11 Նոյեմբեր, Բշ
Տասներկուամյա աղջնակը փափագում էր մի գեղեցիկ, թանկարժեք արձանիկ գնել, սակայն բավարար գումար չուներ, քանի որ ապրում էր չքավոր ընտանիքում: Խնդրում է Աստծուն օգնել, բայց այդպես էլ սպասված օգնությունը չի ստանում: Եվ երկար ժամանակ անց, առավոտյան դպրոց գնալիս, մի ծերունի է մոտենում և ասում. - Մշտապես նկատել եմ, թե ինչպես ես ամեն անգամ իմ խանութը մտել և ցանկացել արձանիկը գնել, սակայն գումար չես ունեցել: Որոշեցի այն նվիրել քեզ:
Աղջիկը շատ է ուրախանում և պատասխանում.
- Թեև Աստծուն շատ էի աղոթում, բայց այլևս չէի սպասում, որ այդ արձանիկը կունենամ:
Ծերունին շարունակում է.
- Աստված նայեց և տեսավ, որ այս արձանիկն այլևս նպատակ չես համարում քո սրտում, այլ միջոց է գրասեղանդ զարդարելու համար: Եվ այդժամ ինձ ուղարկեց, որպեսզի այն փոխանցեմ քեզ:
Երբ միջոցները դառնում են նպատակ, թեև մարդը շատ անգամ չի նայում իր սրտին և դա նկատում, Աստծուց սպասված աջակցությունն ուշանում է կամ էլ` չի իրականանում, քանի որ Աստծո փոխարեն սրտում բնակվող այդ նպատակը հետագայում հաճախ կուռքի է վերածվում...
Հովհաննես Մանուկյան