Արիության և համբերության մասին

Մի եղբայր խորհուրդները գործադրելու պայքարի մեջ էր, և այն պատմեց հայր Իլակրեին: Իսկ ծերը, կամենալով ամրապնդել նրան, ասաց. «Ոմն կրոնավոր Սկիտեում մի շատ հնազանդ աշակերտ ուներ, որը, նրա մոտ բազում տարիներ ապրելով և ինքն իր մեջ պա­տերազմ ունենալով, ասաց ծերին. «Ինձ մենակյա՛ց դարձրու, հա՛յր, անապատի մի որևէ խոր տեղում»: Ծերն ասաց. «Գնա՛ քեզ համար տեղ փնտրիր, ուր հաճելի կթվա քեզ, և այնտեղ սենյակ կշինենք քեզ համար»: Եվ աշակերտը փնտրելով մի տեղ գտավ՝ ծերի սենյակից մեկ մղոն հեռու, և միասին գնալով այնտեղ՝ սենյակ շինեցին: Ծերն ասաց աշակերտին. «Ինչ պատվիրեմ քեզ, կատարի՛ր. երբ քաղցես՝ կուտես, երբ ծարավես՝ կխմես, երբ քունդ գա՝ կննջես, միայն թե քո սենյակից դուրս չգաս՝ մինչև շաբաթ, ապա դուրս կելնես սենյակից և կգաս ինձ մոտ»: Երկու օր եղբայրն արեց այնպես, ինչպես պատվիրել էր ծե­րը: Սակայն երրորդ օրը ձանձրացավ և իր մտքում ասաց. «Այս ի՞նչ արեց ինձ հետ ծերը»: Եվ վեր կենալով սկսեց ավելի շատ սաղմոսել, ապա արևը մայր մտնելուց հետո ճաշակեց և գնաց դեպի մահիճը, որ ննջի, և իր մահճում տեսավ ընկողմանած մի սև հնդիկի, որ ատամներն էր կրճտացնում իր վրա: Եվ նրա ահից գլխապատառ փախավ ու եկավ ծերի մոտ, բախեց դռներն ու ասաց. «Հա՛յր, ողորմի՛ր ինձ և բա՛ց քո դուռը»: Իսկ հայրը հասկացավ, որ չպահեց իր պատվիրան­ները: Ուստի չբացեց դուռը նրա առջև մինչ առավոտ: Առավոտյան բացելով՝ տեսավ, որ դրսում կուչ եկած՝ լալիս էր ու աղաչում: Գթաց նրան հայրը և տարավ սենյակ: Եղբայրն ասաց. «Սև հնդիկ տեսա իմ մահճում, երբ կամենում էի ննջել»: Ծերը նրան ասաց. «Դա քեզ հետ պատահեց, որովհետև չպահեցիր իմ խոսքը»: Այնժամ նրա վրա ապաշխարության կարգ սահմանեց` նրա կարողության չափով. և այդ աշակերտը ընտիր կրոնավոր դարձավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․