Տյառնընդառաջի պատմությունը, որն առկա է միայն Ղուկասի Ավետարանում, ներկայացնում է քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայումը Տաճարին. Հովսեփն ու Մարիամը, լինելով աստվածապաշտ անձինք, օրենքով սահամանված ծիսակատարությունն են կատարում և նվիրաբերում աղքատների ընծան՝ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ։ Հիսուս Մանկանը հանդիպում է Սիմեոն ծերունին, որը Սուրբ Հոգուց հայտնություն էր ստացել՝ մահ չճաշակելու մինչև իր աչքերով Մեսիային տեսնելը, և վերջապես ստանում է Տիրոջից իր արձակումը՝ ասելով. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի»։ Սիմեոնը տեսավ իր ըղձալի սպասելիքը, քանզի հավատով և ակնածանքով էր ակնկալում այդ օրը և ահա՝ Մանուկը, ահա՝ Կույսը, ահա «լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար»։ Հայրաբանական մեկնությունների վկայությամբ, Սիմեոնը խորհրդադնշում է Հին Ուխտը, որը Տիրոջը հանդիպելով՝ իր արձակումն ստացավ Նոր Ուխտի առաջնորդի գալստյամբ։ Սակայն ինչպե՞ս տեղի ունեցավ Հին Ուխտի կատարումը՝ այս դրվագում այդքան էլ հստակ չէ։ Տյառնընդառաջի պատմության մեջ ավետարանիչը չի ներկայացնում որևէ մարգարեություն, որը պետք է լրմանը հասներ Մեսիայի՝ տաճարին ընծայմամբ, այլ միայն նշում է օրենքի հրահանգների կատարումը Մանկան ծնողների կողմից։ Սակայն արդյո՞ք այս դրվագի մասին չեն խոսել Աստվածատես մարգարեները։
Որպեսզի հասկանանք երկու Կտակարանների միջև եղած կապը, պետք է դիտարկենք հատվածն իր ամբողջության մեջ՝ հաշվի առնելով այն աստվածաբանական լեզուն, որով սրբազան հեղինակը ներկայացնում է տեղի ունեցած դեպքերը։ Հատկանշական է, որ Ղուկասը ներկայացնում է մի նախապատմություն, որը բացակայում է մյուս Ավետարաններում՝ սկսելով Զաքարիայի և Եղիսաբեթի պատմությունից։ Ավետարանի առաջին գլխում ներկայացված է Գաբրիել հրեշտակի հայտնությունը երկու անձերին՝ Զաքարիային և ապա Մարիամին, որն ազդարարում է սկիզբը Նոր Ուխտի պատմության։ Դիտելի է, որ հեղինակը խոսում է Հին Կտակարանի լեզվով ու նշաններով, որպեսզի ցույց տա տեղի ունեցած դեպքերի սերտ կապն Իսրայելի պատմության հետ և ապացուցի, որ այժմ ի հայտ է գալիս նոր Իսրայելը։ Ղուկասը գրել է իր Ավետարանը ոչ միայն հրեաների, այլև հեթանոսների համար և նպատակ ուներ ցույց տալ, որ Եկեղեցին է Նոր Իսրայելը՝ ճշմարիտ Աստծու ժոովուրդը, որը պետք է լինի կրողը աստվածային հայտնության և տարածի այն համայն աշխարհով։ Երբ նա խոսում է Գաբրիել հրեշտակի հայտնության մասին, ներկայացնում է այն Դանիել մարգարեի գրքում առկա նմանատիպ դրվագի լեզվով, որպեսզի ընթերցողը հասկանա նոր և հին Իսրայելի պատմության միջև կապը։ Դանիելի մարգարեության 9-րդ գլխում հրեշտակապետը նույնպես զոհաբերության ժամին, ինչպես և Զաքարիային, հայտնվում է, ասելով, որ պետք է գա նոր ժամանակաշրջան, որը հայտնի է իբրև «մեսիական դար»։ Ահա, թե ինչ է նա ասում Դանիելին. «Յոթանասուն յոթնյակ սահմանվեց քո ժողովրդի վրա և սուրբ քաղաքի վրա՝ մեղքերը վերջացնելու, անօրենությունները կնքելու, անիրավությունները ջնջելու, ամբարշտությունները քավելու, հավիտենական արդարություն բերելու, մարգարեությունը կնքելու և օծելու սրբությունների Սրբին» (Դան. 9:24 MT)։ Այս մարգարեության լրումը ցույց տալու համար, Ղուկասը համադրում է երկու պատումները և կապում իրադարձույթյուններն իրար հետևյալ կերպ. Գաբրիել հրեշտակապետը սահմանում է յոթանասուն յոթնյակ կամ 490 օր մեսիական ժամանակաշրջանի գալստյան համար, իսկ Ղուկասի ավետարանում նույն տեսիլքից մինչև Տյառընդառաջ նույնպես անցնում է 490 օր. Զաքարիայի հայտնությունից մինչև Մարիամի հղացումը՝ 6 ամիս (Ղուկ. 1:26), այսինքն՝ 180 օր, ապա 9 ամիս հղության՝ ևս 270 օր և 40 օր մինչև տաճարին ընծայելը, ընդհանուր 490 օր, ինչպես և նշված է մարգարեության մեջ։
Այսպիսով Տյառնընդառաջը ներկայացնում է մեսիական ժամանակաշրջանի գալստյան ավետիսը։ Տաճար ընծայված մանուկը իր կյանքով ու խաչատարած զոհաբերությամբ է մեղքերը վերջացնելու, անօրենությունները կնքելու, անիրավությունները ջնջելու, հավիտենական արդարություն բերելու աշխարհին։ Հիսուսի փրկչական տնօրինությամբ է միայն տեղի ունենում մեղքերի թողությունը, որի մասին խոսում էր մարգարեն։ Հենց Նա է հավիտենական արդարություն բերել աշխարհ. Արդարության Արեգակը, որը ծագեց մեղքերի մեջ կուրացած խավար աշխարհում։ Եկեղեցին տոնակատարում է Տիրոջ տաճար գալստյան օրը լուցանելով կանթեղներն ու լապտերը, բաշխելով Արդարության Արեգակի գալստյան լույսը իր ժողովրդին, որպեսզի Քրիստոսի իմանալի լույսը ծագի մեր սրտերում, որպեսզի Քրիստոսի միջոցով ջնջվեն մեր անօրենությունները և քավվեն մեղքերը, հաստատվի փրկության դարը նոր Իսրայելում, որը Կենդանի Աստծու Եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության (Ա Տիմոթեոս 3:15):
Դավիթ սարկավագ