23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 18-ին՝ երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումներից մեկը: Հանդիպման ձևաչափն այս անգամ մի փոքր այլ էր՝ դասախոսության վայր էր ընտրվել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Բանախոս ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը խոսեց վերջին տարիների ընթացքում Հայաստանում կատարվող պեղումների ու դրանց արդյունքների մասին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Վահան քահանա Առաքելյանը հանդիպումը սկսեց Տերունական աղոթքով, ապա ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները և ներկայացրեց ծրագիրը: «Ծիրանի մշակութային հանգոյց» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը խոսեց թեմայի ընտրության շարժառիթների, հայ մշակույթում հնագիտության դերի և կարևորության մասին:
Պավել Ավետիսյանը պատմական ակնարկ կատարեց, ապա Ակնաշենի, Արենիի, Մոխրաբլուրների օրինակով խոսեց ներկայում կատարվող աշխատանքների մասին: Նրա վկայությամբ՝ Հայաստանում վերջին մի քանի տարիներին կատարված պեղումները ցույց են տալիս, որ հնագիտական դաշտային հետազոտությունները վերելք են ապրում: Միայն 2014թ. պեղումների և դաշտային հետազոտությունների համար 60-ից ավելի թույլտվություն է տրվել: «Նույնիսկ շատ մեծ երկրներում այդ քանակությամբ հետազոտություններ հազվադեպ են լինում: Տասնյակ հուշարձաններ ամեն տարի պեղվում և ուսումնասիրվում են: «Արենի 1» հնավայրի պեղումներով, օրինակ, բացվել է գինու արտադրության համալիր: Մինչ օրս արված հետազոտություններն արձանագրել են, որ այս հնձանն աշխարհում ամենահինն է: Այն թվագրվում է Ք.ա. 5-4-րդ հազարամյակներին: Աշխարհում մյուս ամենահին հնձանը, որ հնագիտական նորմերով հայտնաբերվել, ուսումնասիրվել ու արձանագրվել է, Եգիպտոսում է և 2000 տարով փոքր է»,- ասաց հնագետը:
Քննարկման ավարտին հանդիսատեսները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին:
Հանդիպումն ամփոփվեց Պահպանիչ աղոթքով:
«Արարատյան քննարկումներ» ծրագիրը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ համատեղ իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգոյց ՀԿ-ն: Նպատակն է երիտասարդներին փոխանցել հայոց մշակույթին ու պատմությանը վերաբերող գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի ամուր կանգնել ազգային հիմքի վրա:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին