Սուրբ Մովսես Գ Տաթևացի հայրապետը

Խավար դարեր

Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից Սուրբ Էջմիածին փոխադրվելուց հետո, Հայ եկեղեցում ակնկալված փայլուն շրջանը չսկսվեց:

Մի շարք աթոռամոլ եկեղեցականներ սկսեցին իրար ձեռքից խլել կաթողիկոսական աթոռը՝ անազնիվ միջոցների դիմելով: Մեր սրբությունները ոտնակոխ եղան տիրապետող այլազգի իշխանների աչքի առջև: Ժողովուրդն էլ բարի հովիվ չունենալով հեռացավ Աստծո օրենքներից:

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրոնաբարոյական անկումը իր գագաթնակետին էր հասել: Եկեղեցական դասի մեծ մասը մոռացել էր ժողովրդին հովվելու իր սրբազան պարտականությունը: Վանքերը ամայացել էին անպատասխանատու հովիվների անհոգության և շռայլության պատճառով: Գյուղերում ժամասացությունը դադարել էր: Նյութապաշտությունը իր ավերներն էր գործում հոգիներից ներս:

Հայոց երկիրը պատերազմի թատերավայր էր դարձել պարսիկների և օսմանցիների միջև: Սկսել էին Շահ Աբասի արշավանքները և հայ ժողովուրդը ընկճվել էր երկու թշնամի բանակների ճնշումների տակ:

15-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի սկիզբը համարվեցին «խավար դարեր»:

 

Հայ եկեղեցու լուսատու ջահը

Դարեր տևած այս խավարից հետո, երբ մեր երկրի հորիզոնները մթագնած էին երևում, հանկարծ Հայոց աշխարհի երկնակամարում սկսեցին փայլել լուսատու աստղեր՝ Ավետարանի լույսով վերստին ողողելու հայ հոգիները: Գտնվեցին խոնարհ ու հեզ եկեղեցականներ, որոնք դարձան լուսատու ջահեր և լուսավորեցին իրենց շրջապատը ու արծարծեցին Քրիստոսի անշեջ կրակը հայ ժողովրդի խավերից ներս:

Այդ լուսատու աստղերի հույլի մեջ նշանավոր հանդիսացավ Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետը իր սրբակրոն, զոհաբերվող և ողորմած կյանքով ու աշխատանքով: Նրա գործունեությամբ սկսվեց հայ ժողովրդի և Հայ եկեղեցու վերազարթոնքը:

Մովսես Տաթևացին ծնվել է 1578թ-ին Սյունիքի Բաղք գավառի Խոտանան գյուղում:

Ծնողների անունները մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ Մովսեսը բարեկամական կապ է ունեցել Տաթևի Հովհաննես արքեպիսկոպոսի հետ, որի կողմից էլ ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա, դեռևս 15 տարեկանում: Մանուկ հասակից բացառիկ սեր է ունեցել եկեղեցու հանդեպ: Նախնական կրթությունը ստացել է իր գավառում: Աշակերտել է Սրապիոն աթոռակից կաթողիկոսին: Նրա մանկությունն անցել է Խոտանան գյուղում, և նա հաճախ է գնացել մոտակա Տաթևի մենաստանը:

Մովսեսի ձեռնադրությունը կատարվելով Տաթևում, և ինքն էլ լինելով Տաթևի միաբան՝ հիշատակվում է որպես Տաթևացի: Սակայն այդ անվանը զուգահեռ հաճախ կարող ենք հանդիպել նաև Սյունեցի կամ Խոտանանցի անվանումներին:

Նորընծա Մովսես աբեղան, զգալով հոգևոր առաջադիմության քաղց և մտքի լուսավորության պակաս, մեկնում է Տիգրանակերտ (Ամիդ), որտեղ այդ ժամանակ մեծ համբավ էր վայելում Սրապիոն Ուռհայեցու դպրոցը: Նա, միանալով Գրիգոր Կեսարացուն և Հովհաննես Ուռհայեցուն, սկսում է աշակերտել Սրապիոն վարդապետին:

1603 թվականին, երբ Սրապիոն Ուռհայեցին հրավիրվեց Էջմիածին՝ կաթողիկոսական աթոռը զբաղեցնելու համար, Մովսես աբեղան մնաց Տիգրանակերտում: Մեկնելուց առաջ ուղղամիտ վարդապետը Մովսես աբեղային հանձնեց Գրիգոր Կեսարացու խնամքին: Մովսես աբեղան

Գրիգոր Կեսարացու հոգածությանը հանձնվելուց մի քանի տարի հետո նրանից թույլտվություն է խնդրում Երուսաղեմ ուխտագնացության մեկնելու համար:

 

Մովսես Տաթևացին Երուսաղեմում և Կ. Պոլսում

Ստանալով թույլտվությունը, երիտասարդ աբեղան գնում է Երուսաղեմ՝ անցնելով ծառայության Սրբոց Յակոբեանց վանքում: Այստեղ սովորում է մեղրամոմը սպիտակացնելու արհեստը: Ուսումնասիրում է Երուսաղեմի կրոնավորական վանքերը: Երուսաղեմում Մովսես աբեղան ստանձնում է Սուրբ Հարության տաճարի լուսարարությունը: Այնուհետև 1611 թվականին Երուսաղեմից գնում է Կ. Պոլիս, ուր և գտնվում էր իր ուսուցիչը՝ Գրիգոր Կեսարացին, որը թագավորական հրամանով դարձել էր պատրիարք: Մովսես աբեղան մի քանի տարի մնալով իր ուսուցչի մոտ, իր խստակրոնությամբ և խոհեմությամբ մեծ հռչակ է վայելում քաղաքում, ուստի շատերն էին պատրիարքին դիմում խնդրանքով, որ Մովսես աբեղային վարդապետական իշխանություն տա: Ականջալուր լինելով ժողովրդի խնդրանքին՝ Գրիգոր Կեսարացի պատրիարքը Մովսեսին տալիս է վարդապետական իշխանություն:

Վարդապետական գավազան ստանալով՝ Մովսես Տաթևացին սկսում է շրջագայել զանազան տեղեր և քարոզել՝ միշտ արժանանալով ժողովրդի համակրանքին:

Այնուհետև այնտեղից գնում է Եգիպտոս, ծանոթանում այնտեղի վանքերին և շփվում տարբեր շրջանների վանականության հետ:

 

Սյունյաց անապատում

Ի վերջո Մովսես վարդապետը վերադառնում է իր հայրենի գավառը և հաստատվում Սյունյաց անապատում (Տաթևի վանք): Այս անապատում նոր միաբանության հիմքն էր դրել Սարգիս եպիսկոպոսը՝ Տեր Կիրակոսի ընկերակցությամբ, նպատակ ունենալով ուսյալ և սրբակրոն եկեղեցականների պատրաստությունը: Մովսես վարդապետի ժամանումը լինում է օրհնաբեր Սյունյաց անապատի համար: Նա դառնում է Սարգիս եպիսկոպոսի աջ ձեռքը և հաստատում վանական խստակրոն նոր կյանք, նման Երուսաղեմի վանքերի: Իր նպատակներից մեկն էր շրջել Հայաստանի գյուղերով ու քաղաքներով և քարոզել Սուրբ Ավետարանը:

Հայաստան աշխարհում այդ ժամանակաշրջանում կայուն չէր ո՛չ եկեղեցական, և ո՛չ պետական իշխանությունը: Ավետարանական քարոզությունը դադարել էր, վանքերն ամայացել էին, իսկ եկեղեցականների մեծամասնությունը զուրկ էր հոգևոր կրթությունից և ապրում էր շատ սանձարձակ կյանքով: Ահա այսպիսին էր իրավիճակը Հայաստանում, երբ Մովսես վարդապետը անապատից դուրս էր գալիս քարոզության:

 

Նախանձախնդիր քարոզիչները

Արդեն իրենից առաջ Սյունյաց անապատի միաբաններից սրբակրոն և քրձազգեստ Մոկացի Պողոս վարդապետը սկսել էր նման քարոզություններ և զանազան վայրերում հիմնել եկեղեցիներ ու դպրոցներ: Դառնալով Մովսես վարդապետի օգնականն ու ընկերը՝ նրանք միասին են շրջում Հայաստանում, պարզ և առանց ավելորդ շքեղությունների կյանք քարոզում: Հորդորում են, որ բոլորը կատարեն աստվածադիր պատվիրանները և հպատակ լինեն եկեղեցական կանոններին: Վերանորոգում են կիսավեր եկեղեցիները և վերահաստատում եկեղեցիներում կատարվող ժամասացությունը, բացում են դպրոցներ և հավաքագրում աշակերտներ, կազմակերպում են կանոնավոր դասավանդումը բոլոր դպրոցներում: Գրքերը, որոնցով դարեր ի վեր սերունդներ էին դաստիարակվել, մոռացության էին մատնվել, և հենց այս երկու վարդապետների ջանքերով էր, որ այս շրջանում խունացած

գրքերը հանվում են իրենց պահոցներից և դրվում գործածության՝ դառնալու համար նոր սերնդի դաստիարակները:

 

Հայ եկեղեցու վերազարթոնքը

Նրանց քարոզություններն իրենց արդյունքը սկսեցին տալ. հայ ժողովուրդը խանդավառված այս երկու առաքինի եկեղեցականների խոսքերից, շատերը սկսեցին քրիստոնեավայել կյանք վարել:

Սյունյաց անապատը ծաղկում ու փայլում էր: Հայ ժողովուրդը, տեսնելով այս ուրախալի երևույթը, չէր զլանում քաջալերել և իր նյութական օժանդակությունը ցուցաբերել:

Սյունյաց անապատում ուսում ստացած եկեղեցականներից շատերը հետագայում զանազան տեղերում հիմնում են նույնանման վանքեր:

 

Խոչընդոտներ

Մովսես և Պողոս վարդապետների քարոզությունը զերծ չէր չար անակնկալներից և դժվարություններից: Շահ Աբասը, երբ գալիս է Ագուլիս, այստեղի դպրատան աշակերտների գլուխները նախապես ածիլած են լինում, որպեսզի Շահի աչքին հաճելի չթվա և գերի չտանի երեխաներին: Սակայն Ագուլեցի մահմեդական Շահռուզ բեկը Շահ Աբասին տեղեկացնում է, որ Մովսես և Պողոս վարդապետներն են պատվիրել Տեր Անդրեասին, որ ածիլեն երեխաների գլուխները: Այս ամենն իմանալով՝ Շահ Աբասը հրամայում է գերի վերցնել Մովսես և Պողոս վարդապետներին: Նախապես Շահը որոշել էր երկուսին էլ նահատակել, սակայն որոշ ժամանակ անց մտափոխվելով՝ նրանց ազատման համար մեծ չափի հասնող տուգանք է նշանակում (500 թուման): Սակայն վարդապետների վայելած մեծ համբավը մեծապես նպաստում է, որ տուգանքը շատ կարճ ժամանակահատվածում հավաքվի: Եվ հավաքվում է պահանջվածից էլ շատ գումար (700 թուման), ավելորդ գումարը (200 թուման) օգտագործում են այլ գերիների ազատ արձակելու համար: Այս փորձությունից ազատվելուց հետո Պողոս և Մովսես վարդապետները վերադառնում են Մեծ անապատ:

Թեպետ և քաջ վարդապետները մեծ համբավ էին վայելում ժողովրդի շրջանում, սակայն ոչ բոլորն էին խանդավառությամբ ընդունում նրանց: Դրանց թվում հատկապես մեծաթիվ էին հոգևորականները, որոնց գլուխ կանգնած էր Դավիթ հայրապետի աթոռակից Մելքիսեդեկ կաթողիկոսը և նրա եղբորորդի Սահակ եպիսկոպոսը:

Նրանք ամեն առիթ օգտագործում էին քարոզիչ վարդապետներին նեղություն պատճառելու և պախարակելու համար:

Երկու վարդապետների քարոզությունները դադարեցնելու համար Մելքիսեդեկը դիմում է ամեն միջոցի: Եվ երբ նրան չի հաջողվում, սկսում է պետական միջամտությամբ արգելել Պողոս վարդապետի շրջագայությունը՝ բռնադատելով նրան Սյունյաց անապատում: Սակայն Մելքիսեդեկը չի կարողանում լռեցնել Մովսեսին, ուստի սկսում է զրպարտություններ անել և նենգություններ մտածել: Պողոս վարդապետը մնալով անապատում՝ 1620 թվականին կնքում է իր մահկանացուն:

Մովսես վարդապետը որոշում է գնալ Կարին և այնտեղ ազատորեն աշխատել ու քարոզել: Այդ նպատակով գալիս է Երևան, որպեսզի այստեղից էլ Կարսի ճանապարհով հասնի Կարին:

Սակայն Երևանում և նրա շրջակայքում էլ դրությունը շատ վատթար վիճակում էր: Եկեղեցականները կանոններից լիովին անտեղյակ էին, և ժամակարգությունն էլ նույնպես խախտված էր: Այս վիճակը տեսնելով՝ Մովսես վարդապետը ձեռնամուխ է լինում այդ ամենը ուղղելուն. քարոզություն է ծավալում թե՛ աշխարհականների՝ եկեղեցու գիրկը վերադարձնելու համար, և թե՛ հոգևորականների շրջանում: Երևանում, մինչև Կարին մեկնելը, Մովսես վարդապետը քարոզում է Ձորագյուղի մոտակայքում, որը գտնվում էր

Երևանի բերդի մոտ: Այդ ժամանակ Արարատյան աշխարհի կուսակալը Ամիրգունա խանն էր, որը բավական պատշաճ և հայասեր մի անձնավորություն էր: Շուտով ստեղծվում է համապատասխան առիթը, և Ամիրգունա խանը իմանում է Մովսես վարդապետի մասին: Վերջինիս քարոզությունը հաճելի է թվում խանին, որն էլ համոզում է Մովսես վարդապետին հրաժարվել երկրից մեկնելու մտադրությունից: Այդ իսկ նպատակով վարդապետին առաջարկում է հաստատվել Երևանում գտնվող Կաթողիկե եկեղեցում, որտեղ էլ կկատարեր իր պատարագն ու ժամերգությունները: Երեք տարի Կաթողիկե եկեղեցում մնալով Մովսես վարդապետը հստակորեն կատարում է բոլոր ժամերգությունները, և այդ ժամակարգություններին հաճախ ներկա էր նաև Ամիրգունա խանը:

Քանի որ Կաթողիկե եկեղեցին կաթողիկոսանիստ էր համարվում, և Մովսես վարդապետն էլ կաթողիկոսի հետ լավ հարաբերություններ չուներ, շուտով խանը նրան ավելի հարմար վայր է առաջարկում անապատական կյանք վարելու համար:

 

Սբ. Անանիայի անապատը

Նրան տրամադրում է քաղաքի հյուսիսային կողմում գտնվող Սբ. Անանիա եկեղեցին: Այդ վայրը ավերակ և անմարդաբնակ վայր էր դարձել, այդ պատճառով էլ Ամիրգունա խանը առաջարկում է Մովսես վարդապետին, որ նորոգի մատուռը, կառուցի վանական խցեր ու տարբեր շինություններ և այդտեղ էլ հաստատվի որպես վանական վարդապետ:

Վարդապետը խանի առաջարկությունը ընդունում է մեծագույն սիրով: Նա սկսում է շենացնել ու պայծառացնել Սբ. Անանիա եկեղեցին: Սկսված շինարարական աշխատանքների ծախսերը իրենց հոժար կամքով հոգում էին տեղացիներն ու վաճառականները:

Մովսես վարդապետը հիմնում է միաբանություն և կարգ ու կանոն հաստատում: Վանքի համբավը տարածվում է գրեթե ամբողջ Հայաստանով, և դեռ սահմաններից էլ այն կողմ: Եվ հեռավոր երկրներից հայ վաճառականները, իրենց ճանապարհին այցելելով Սբ. Անանիա վանք և կատարված աշխատանքները տեսնելով, նվերներ էին տալիս վանքի պայծառացման համար:

Անանիայի անապատում հաստատվում են վանական կյանքի այն նույն կանոնները, որոնք ընդունված էին Մեծ անապատում:

Ժամասացությունների կարգը, ինչպես նաև վանականների կենցաղը կանոնավորելուց հետո Մովսես Տաթևացին ձեռնամուխ է լինում անապատի վանականներին փիլիսոփայական և այլ գիտություններին հաղորդ դարձնելուն: Այդ առիթով նա դիմում է մեծանուն փիլիսոփա Մելքիսեթ Վժանեցուն, որը Ամրդոլի վանքի վարդապետ Բարսեղի և Ներսես Մոկացու աշակերտն էր:

Վարդապետի մեծ համբավն էլ ավելի էր նպաստում, որ իր շուրջը համախմբվեն անապատական միայնակեցությանը ձգտող անձինք:

Այս ամենին մեծ քինախնդրությամբ հետևում էր Մելքիսեդեկ կաթողիկոսը և որոշում է այդ ամենից օգուտ քաղել: Ուստի Սբ. Անանիայի վանք գնալով՝ Մովսեսին եպիսկոպոս է ձեռնադրում Ավագ երկուշաբթի օրը և ապա՝ Ավագ հինգշաբթի օրը նրա հետ միասին մյուռոնօրհնեք կատարում:

Մյուռոնօրհնենքի արարողությունից որոշ ժամանակ անց Մովսես եպիսկոպոսը, ընդունելով Սպահանի հայերի հրավերը, մեկնում է այնտեղ, ծանոթանում է տեղի հայերի հետ և զբաղվում քարոզչությամբ:

Որոշ ժամանակ անց, երբ 1626 թվականին Հայաստան է գալիս Շահ Աբասի նախարարներից Բայինդուր բեկը, Մովսես եպիսկոպոսը նրան նվիրում է 21 հատ իր պատրաստած սպիտակ մոմերից, որոնք Բայինդուր բեկը իր հետ տանում և նվիրում է Շահին: Վերջինս զմայլվելով մոմերի սպիտակությամբ՝ Մովսես եպիսկոպոսին հրավիրում է Պարսկաստան, որպեսզի այդ արհեստը սովորեցնի երեք պարսիկների:

Մովսես եպիսկոպոսը կատարում է Շահի ցանկությունը: Շահը, նրա ծառայությունից գոհ մնալով, ուզում է վարձատրել և 1627 թվականի հունվարին հատուկ հրովարտակով Մովսես Տաթևացուն շնորհում է Էջմիածնի լուսարարապետությունը:

 

Բարենորոգիչ լուսարարապետը

Մովսես եպիսկոպոսի լուսարարապետությամբ Սուրբ Էջմիածնի վանքի համար բացվում է առաջադիմության նոր շրջան: Նախքան իր պաշտոնավարությունը Էջմիածնի վանքը ներկայանում էր տխուր պատկերով. վանքը ամբողջությամբ կողոպտված էր. ոչ գրքեր կային, ոչ եկեղեցական սպասքեր: Եկեղեցու շենքը քայքայված էր և թռչունների բույն դարձած: Ոչ ժամասացություն էր կատարվում և ոչ էլ պատարագ մատուցվում:

Նոր լուսարարապետի առաջին գործն է լինում Մայր Տաճարի շրջակայքը աղբից մաքրելը: Մովսես Տաթևացու ջանքերով նորոգվում է Մայր Տաճարի խարխուլ և փլուզված մասերը, ողջ տարածքը շրջապատվում է բարձր պարիսպներով: Տարբեր նշանակության շինությունների կառուցումն ավարտելուց հետո նա հանձն է առնում Սբ. Էջմիածնի գմբեթի նորոգությունը:

Էջմիածնում լայնածավալ շինարարություն էր սկսել: Ժողովուրդը Մովսես եպիսկոպոսի եռանդն ու աշխատանքը տեսնելով՝ սկսեց օժանդակել նրան: Սակայն վանքը շատ ծանրաբեռնված էր պարտքերով ու պարսից շահին տրվելիք մեծագումար հարկով: Մովսես եպիսկոպոսը Պարսկաստան է գնում ու ներկայանում Շահ Աբասին հաջորդած Շահ Սեֆիին: Նա հայ մեծամեծների օգնությամբ կարողանում է արքայական հրամանով ջնջել Էջմիածնի վանքի վրա ծանրացող տարեկան մեծագումար հարկը:

Մովսես եպիսկոպոսի անկեղծ նվիրումն ու ձեռնարկած բարեկարգությունները խանդավառում են հայ մեծամեծներին և նրա մեջ տեսնում են մեծ առաջնորդի հատկություններ: Շահ Սեֆիից արտոնություն ստանալով՝ արտոնություն են ստանում Մովսես եպիսկոպոսին կաթողիկոս օծելու:

 

Մովսես Տաթևացին՝ Ամենայն հայոց կաթողիկոս

Այսպիսով, ի ուրախություն համայն հայ ազգի, 1629 թ. հունվարի 13-ին, տասներկու եպիսկոպոսներ նրան օծում են կաթողիկոս:

Մովսես Գ Տաթևացի հայրապետը արդեն իսկ լուսարարապետության օրերին ձեռնարկել էր Սբ. Էջմիածնի վանքի նյութական և բարոյական նորոգությունները: Հայրապետական գահ բարձրանալուց հետո նույն եռանդով շարունակում է ծառայել Աստծո փառքի և Հայ եկեղեցու պայծառության համար: Նրան զգալիորեն օգնում է ժողովրդի մեջ տիրող խանդավառությունը՝ կապված իր կաթողիկոսական աթոռ բարձրանալու հետ։ Նրա ուղարկած նվիրակները շրջում էին երկրով մեկ և դրամ էին հանգանակում էջմիածնի վերանորոգման համար։ Նա մեծ աշխատանք է տանում Էջմիածնի կալվածական և ստացական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Նորաօծ հայրապետը կատարում է հետևյալ գլխավոր գործերը:

1. Մարել է տալիս Սբ. Էջմիածնի վանքի վրա ծանրացող տարեկան հարկն ու պարտքերը:

2. Նորոգում է Սբ. Էջմիածնի տաճարը, կառուցում է վանքի պարիսպը, վեհարանը, հյուրանոցը, միաբանության սենյակները և այլն:

3. Վանքի պարտքերը վճարելով՝ ազատում է պահ դրված սպասները և նորերն է գնում:

4. Կազմակերպում և բարեկարգում է վանական կյանքը:

5. Հաստատում է վանքեր ու դպրոցներ, որտեղ հայ աշակերտները ստանում էին քրիստոնեական կրթություն, որոնցից շատերը հետագայում դարձան Հայ եկեղեցու համար ժիր մշակներ:

Մովսեսը Եկեղեցին պայծառացնում է հարմար և հաստատուն ժամակարգությամբ, այսինքն՝ կարգավորում է հասարակաց աղոթքը։ Նա ոչ թե նոր կարգադրություններ էր անում, այլ վերականգնում էր խաթարված կարգերը։ Սակայն, իրավամբ, նրան է պատկանում մի կարգադրություն՝ կապված «Օրհնություն» շարականների հետ։ Նրա աշակերտ և գործակից Խաչատուր Կեսարացի վարդապետի վկայությամբ՝ նա սահմանել է օրհնության տասը շարական՝ հենվելով Ստեփանոս Սյունիի պատրաստած տասը պատկերով «Ավագ» օրհնությունների վրա։ Բայց դա էլ, ըստ էության, նրա հնարածը չէր, քանի որ Մեծ անապատի առաջնորդ Սարգիս Պարոնտերը դա սահմանել էր իր վանքում։ Համաձայն տեղեկությունների՝ դա վճռական պահանջ էլ չէր, այլ թողնվում էր կատարողի կամքին։

Մովսես Տաթևացին վերականգնում է Ամենայն հայոց կաթողիկոսների միանձնյա իշխանությունը: Նրա գահակալությամբ լուսավոր էջ բացվեց հայ ժողովրդի հոգևոր վերելքի համար: Այդ տարիները Հայ եկեղեցու համար եղան հանգստության և խաղաղության տարիներ, քանի որ նա, լինելով նաև հմուտ դիվանագետ, կարողանում էր զանազան վտանգներից խույս տալ: Մովսես կաթողիկոսը Հայրապետական Աթոռին գահակալեց երեք ու կես տարի: Մահացավ 1632 թվականի մայիսի 14-ին իրեն հոգեհարազատ վայրում՝ Սուրբ Անանիա առաքյալի անապատում: Երևանցիները նրան հողին հանձնեցին Կոզեռնի գերեզմանատանը՝ Կոնդում (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին)։ Նա իր ամբողջ կյանքում անխոնջ նվիրվեց Հայոց եկեղեցուն և պայծառացրեց այն իր կաթողիկոսական արդյունավետ գործունեությամբ։

Նրա այդ ազգանվեր գործը շարունակեցին նրա հաջորդները:

Մովսես Տաթևացու համար վկայված է նաև, որ նա մաքրակենցաղ էր ու սրբասուն, երկայնամիտ ու ողորմած, զորավոր էր աստվածաշնորհ վարդապետությամբ և քաղցր քարոզությամբ։ Նրա կաթողիկոսությունը Հայոց եկեղեցու համար մի ամբողջ դարագլուխ է կազմում, քանի որ նրանով փակվեց այն եղկելի շրջանը, որի մեջ գտնվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Սբ. Մովսես Տաթևացու անունը հիշատակվում է Սբ. Պատարագի ընթացքում Սբ. Գրիգոր Տաթևացու անվան հետ:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

13.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․