հայաստան աշխարհիս, և Նրա օրհնությամբ ու գլխավորությամբ մենք էլ պատվով անցնենք մեզ բաժին հասած երկրային ճանապարհն ու հասնենք Աստծու Արքայությանը։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամեն։
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան