Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես

- Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես։ Նա նախախնամում է մեզ ու հետաքրքրվում մեզանով որպես Հայր, ինչպիսին և է իրականում, սակայն նաև հարգում է մեր ազատությունը։ Նա չի ճնշում մեզ,- շեշտեց ծերը։- Մեր հույսն Աստծու նախախնամության վրա դնենք։

Իսկ եթե հավատում ենք, որ Աստված հետևում է մեզ, ապա համարձակություն ունենանք տրվելու Նրա սիրուն, և այնժամ Նրան մշտապես մեր կողքին կտեսնենք։ Չենք վախենա գայթելուց։

Ի՜նչ կատարյալ է մարդու մարմինը։ Մի հսկա ձեռնարկություն է։ Մարդ ջուր է խմում, որը գնում է ստամոքս, անցնում երիկամներ, մաքրում արյունը։ Աշխատում են սիրտը՝ արյուն մղող պոմպը, թոքերը, լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, գլխուղեղը, նյարդային համակարգը, զգայարանները՝ տեսողությունը, լսողությունը․․․ Էլ չասած հոգևոր ուժերի մասին, թե դրանք ինչպես են գործում միաժամանակ ու ներդաշնակորեն՝ Աստծու նախախնամության ու հոգածության ներքո։

Ամեն բան Աստծու նախախնամության ներքո է գտնվում։ Տեսնո՞ւմ եք սոճիները։ Քանի՞ ասեղ ունի յուրաքանչյուր սոճին։ Կարո՞ղ եք հաշվել։ Իսկ Աստված գիտի, և առանց Նրա կամքի ոչ մի ասեղ գետին չի ընկնի։ Ինչպես որ մեր գլխի մազերը, որոնք հաշվված են։ Նա հոգ է տանում մեր կյանքի անգամ ամենաչնչին բաների մասին, սիրում ու պաշտպանում է մեզ։ Իսկ մենք ապրում ենք այնպես, ասես չենք զգում աստվածային նախախնամության մեծությունը․․․

Այնուամենայնիվ Աստված շատ խորհրդավոր է։ Մենք չենք կարող ըմբռնել Նրա գործողությունները։ Մի՛ կարծեք, թե Աստված նախ այսպես արեց, հետո սկսեց ուղղել։ Աստված սխալներ չի գործում։ Նա ոչինչ չի ուղղում․․․

Սակայն ով է Նա Իր ողջ խորությամբ, Իր էությամբ՝ մենք չգիտենք։ Թեև Աստծու խորհուրդները (Նրա կամքը) քննել չենք կարող։ «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին, -ասում է Տերը, - այլ, ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (Եսայի 55։8, 9):

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

11.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․