25 Նոյեմբեր, Բշ
«Եթե բնակվելու լինես միաբան եղբայրների հետ,– ասաց հայր Սիսոն,– տեղդ մի՛ փոխիր, որովհետև եթե փոխես, խիստ կվնասվես, ինչպես, թռչունը, որ եթե թողնի խակ ձվերը, դրանցից ձագեր չի հանի: Նույնպես և ծերը՝ տեղ փոփոխելուց կցամաքի հավատից և ուխտից: Բազում են թշնամու որոգայթները. եթե չկարողացավ աղքատությամբ որսալ հոգին, հարստության ցանցերն է դնում նրա առջև. եթե անարգությամբ ու պատկառանքով չկարողանա սայթաքեցնել, գովեստներն ու փառքն է դնում որոգայթ. եթե հաջողություններից չհաղթվի, ցավեր ու հիվանդություններ է բերում. իսկ եթե որկրամոլությամբ չկարողանա բռնել, սնափառ պահքերով կորսա հոգին և վրան կթափի ցավեր ու հիվանդություններ, սով ու ծարավ, որպեսզի հոգին դատարկի Աստծո սիրուց: Ուրեմն, եթե մեղավոր լինես, և այս ամենը պատահի քեզ, հիշի՛ր ահռելի տանջանքներն ու անաչառ դատավորին, երբեք մի՛ հուսահատվիր, այլ ցնծա՛, որ այստեղ Աստված կամեցավ ջնջել քո մեղքերի սպիները, և սաղմոսի՛ր. «Խրատելով պատժեց ինձ Տերը, սակայն չմատնեց մահվան» (Սաղմ. ՃԺԷ 18), երկաթ լինելով` հրով սրբի՛ր դու քո ժանգը: Իսկ եթե արդար լինես, և ինչինչ ցավեր պատահեն քեզ, մեծամեծ և գերագույն բարիքների կհասնես: Ոսկի լինելով՝ ինքդ հալածիչների հրով կմաքրես այն աղտերից. թեկուզ և մարմնիդ հարվածի սատանայի հրեշտակը, ուրա՛խ եղիր, որովհետև Պողոսի վիճակին դու հասար (Բ Կորնթ. ԺԲ 7): Եվ որովհետև հրով փորձվեցիր և փորձանքներով մաքրվեցիր` ըստ գրվածի. «Անցանք մենք հրի և ջրի միջով, և քո հանգստի մեջ հանեցիր մեզ» (Սաղմ. ԿԵ, 12), ու թե առաջինի մեջ եղար, կմնաս նաև երկրորդի մեջ: Սակայն դու առաքինությո՛ւն գործիր, և ողորմություն կգտնես, ինչպես և գրված է. «Աղքատ և տնանկ մարդ եմ ես» (Սաղմ. ԼԹ 18, ԿԹ 6), որպեսզի կրկնապատիկ վշտերի դիմաց նաև կրկնապատիկ հատուցում ստանաս Քրիստոսի շնորհներով»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016