22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն ու լիովին հուսահատ վիճակում է գտնվում: Այդպիսի մարդու կյանքն անիմաստ է: Նա միշտ անօգնական, տառապած ու անմխիթար վիճակում է գտնվում այս կյանքում, սակայն, դրանից բացի, առհավետ դատապարտության է մատնում իր հոգին:
Իսկ հոգևոր մարդիկ սեփական վշտեր չունեն, որովհետև իրենց պատահող ամեն մի փորձություն հաղթահարում են Քրիստոսին մոտ գտնվելով: Այդպիսի մարդիկ ուրիշների վշտերի մեծ դառնությունն են հավաքում, սակայն, միաժամանակ, նաև Աստծո մեծ սերն են հավաքում: Երբ ես երգում եմ. «Ամենասուրբ Տիրամայր, մի թողնիր ինձ իմ հույսին», ապա երբեմն կանգ եմ առնում «… այլ ընդունիր ծառայիդ աղաչանքը…» բառերի վրա: Եթե ես վիշտ չունեմ, ապա ինչպե՞ս կարող եմ արտասանել «…չեմ կարող համբերել ինձ պատած վշտին…»* բառերը: Ինչպե՞ս կարող եմ ստել: Փորձությունների հանդեպ հոգևոր վերաբերմունքի մեջ վիշտ չկա, որովհետև եթե մարդ իրեն ճիշտ, հոգևոր կերպով տրամադրի, ապա ամեն բան կփոխվի: Եթե մարդն՝ իր ցավի դառնությամբ, Քաղցրաբույր Հիսուսին դիպչի, ապա իր բոլոր դառնություններն ու տառապանքը մեղրի կվերածվեն:
Ըմբռնելով հոգևոր կյանքի խորհուրդներն և այն խորհրդավոր միջոցը, որով Աստված է գործում՝ մարդը դադարում է դառնանալ իր հետ պատահածի պատճառով: Նա ուրախությամբ է ընդունում այն դառը հաբը, որ Աստված իր հոգու առողջության համար է տալիս: (Իր հետ կատարվող) ամեն բան, այդպիսի մարդն, իր աղոթքի արդյունքն է համարում, որովհետև անընդհատ խնդրում է Աստծուն մաքրել իր հոգին: Սակայն, փորձություններին աշխարիկ կերպով վերաբերվելով՝ մարդիկ տանջվում են: Բայց, քանի որ, Աստված հետևում է մեզանից յուրաքանչյուրին, ապա մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն անմնացորդ կերպով նվիրի Աստծուն: Հակառակ դեպքում՝ մարդու կյանքը տանջանքի է վերածվում. նա ցանկանում է, որպեսզի իր կյանքում ամեն ինչ իր կամեցածի պես լինի: Սակայն ոչինչ էլ իր ուզածի պես չի ընթանում և այդ պատճառով էլ նրա հոգին չի հանդարտվում:
Մարդը պետք է ուրախանա և ամեն ինչին խոնարհությամբ և համբերությամբ վերաբերվի՝ լինի սոված, թե՝ կուշտ, գովաբանեն նրան, թե անարդարացի վերաբերվեն: Այդ ժամանակ Աստված նրան օրհնություններ կտա այնքան ժամանակ, մինչև հոգին այն աստիճանի չհասնի, որ այդ օրհնություններն արդեն չտեղավորվեն դրանում: Աստծո օրհնություններն արդեն այդ հոգու ուժերից վեր կլինեն: Եվ մարդը որքան մեծ հոգևոր զարգացում ապրի, այնքան ավելի հստակ կտեսնի Աստծո սերն ու կխանդաղատի դրանից:
* Տե՛ս. Ժամագիրք, Մ., 1990, 288 էջ:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի