25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ Աստծո նկատմամբ իրեն շատ պարտավորված էր զգում, որովհետև, ի երջանկություն իրեն, փրկվել էր կյանքին սպառնացող վտանգից: Նա իր ընկերոջը հարցրեց, թե ինչ անի, որպեսզի իր երախտագիտությունն Աստծուն ըստ արժանվույն մատուցի: Ընկերը նրան մի պատմություն պատմեց ի պատասխան:
Մի տղամարդ ի սրտե մի կնոջ էր սիրում և խնդրում էր իր հետ ամուսնանալ: Սակայն կինն այդ հաշվով լրիվ ուրիշ ծրագրեր ուներ: Եվ ահա, մի անգամ, նրանք միասին քայլում էին փողոցում և խաչմերուկին մի մեքենա քիչ էր մնում վրաերթի ենթարկեր այդ կնոջը: Նա ողջ մնաց միայն իր ուղեկցի շնորհիվ, ով արիությունը չկորցնելով՝ նրան կտրուկ ետ քաշեց: Դրանից հետո կինը շրջվեց դեպի նա ու արտասանեց. «Այժմ կամուսնանամ քեզ հետ»:
- Ի՞նչ ես կարծում, այդ պահին այդ մարդն իրեն ինչպե՞ս էր զգում,- հարցրեց ընկերը:
Սակայն նա միայն բերանը ծամածռեց ի պատասխան:
- Տեսնո՞ւմ ես,- ասաց ընկերը,- միգուցե հիմա Աստծո մոտ դու ճիշտ նույն զգացումներն ես արթնացնում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի