26 Դեկտեմբեր, Եշ
Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը: Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի (Հակոբ. Ա 21-25)։
Անօգուտ է Աստծու խոսքը առանց գործերի կարդալը կամ լսելը: Քրիստոս երանի է տալիս ոչ թե նրանց, ովքեր լսում են Աստծու խոսքը, այլ նրանց, ովքեր լսում են ու պահում. «Մանավանդ երանի՜ նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կպահեն» (Ղուկ. ԺԱ 28): Ի՞նչ օգուտ այն ցանված սերմից, որը պտուղ չի տալիս: Ոչ մի: Ո՞րն է սննդի օգուտը ստամոքսին, եթե այն ավիշի ու արյան չի փոխակերպվում: Միանգամայն անօգուտ է այդպիսի սնունդը: Այդպես է նաև Աստծու խոսքի` աստվածային սերմի պարագայում, որն օգտավետ չէ, եթե լսողները չեն վերափոխվում: Ինչպես որ մարմինն է հյուծվում և մահանում, երբ ստամոքսը, սնունդ ընդունելով, չի մարսում և ավիշի ու արյան չի փոխակերպում այն, այդպես էլ հոգին, որը թեպետ լսում է Աստծու խոսքը, որ հոգևոր սնունդ է, բայց ավիշի ու արյան չի փոխակերպում, այսինքն` հոգևոր առումով չի զորացնում լսած խոսքը, ուժասպառ է լինում ու կործանվում: Այս պատահում է մարդուն այն ժամանակ, երբ նա Աստծու խոսքը լսելով` դրա համեմատ չի շտկում իր վարքը, չի դառնում Աստծուն, ի սրտե չի ապաշխարում, մեղքերից չի հրաժարվում և իր սրտում հոգևոր մխիթարություն չի գտնում:
Աստծու խոսքը մեզ շնորհվել է հենց նրա համար, որ լսելով այն` ուղղենք ինքներս մեզ՝ ըստ Նրա խրատի: Իսկ եթե այդպես չանենք, այն մեզ ոչ մի օգուտ չի տա: Ճիշտ այնպես, ինչպես հիվանդը չի ապաքինվի, եթե չկամենա համապատասխան բուժում ստանալ, այդպես էլ մեր հոգևոր ախտերը բուժելու համար Աստծուց շնորհված խոսքը, ինչպես վերը նշեցինք, անօգուտ կլինի, եթե դրանով չբուժենք մեր ախտերը: Ինչպես անօգուտ է վարպետի հմտությունը, եթե այն չի գործադրվում (նա անպայման կաղքատանա), այդպես էլ Սուրբ Գրքի քաջատեղյակությունն ու Տիրոջ կամքի իմացությունը շահ չեն, եթե Աստծու խոսքի ու Նրա կամքի համաձայն չջանանք ուղղել մեր վարքը (ս. Տիխոն Զադոնսկի):
Երբ կարդում ես աստվածային Գրվածքների խոսքերը, նախ աղոթի՛ր Աստծուն, որ բացի սրտիդ աչքերը, որպեսզի չբավարարվես գրված բառերը կրկնելով, այլ կարողանաս նաև գործադրել դրանք երկյուղով. գուցե թե քո իսկ դատապարտության համար ես ընթերցում Աստվածաշնչի կենարար խոսքերը (ս. Հովհաննես Ոսկեբերան):
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի բոլոր գործերն ու խոսքերը կրոն են բարեպաշտության ու առաքինության. սրա համար Նա մարմնացավ` ցույց տալով մեզ առաքինություն և բարեպաշտություն: Որպեսզի յուրաքանչյուր ոք, ըստ կարողության տեսնելով, նախանձախնդրորեն ձգտի նախատիպին: Քանզի սրա համար մարմին հագավ, որպեսզի և մենք, ըստ մեր կարողության, նմանվենք Նրա վարքին (ս. Բարսեղ Կեսարացի):
Տե՛ր, Դու իմ աղոթքով միշտ հաղթում ես իմ միջի դժոխքին, և եթե ես ցայժմ դեռ դժոխքում չեմ, այդ Քո` դժոխքը Հաղթողիդ ողորմությունն է, Տե՛ր: Փա՜ռք Քեզ` Բարերարիդ և մեր Փրկչիդ: Ի՞նչ կլինեինք մենք առանց Քեզ. իսկական գազաններ, որոնք հոշոտում են իրար: Ե՞րբ ենք մենք խորապես գիտակցելու ըստ Ավետարանի ապրելու անհրաժեշտությունը մեր իսկ ժամանակավոր և հավիտենական բարիքի համար: Իսկ այսօր ինչքա՜ն քիչ են նույնիսկ Ավետարան ընթերցողները (ս. Իոան Կրոնշտադտսկի):
Սուրբ հայր Պամփոն գրաճանաչ չէր. և մի օր գնաց մի վարդապետի մոտ` սաղմոս ուսանելու: Երբ լսեց 38-րդ սաղմոսի առաջին համարը. «Ասացի` զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ», այլևս չկամեցավ իմանալ շարունակությունը: Նա ասաց. «Եթե սա գործով կատարեմ, այս համարն էլ ինձ բավական է»: Իսկ այն վարդապետին, ով հանդիմանեց նրան վեց ամիս իրեն չայցելելու համար, պատասխանեց. «Դեռևս գործով չեմ կատարել»: Իսկ երբ բազում տարիներ անց նրա ծանոթներից մեկը հարցրեց նրան, թե սովորե՞լ է արդյոք այդ սաղմոսը, պատասխանեց. «Քառասունինը տարում թերևս կարողացա սովորել այն» (Հայելի վարուց):
Հոգևոր կյանքում Գրքերը միայն առաջնորդում են: Բուն ճանաչողությունը գործով է ձեռք բերվում: Նույնիսկ այն, ինչն ընթերցանությամբ է ճանաչվել, պարզ ու հանգամանալից կդառնա, երբ փորձարկվի գործով, և այլ կերպ կընկալվի (ս. Ֆեոֆան Զատվորնիկ):
Այստեղ հարկ է նշել Աստծու խոսքի բեղմնավոր ընթերցանության ամենաանհրաժեշտ պայմանը: «Ճաշակելով» Աստծու` որևէ խրատ պարունակող խոսքը` պետք է ջանալ անհապաղ կատարել այն, քանի դեռ սիրտը չի սառել: Իսկ կատարելով մեկ անգամ` հաջորդ անգամ այն կատարելն ավելի դյուրին կլինի, քանզի այդպես բարի գործերի հմտություն ու վարժանք է ձեռք բերվում (Եբր. Ե 14): Եվ ընդհակառակը, հաջորդ օրվան հետաձգվող բարի մտադրությունը սովորաբար չի կատարվում, քանզի Աստծու խոսքի` մարդուն հաղորդած բարոյական ուժը` Նրա ներշնչանքին հետևելու այդ ուրախ վճռականությունը, մնալով անգործ, աստիճանաբար թուլանում է ու անհետանում: «Միանգամայն անօգուտ է,- գրում է ս. Տիխոն Զադոնսկին,- կարդալ ու չպահել այն, ինչ սովորեցնում է Գիրքը: Եթե կամքդ չուղղես, ապա այդ ընթերցանությունից ավելի չար կդառնաս, քան եղել ես»: Բացի այդ, նմանօրինակ գործնական վերաբերմունքը Աստծու խոսքի նկատմամբ լավագույնս հավաստիացնում է Փրկչի վարդապետության աստվածային լինելու իսկությունը. «Եթե մեկն ուզում է Նրա կամքը կատարել, կիմանա այդ ուսուցման մասին, թե Աստծու՞ց է արդյոք» (Հովհ. Է 17):
Մնում է ասել այն մասին, թե որն է մարդու համար լավն ու բարին: Նա՛ է իմաստուն, ով ջանասիրաբար չարչարում է իր մարմինը քաղցով և ծարավով, որպեսզի վարժեցնի նրան գործունեության համար. ո՛վ իր անձը ուղղում և կրթում է Ս. Գրքի ընթերցանությամբ: Նա՛ է հոգով և մարմնով գեղեցիկ, ով բովում է իրեն այս երկու քուրաներում: Ինչքան զտում է իրեն դրանցում, այնքան ընդգծվում է նրա գեղեցկությունը:
Մարմնական աշխատանքները միջոց են հանդիսանում առողջության պահպանման և ծուլության հաղթահարման համար. նրա օգնությամբ հոգին էլ է դառնում զգոն, զսպում և հաղթահարում է ցանկությունները: Այս նաև մեր համար հոգացող Բարերարի՛ն է հաճելի: Նրա խրատները բոլորիս համար թող լինեն` որպես հզոր գարշապար, որը ոտնակոխ է անում մեր բոլոր մեղքերը (ս. Եփրեմ Ասորի):
Ում թագավորը կամենում է արքունի պարգևագրերի ու ընծաների արժանացնել, նախ իր ուղերձներն է հղում, որոնցով նրանց բոլորին ծանուցում է. «Փութով փութացեք իմ առաջ կանգնելու և ինձանից արքայական պարգևներ ստանալու»: Եվ եթե չներկայանան ու չստանան, ապա այդ ծանուցագրերի ընթերցանությունը նրանց ոչ մի օգուտ էլ չի տա, ավելին. մահապարտ կճանաչվեն այն բանի համար, որ չկամեցան գալ ու արքայի ձեռամբ մեծարվել: Այդպես է նաև աստվածային գրվածքների պարագայում. Աստված-Թագավորը Իր ուղերձների միջոցով մարդկանց առաջարկում է` նրանց ազդարարելով, որ Իրեն կանչողներն ու հավատացողները խնդրեն և երկնային պարգև ստանան` անմասն չմնալով Իր աստվածային էությունից: Քանզի գրված է. «որպեսզի հաղորդակից լինենք աստվածային բնությանը» (Բ Պետր. 1. 4): Իսկ եթե մարդը չգա, չխնդրի ու չստանա, ապա նրա համար Գրքերի ընթերցանությունն անօգուտ կլինի, ավելին.մահապարտ կճանաչվի այն բանի համար, որ չկամեցավ երկնային Թագավորից կյանքի պարգևն ընդունել, առանց որի անհնար է հավիտենական կյանք գտնել, այսինքն` Քրիստոսին: Նրան փառք հավիտյանս: Ամեն (ս. Մակար Եգիպտացի):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից