3 Հունվար, Շբ, Սուրբ Ծննդյան պահքի Ե օր
Մարդն արավել է Աստծու պատկերով, որպեսզի Նրա նմանությամբ ապրի և արարի՝ հաղորդակցվելով Իր Արարչի հետ: Երբ աստվածապարգև ազատության մեջ մարդն ընտրում է առաքինազարդ և ոչ մեղսալից ուղի, ապա ապրում է իր Արարչի հետ սիրո միության մեջ և չի հեռանում Նրանից: Առաքինազարդ ճանապարհին քրիստոնյան իր Արարչի հետ հաղորդակցվում է նաև ուխտագնացություններով:
Դեկտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» արանց միությունը հերթական ուխտի ուղին անցավ՝ հաղորդակցվելով իր Արարչի հետ: Հերթական սրբավայրը, որն այցելեց արանց միությունը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, Հառիճավանքն էր: Աղոթքի ուղին ուխտավորներին միավորեց միասնական աղոթքի շուրջ. նրանք օրվա հիշատակելի սրբերի՝ Հակոբ Մծբինի Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի բարեխոսությամբ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայոց ազգի և եկեղեցու համար:
Այնուհետև ուխտավորները հանդիպում և զրույց ունեցան Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի սաների հետ, որոնք իրենց հոգեզմայլ երգեցողությամբ խնդություն պատճառեցին նրանց: Հանդիպման ավարտին Տեր Գրիգորն ընծայարանի սաներին մաղթեց անխոնջ նվիրում իրենց ուսման ու քրիստոսավանդ առաքելության մեջ և նրանց նվիրեց իր «Քարոզգիրք»-ը:
«Զորավոր» արանց միության հերթական ուխտի ուղին Աստծու հետ հանդիպում էր, ինչպես Անտոն միտրոպոլիտ Սուրոժացին է ասում՝ կենդանի հոգու հանդիպում կենդանի Աստծու հետ, և այդ հանդիպումը ոչ միայն ակնթարթային է, այլև՝ կյանքով լեցուն, որը երբեք չի մոռացվում և Աստծու ողորմածությամբ երբեք չի դադարում:
Կարինե Սուգիկյան