23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ հայր Մակար Սկյութացին գնում էր Տերենութ և ճանապարհին մտավ մի այր՝ ննջելու: Այնտեղ հեթանոս մեռելների հին մարմիններ կային, և վերցնելով դրանցից մի չոր գանգ` դրեց գլխատակին՝ որպես սնար, որպեսզի մի փոքր հանգստանա: Իսկ դևերը, տեսնելով նրա քաջությունը, նախանձեցին և կամեցան նրան զարհուրեցնել: Կանչում էին գանգին կնոջ անունով և ասում. «Կի՛ն դու այսինչ, ե՛կ մեզ հետ բաղնիք»: Իսկ մեկ այլ դև գլխի միջից պատասխան տվեց և ասաց. «Օտարական կա ինձ վրա, չեմ կարող գալ»: Իսկ ծերը չզարհուրեց, այլ համարձակ խփեց նրան և ասաց. «Արի գնա՛ դեպի խավարը, եթե կարող ես»: Եվ այս լսելով` դևերը բարձր ձայնով աղաղակեցին և ասացին. «Հաղթեցիր մեզ»: Եվ փախան ամոթահար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016