Աստվածաշնչյան բոլոր գրքերն էլ, թեպետ կուռ ամբողջություն են կազմում, սակայն տարբեր են թե՛ իրենց կարևորությամբ և թե՛ մատչելիությամբ, ինչն ինքնին ենթադրում է ընթերցանության` սրբազան գրքերի ընդհանուր ցանկից զանազանվող հերթականություն և առանձին գրքերի առավել խոր քննություն և սերտողություն:
Ս. Գրքի երկու անքակտելի մասերից առավելագույն հարգը Նոր Կտակարանինն է` իբրև Հնի լրումի(1): Իսկ նոր-կտակարանյան 27 գրքերի շարքում, բնականաբար, կարևորագույնները չորս Ավետարաններն են, որոնք նկարագրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և քավչարար մահը, և շարադրում Նրա խոսքերն ու վարդապետությունը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով, Ում ժառանգ նշանակեց ամեն ինչի և Ում միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. Ա 1, 2):
Իրենց կարևորությամբ Ավետարաններին հաջորդում են Գործք առաքելոցն ու առաքելական թղթերը:
Ավետարանների այս գերակա հարգն իր արտահայտությունն է գտել նաև Եկեղեցու ընդհանրական աստվածպաշտության մեջ: Սրբազան գրքերից միայն Ավետարանն է դրվում խորանում` սուրբ սեղանի վրա: Այն մատուցվում է հոգևորականներին ու հավատացյալներին` համբուրելու համար: Քահանան, իբրև մեծարանքի նշան, Ավետարանը բռնում է դաստառակով` թաշկինակով: Ավետարանական ընթերցվածքներն ընդգրկված են Մաշտոցի մեջ` իբրև հիվանդների բժշկության կանոն, և այլն:
Հինկտակարանյան գրքերից քրիստոնյաների համար ամենակարևորը Սաղմոսարանն է, որը լայնորեն կիրառվում է ընդհանրական և առանձնական աստվածպաշտության մեջ: Սաղմոսները հոգևոր երգեր են, որոնք իրենց փառաբանական, գոհաբանական, պաղատական և ապաշխարական բնույթով նույնական են աղոթքների հետ, բայց այն առանձնահատկությունն ու տարբերությունն ունեն վերջիններից, որ հինկտակարանյան բովանդակ օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական գրքերի կատարյալ խտացումն են:
Նորկտակարանյան գրքերի և Սաղմոսարանի դերը առանձնական աստվածպաշտության մեջ մեծ է և կարևորվել է Եկեղեցու հայրերի կողմից: Նշենք, որ Նոր Կտակարանի գրքերի և սաղմոսների քաջ իմացությունն ու անգիր իմանալը պարտադիր է եղել միջնադարյան վանքերում:
Սակայն նորկտակարանյան գրքերի առանձնահատուկ դերն ու կարևորությունը չի նսեմացնում հինկտակարանյան մյուս գրքերի արժեքը, այլ միայն աստիճանակարգում է: Հենց Հին Կտակարանի գրքերը նկատի ունի Պողոս առաքյալը, երբ ասում է. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17)(2):
Սակայն հինկտակարանյան գրքերի ընտրությունը մանավանդ սկսնակներից զգուշություն է պահանջում:
Այսպես, ըստ Որոգինեսի վկայության` Իսրայելում մինչև 30 տարին բոլորելը արգելված էր կարդալ Աստվածաշնչի սկիզբը, Եզեկիելի մարգարեության սկիզբն ու վերջը և Երգ երգոցը: Ս. Աթանաս Աղեքսանդրացին Երգ երգոցի համար մասնավորապես ասում է. «Նրա մեջ ամեն ինչ սկզբից մինչև վերջ գրված է խորհրդաբար, առեղծվածային այլաբանությամբ. նրա մեջ ամփոփված դավանական իմաստները ոչ թե տառի մեջ են, այլ խորապես ծածկված են նրա տակ... Ահա թե ինչու միայն կատարյալները կարող են կարդալ այս գիրքը, սակայն նրանք էլ կարդալիս պետք է նկատի ունենան այլաբանությունը, որպեսզի անիմաստների տգիտությամբ չծաղրվի նրա մեջ շարադրվածը»(3):
Բանն այն է, որ այս գիրքը այլաբանորեն պատմում է Փեսայի` Հիսուս Քրիստոսի և հարսի` Եկեղեցու` մեկմեկու նկատմամբ կատարյալ սիրո մասին, և այս սերը նկարագրված է իբրև աղջկա սեր իր սիրեցյալի նկատմամբ, ինչը կարող է գայթակղել շատերին:
Սիրաքի գիրքը միշտ օգտակար է համարվել պատանիների համար: Այս բանն, ի դեպ, վավերացվել է առաքելական ՁԵ կանոնով և ավելի ուշ` Սիոն կաթողիկոսի օրոք` 768 թ. գումարված Պարտավի ժողովի կողմից, որն իր ԻԴ կանոնում այդ գիրքը շահեկան է համարում հատկապես պատանիների համար. «Առ ի յուսուցանելոյ զձեր մանկունս զուսումն բազմամասն»(4):
Հինկտակարանյան գրքերի մատչելիությունն ըստ տարիքի և հոգևոր հասունության փաստվում է նաև ս. Գր. Տաթևացու կողմից. «Պետք է իմանալ նաև, որ Սողոմոնի երեք գրքերը խրատ են մարդու երեք հասակի համար. Առակները` պատանիներին, Ժողովողը` երիտասարդներին, իսկ Երգ երգոցը` ծերունիներին: Առակները սովորեցնում են մեզ բարոյական առաքինությունները, Ժողովողը` ստացականները, և Երգ երգոցը` աստվածայինները: Առակները արտաքին սրահն են, մյուսը` սրբությունը, և Երգ երգոցը` սրբություն սրբոցը: Առակներով գալիս ենք հավատի իմաստությանը, աշխարհի ունայնությամբ (այսինքն` Ժողովողի գրքով)` երկնավոր հույսին, և Երգ երգոցով` Աստծու անախտ սիրուն, որը լրացնում է ամեն ինչ»(5):
Նշենք նաև, որ Հին Կտակարանում, ի թիվս Աստվածաշունչ Գրքերի, ընդգրկված են երկրորդականոն կոչվող գրքերը, որոնց հեղինակները աստվածաշնորհ մարգարեները չեն: Այս գրքերը, որոնցում կան դժվար ըմբռնելի հատվածներ, կամ էլ ամբողջովին բացակայում է հոգևոր բովանդակությունը, այդուհանդերձ ընդգրկվել են Ս. Գրքի ցանկի մեջ` իբրև հավատի շինության համար օգտակար: Աստվածաշնչի արդի արևելահայերեն թարգմանության մեջ զետեղված են ինը երկրորդականոն գրքեր` Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք և Բարուք: Երկրորդականոն գրքերի թիվը տարբեր Եկեղեցիներում տարբեր է:
Ժամանակ առ ժամանակ առանձին գրքերով կամ ամսագրերում լույս են տեսնում պարականոն (ապոկրիֆ) անվանվող գրքերը: Բանն այն է, որ անցյալում այդ գրքերի հեղինակները, հետապնդելով ինչ-ինչ նպատակներ կամ փորձելով տարածել իրենց կեղծ ուսմունքներն ու կարծիքները, նենգաբար իրենց գրվածքներին տվել են սուրբգրային խորագրեր և տեսք: Քրիստոնեության առաջին դարերում ի հայտ եկան մի շարք պարականոն գրքեր, ինչպես` «Հակոբի Նախավետարանը», «Թովմասի Ավետարանը», «Պողոս առաքյալի Հայտնությունը» և այլն, որոնք կազմված էին եբիոնության և գնոստիցիզմի ուսմունքների համաձայն: Կան նաև հինկտակարանյան պարականոն գրքեր, ինչպես` «Վերացումն Մուսիսի», «Եղիայի ծածուքն», «Ելդադ և Մովդադն» և այլն: Այս գրքերը մերժվում են Եկեղեցու կողմից և համարվում են վտանգավոր ու վնասակար:
1. Տե'ս «Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսի մասին է» գլուխը:
2. Պողոս առաքյալի սույն տողերի գրության ժամանակ Նոր Կտակարանը դեռևս կազմված չէր:
3. Երգ երգոց` հանդերձ մեկնութեամբ նախնեաց, Երևան, «Գանձասար», 1993, էջ 9-10:
4. Կանոնագիրք Հայոց, Բ, Երևան, 1974, էջ 18:
5. Ս. Գր. Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Երևան, «Անկյունաքար», 2000, էջ 17:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից