Առաքելություն, որին կոչված են Քրիստոսի Մարմնի անդամները

Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց օգնելով,  քայլ առ քայլ Աստծուն մոտենում: Համայնքն իր գործունեությամբ առաջնորդվում է Աստծու և մերձավորի հանդեպ սիրո գլխավոր պատվիրաններով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ կյանքի կոչեց իր սիրո ծառայությունը՝ աջակցելով Արցախից բռնահանված մի ընտանիքի: Նոյեմբերի 8-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում,  Արցախից բռնի տեղահանված  Դադայան Վազգենին (27 տ.) փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր եկեղեցու համայնքը: Վազգենն իր կնոջ, զավակի, ծնողների, եղբոր, տատիկի ու պապիկի հետ բռնի տեղահանվել է Մարտունու շրջանի Գիշի գյուղից: Վազգենի եղբայրը մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Բազմանդամ ընտանիքն այժմ բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշ փ. 17/2 հասցեում:

«Անչափելի է սիրո ուժը։ Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա չկա ավելի թանկ բան, քան սերը: Նա է առաքինությունների գլուխը, օրենքի լրումը: Սերն երկնքից երկիր իջեցրեց Աստվածորդուն, կործանեց մահը, դժոխքն ավերեց, Ադամին հետ կանչեց, դրախտի դռները բացեց և Երկնքի Արքայության խոստումը տվեց: Այն իմաստուն դարձրեց ձկնորսներին, զորացրեց նահատակներին, անապատները վերածեց կացարանների, այն սաղմոսացությամբ լցրեց սարերն ու որջերը, սովորեցրեց ամուսիններին քայլել նեղ ու դժվարին ճանապարհով»,- ասել է սբ. Եփրեմ Ասորին:

 

Կարինե Սուգիկյան

08.11.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․