Աշխարհիկ ցանկությունները

Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր չեն սանձահարում իրենց սիրտը, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնում, որպեսզի այն հոգու հետ միասին տան Աստծուն:

- Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է:

- Ոչ, սրտի ցանկությունն ինքն իրենով չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսական չեն, բայց սիրտը գրավելով՝ նվազեցնում են Քրիստոսի հանդեպ տածած սերը: Եվ այդպիսի անմեղ ցանկությունն էլ չար է դառնում, որովհետև դրա միջոցով թշնամին խանգարում է Քրիստոսի նկատմամբ ունեցած իմ սիրուն: Եթե ուզում եմ ինչ-որ օգտակար բան ունենալ, օրինակ՝ գիրք, և այդ օգտակար իրը գերում է սրտիս մի մասը, ապա այդպիսի ցանկությունը բարի չէ: Գիրքն ինչո՞ւ պետք է գերի իմ սիրտը: Ո՞րն է ավելի լավ՝ գիրք ցանկանա՞լ, թե՞ Քրիստոսին փափագել: Մարդկային յուրաքանչյուր ցանկություն, որքան էլ, որ այն լավը թվա, ավելի ցած է Քրիստոսին կամ սուրբ Աստվածածնին փափագելուց: Մի՞թե Աստված Իրեն լիովին ինձ չի տա, եթե ես Նրան իմ սիրտը տամ: Աստված մարդու սիրտն է փնտրում: «Տո՛ւր ինձ, որդյա՛կ, քո սիրտը» (Առակ. 23:26): Եվ եթե մարդ իր սիրտը Նրան է տալիս, ապա Աստված մարդուն տալիս է այն, ինչ նրա սիրտն է սիրում, եթե իհարկե դա նրան վնաս չի պատճառի: Սիրտը միայն այն ժամանակ իրեն զուր չի վատնում, երբ Քրիստոսին է տրվում: Եվ մարդ միայն Քրիստոսով է աստվածային սերը ստանում այս կյանքում, իսկ հավիտենական կյանքում՝ աստվածային խնդությունը:

Մենք պետք է խուսափենք աշխարհիկ բաներից, որպեսզի դրանք մեր սիրտը չգերեն: Օգտագործենք հասարակ իրեր, այնպիսիք, որ միայն մեր կարիքներն են հոգում: Սակայն պետք է հոգանք, որպեսզի մեր կողմից օգտագործվող իրերը հուսալի լինեն: Ցանկանալով որևէ գեղեցիկ իր գործածել, ես ողջ սիրտս եմ այդ գեղեցկությանը տալիս: Եվ հետո Աստծու համար տեղ չի մնում սրտումս: Օրինակ՝ ինչ-որ տան կողքով անցնելիս շքեղ զարդարանք ես տեսնում՝ մարմար, դրվագներ, հիանում ես քարերով ու սիրտդ այդ ամենի մեջ թողնում: Կամ խանութում ակնոցի մի գեղեցիկ շրջանակ ես տեսնում ու ցանկանում ես գնել: Եթե չգնես, ապա սիրտդ այդ խանութում կթողնես: Եթե գնես ու կրես, ապա սիրտդ այդ շրջանակի մեջ դրված ու դրան սոսնձված կլինի: Հատկապես կանայք են այդ խայծը հեշտությամբ կուլ տալիս: Շատ քիչ կանայք կան, որ իրենց սիրտը փուչ բաների վրա չեն ծախսում: Ուզում եմ ասել, որ սատանան նրանց հարուստ սիրտը աշխարհիկ, գունավոր, փայլփլուն բաներով է հափշտակում: Եթե կնոջն ափսե հարկավոր լինի, ապա նա կփորձի ծաղիկներով ափսե գտնել: Ասես առանց ծաղիկների ափսեի մեջ նրա եփածը կթթվի: Իսկ որոշ հոգևոր կանայք լուրջ նկարներով են տարվում՝ (բյուզանդական) երկգլխանի արծիվներով և այլն: Իսկ հետո հարցնում են. «Ինչո՞ւ ենք հոգևորի հանդեպ անտարբեր»: Ախր ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան զգալ, երբ սիրտդ դարակների ու ապակեղենի միջև է բաշխվել: Դու սիրտ չունես, միայն մսի կտոր է՝ սրտամկանը, որ կրծքումդ տկտկում է ժամացույցի պես: Իսկ սրտի այդպիսի մեխանիկական աշխատանքը բավարար է քայլելու համար միայն: Որովհետև սրտի մի մասը մի բանի վրա է ծախսվում, մյուս մասը՝ մեկ այլ բանի և Քրիստոսի համար ոչինչ չի մնում:

- Հա՛յր, նշանակում է, որ նույնիսկ այդքան պարզ ցանկություններն էլ մեղավո՞ր են:

- Այդ ցանկությունները, որքան էլ որ անմեղ լինեն, ավելի վատն են, քան մեղավոր ցանկությունները: Որովհետև ժամանակի ընթացքում մարդ մեղավոր ցանկությունը որպես մեղք կընդունի, կսկսի խղճի խայթ զգալ ու ջանք կթափի ուղղվելու համար: Նա կապաշխարի, կասի. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր Աստված»: Իսկ այն «բարի» ցանկություններն, ընդհակառակը, նրան չեն անհանգստացնում, մարդ կարծում է, որ ամեն ինչ կարգին է: «Ես,- ասում է,- սիրում եմ ամեն լավն ու գեղեցիկը: Չէ որ Աստված նույնպես ամեն ինչ գեղեցիկ ստեղծեց»: Այո, այդպես է, բայց այդպիսի մարդու սերը ոչ թե Արարչին է ուղղված, այլ՝ արարածին: Այդ պատճառով էլ լավ է, եթե մենք արմատախիլ ենք անում ամեն տեսակի ցանկությունները: Երբ մարդ որևէ ջանք է գործադրում Քրիստոսի համար, զոհաբերում է այն, ինչ սիրում է, որքան էլ որ այն լավը լինի, և անում է այն, ինչ չի սիրում, ապա Աստված նրան մեծ հանգստություն է պարգևում: Սիրտն աշխարհիկ ցանկություններ է ունենում և դրանցով է ուրախանում մինչև մաքրվելը: Սակայն մաքրվելով, սիրտը տխրում է աշխարհիկ ցանկություններից, զզվանք է զգում դրանց նկատմամբ: Եվ այդ ժամանակ սկսում է հոգևորով ուրախանալ: Այդկերպ խորշելով աշխարհիկ ցանկություններից, սիրտն սկսում է մաքրվել: Իսկ երբ չի խորշում՝ տարվում է դրանցով: Բայց տես, թե որն է խնդիրը. մենք չենք ցանկանում նույնիսկ մի փոքր նեղություն պատճառել մեր ներսի հին մարդուն, այլ ուզում ենք նրա քմահաճույքները կատարել: Եվ ինչպե՞ս պիտի Քրիստոսի հետևորդները լինենք դրանից հետո:

- Հա՛յր, եթե ես դժվարանում եմ որևէ ցանկություն հաղթահարել, ապա պետք է համառե՞մ իմ պայքարում:

- Այո՛: Եթե նույնիսկ սիրտդ տխրի, որ իր ուզածը չես անում, պետք չէ լսել նրան, որովհետև նրան լսելով՝ նախ աշխարհիկ ուրախություն ես ապրում, հետո՝ աշխարհիկ անհանգստություն: Իսկ եթե սրտիդ չես լսում, ու նա տխրում է, որ իր ցանկությունը չես կատարում, իսկ դու ուրախանում ես, ապա աստվածային երանություն է գալիս: Եվ մեր խնդիրն էլ աստվածային երանություն ստանալն է: Այսինքն՝ աստվածային երանության արժանանալու համար բոլոր ցանկությունները, նույնիսկ լավերը, պետք է արմատախիլ արվեն, պետք է քմահաճությունն արմատախիլ արվի: Այդ ժամանակ է մարդ խոնարհ դառնում: Իսկ երբ նա խոնարհ է դառնում, գալիս է աստվածային երանությունը: Երբ սիրտը սառչում է աշխարհիկի նկատմամբ, սկսում է ուրախանալ հոգևոր առումով: Պետք է սովորել  հնարավորինս խուսափել աշխարհիկ մխիթարությունից և զբաղվել ներքին հոգևոր աշխատանքով՝ աստվածային մխիթարության հասնելու համար:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

 

05.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․