Աստված հպարտի աղոթքը չի լսում

- Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն:

- Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև հպարտությունը խոչընդոտ է:

Աղոթքը պետք է «մաքուր ու խոնարհ սրտից»(2) ելնի, որպեսզի լսելի լինի: Բավական է խոնարհությամբ ասել. «Տե՛ր, ինչպե՞ս կարելի է իմ նմանին լսել»,- և նույն պահին Բարեգութ Աստված լսում է մեզ:

- Հա՛յր, երբեմն որևէ փորձության ենթարկվելիս, ինչո՞ւ չեմ կարողանում աղոթել:

- Երբ փորձության ես ենթարկվում և չես կարողանում աղոթել, իմացի՛ր, որ հպարտություն ու եսասիրություն ունես: Փորձությունը մնում է այնքան, մինչև մարդը սկսի արհամարհել իրեն: Հենց նա գիտակցում է իր անպարկեշտությունը, Աստծուց օգնություն է ստանում, և փորձությունն անցնում է:

- Հա՛յր, Աստծուն աղաչում եմ, որ օգնի ինձ՝ հանդգնությունից ազատվելու, սակայն ոչ մի արդյունք չեմ տեսնում:

- Երբ մարդու ջանքն ու աղոթքն արդյունք չեն տալիս, նշանակում է, որ կա՛մ նրանում եսասիրություն ու հպարտություն է բնակվում, կա՛մ հպարտության հակում կա, որը խոչընդոտում է Աստծու շնորհին, որպեսզի աղոթքի միջոցով գործի: Եթե խոնարհություն ունենք և գիտակցում ենք սեփական մեղավորությունը, ապա Բարեգութ Աստված տալիս է այն, ինչ խնդրում ենք աղոթքում:

- Իսկ երբ թախանձագին խնդրում եմ Աստծուն, որ ազատի ինձ որևէ տկարությունից և ինքս էլ պայքարում եմ դրա դեմ, սակայն խնդրածս չեմ ստանում հպարտության պատճառով, ի՞նչ անեմ այդ դեպքում:

- Նախևառաջ ներում հայցիր Աստծուց: Ասա. «Տե՛ր Աստված, հպարտությանս պատճառով օգնություն չեմ ստանում Քեզնից, բայց աղաչում եմ՝ լուսավորի՛ր ինձ, որպեսզի հասկանամ, թե ինչ է պետք անել տկարությունս հաղթահարելու համար»: Հենց ընդունում ես, որ հպարտություն ունես և այդ պատճառով որոշակի տկարությունը քեզնից չի հեռանում, Աստված հայտնում է քեզ դրա պատճառն, ու թե ինչպես այն արմատախիլ անես:

- Հա՛յր, ես ինձ ինչպե՞ս պետք է զգամ աղոթքի պահին:

- Խոնա՛րհ զգա, որպեսզի Աստված օգնի քեզ: Խոնարհ մարդը սեփական կամք չունի՝ նա հնազանդվում է Աստծու կամքին և Նրա պատվիրանները կատարում, ուստի Աստված նրա աղոթքը լսում է ու երկնային օրհնություն պարգևում: Որքան մարդը լսում է Աստծուն, այնքան էլ Բարեգութ Աստված է նրան լսում:

 

1.  Հակ. 4:6, Ա Պետ. 5:5, Առակ. 3:34

2. Սղմ. 50:19

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․