25 Նոյեմբեր, Բշ
Քրիստոնեական հնագույն ավանդույթներից է ուխտագնացությունը, որ հայ քրիստոնյայի կյանքի անբաժան ու կարևոր մասն է կազմել ու կազմում: Դեպի սրբավայր տանող ուխտի ճանապարհներն ուխտավորի համար աղոթքի, խոկման և Տիրոջը փառաբանելու ճանապարհներ են:
Հոկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբավայրեր: Մինչ մեկնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում փառաբանեցին Տիրոջը Գիշերային կարգի աղոթքներով՝ հնչեցնելով այն սաղմոսը, որ Գիշերային ժամերգության կորիզն է համարվում. «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմ. 50:17):
Աղոթքի ուղին ուխտավորներին նախ առաջնորդեց Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի (7-րդ դ.), որտեղ ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին Հայ եկեղեցու, Հայաստան ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Ապա նրանք ուղևորվեցին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի՝ այցելելով քաղաքի Վարդանանց հրապարակը զարդարող Յոթ վերք և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներ: Ուխտավորները 19-րդ դարում կառուցված Յոթ Վերք եկեղեցում, որ հայտնի է նաև Ս. Աստվածածին անունով, Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև՝ ի պատիվ որի եկեղեցին վերանվանվել է Յոթ Վերք: Այնուհետև կրկին համախմբվեցին միասնական աղոթքով Ս. Ամենափրկիչ եկեղեցում (1873 թ.), որ կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ:
Մինչ հաջորդ սրբավայր մեկնելը ուխտավորները սիրո ճաշ ունեցան, որի ավարտին Տեր Գրիգորը զրուցեց Քրիստոսի լույսը հոգում ունենալու և նրանով ապրելու կարևորության մասին՝ որպես ոգեշնչման աղբյուր օրինակ բերելով սրբերին, որոնք որպես Աստծու նվիրյալ ջահակիրներ, իրենց կյանքը նվիրել են իրենց վստահված լույսի պահպանմանն ու տարածմանը. «Քրիստոսի լույսն իր ողջ շնորհով և իր ողջ ուժով սկսում է գործել այն մարդու հոգում, ով փնտրում է այդ լույսը, փափագում դրա ջերմությունը, ողջ էությամբ ձգվում դեպի այն, և ապաշխարությամբ մաքրում է իր սիրտը մեղքերից՝ տեղ պատրաստելով աստվածային անապական լույսի համար: Սա Աստծու հատուկ ողորմածությունն է մեզ՝ մեղավորներիս, որ ապրում ենք խավարով լի աշխարհում: Բարեխնամ Հայրը չի դադարում հոգալ Իր զավակների փրկության համար և այս սքանչելի հնարավորությունն է պարգևել մեզ՝ մեր կյանքի ուղին կերտելու աստվածային լույսի ներքո: Սա անասելի մեծ պատիվ, կոչում և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է մեզ համար, որը ստիպում է մեզ արթնանալ հոգևոր նիրհից և գործի անցնել, քանի որ Քրիստոսի փրկչական լույսը չենք ստացել, որ թաքցնենք, պահենք կամ էլ Աստված մի արասցե՝ կորցնենք: Այլ ստացել ենք այն մեծագույն ակնածանքով և հոգատարությամբ վառ պահելու և մեր նմաններին էլ լուսավորելու համար»:
Օրհնաբեր օրվա վերջին սրբավայրը, որ այցելեցին ուխտավորները, Մարմաշենի վանքն էր (10-րդ դ.), որ գտնվում է Վահրամաբերդ գյուղից երկու կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Իրենց միասնական աղոթքում ուխտավորները դիմեցին օրվա հիշատակելի՝ Ս. Հովհան Ոսկեբերանի բարեխոսությանը՝ Տիրոջ ողորմածությունը հայցելով: Ուխտավորների սրտաբուխ աղոթքը միախառնվեց այն աղոթքներին, որ հնչել են միջնադարյան վանքի սուրբ հարկից ներս բազում տարիներ:
«Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է: Հաճախեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեք: Նաև տանը աղոթեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ աղոթեք և օգուտ կստանանք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի Արքայության կարժանանաք»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան