12 Հոկտեմբեր, Շբ
Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, իրավաբան, աստվածաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ:
Ինչպե՞ս ձևավորվեց հավատքի Ձեր ուղին:
Անշուշտ, առաջին սերմերը դրվել են ծնողներիս կողմից։ Փոքր տարիքում շատ բան չէի գիտակցում, բայց գիտեի, որ դա է ճիշտը... ավելի հասուն տարիքում Կաթողիկե եկեղեցու նախկին հոգևոր սպասավոր Տեր Ավետիսը մի օր ինձ հրավիրեց մասնակցելու եկեղեցում անցկացվող դասընթացների, ապա առաջարկեց խորան բարձրանալ։ Սա այն առիթն էր, երբ պետք էր հոգևոր գիտելիքը ավելացնել։ Երբ արդեն եկեղեցին դարձավ հարազատ միջավայր, իսկ աստվածաբանական տեքստերն ավելի ընկալելի, դիմեցի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ և վեց տարի այնտեղ ուսանեցի։
Մի ամբողջ աշխարհ պարունակող «Ծանիր զքեզ» կոչը ի՞նչ ձևաչափով է Ձեր կյանքում իրագործվում:
Դա ամենօրյա աշխատանք է, երբ ճիգ ես գործադրում ճանաչելու աշխարհը, այդ ճանապարհին գիտակցում ես, որ ինքդ քեզ էլ լավ չես ճանաչում։ Եվ ինքնաբացահայտումը զարմացնող երևույթ է դառնում։ Կարևոր է, որ այդ ճանապարհին անձը խոնարհվի, հակառակ դեպքում ինքն իրեն ամենագետ համարողը ոչ մի նոր բան բացահայտելու առիթ էլ չի ունենա։
Ի՞նչ դեր ունի Ձեզ համար Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածինը, որի համայնքի անդամն եք երկար տարիներ:
Հարազատ միջավայր։ Երևանի հետ ասոցացվող ամենազգայուն կետերից մեկը։ Ես այդտեղ եմ մկրտվել, պսակադրվել։ Կարևոր կետ է ինձ համար թե՛ մշակութային, թե՛ հոգևոր և թե՛ հոգեբանական առումներով։
Առողջ հասարակության հիմքը առողջ ընտանիքն է: Ի՞նչ ասել է առողջ ընտանիք:
Որտեղ կա սեր և հոգևոր-ազգային արժեքներով համեմված սահմաններ, որոնց խախտելը ցանկալի չէ։
Խորհրդավոր, գունեղ, հեքիաթային և միաժամանակ իրական աշխարհ է մուտք գործում նա, ով հաղորդակցվում է մասնիկներով կյանքի կոչված Ձեր յուրահատուկ արվեստին: Հոգևոր ի՞նչ ակնկալիք ունեն Ձեր մասնիկապատումները:
Դա իմ ներքին աշխարհն է։ Երբ ինչ-որ շրջանում շատ եմ շփվում հոգևորի հետ, այն անպայման արտահայտվում է իմ արվեստում։ Ի դեպ, աստվածաշնչյան թեմաներով իմ գործերը բավականին մեծ թիվ են կազմում։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ձեր մաղթանքը մեր կայքի ընթերցողներին:
Մաղթում եմ ամենքիս խաղաղություն, և Տիրոջ լույսը թող ներթափանցի բոլոր հավատավոր և անհավատ մադոց սրտերի մեջ։
Զրուցեց Կարինե Սուգիկյանը