Աստվածասիրությո՞ւն, թե՞ հայրենասիրություն

Հայերենը Աստծուց տրված պարգև, օրհնություն և բարիք է հայ ժողովրդին սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով, որովհետև կան ազգեր, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց մայրենի լեզուն զանազան պատճառներով, այլ խոսքով՝ նրանց նոր սերունդը չի կարող գրել, կարդալ և խոսել իրենց մայրենի լեզվով, օրինակ՝ ասորիները և ղպտիները:

Հայոց լեզվի մեջ կան բազմաթիվ սքանչելի բառեր, որոնք մի կողմից լեզուն ավելի հարստացնում են և մյուս կողմից մարդու ամենօրյա կյանքի մաս են կազմում, օրինակ՝ աստվածասիրություն և հայրենասիրություն բառերը: Սակայն, ցավոք սրտի, հայ ազգի մեջ կան մոլորված ոչխարներ՝ աղանդավորներ, օրինակ՝ «Եհովայի վկաների» մտային բառարանը չի ընդունում, որ աստվածասիրություն և հայրենասիրություն բառերից յուրաքանչույրն ունի իր տեղն ու դերը մեր կյանքում: Նրանք ոչ միայն սխալ են խոսում և նկարագրում Աստծուն, այլև համառորեն պնդում են, թե պետությունները սոսկ Սատանայի գործ են, ուստի կոչ են անում բոյկոտել կառավարությունները, չգնալ բանակ, չբռնել զենք և չպաշտպանել պետության հողը, մերժել ազգայնականությունը, հոգևոր և քաղաքական առաջնորդությունները: Այս չար գաղափարները առաջ են գալիս, որովհետև իրենք իրենց ազատ կամեցողությամբ շեղվեցին ճշմարիտ ուղղափառ վարդապետությունից: Այս մասին սուրբ Մեսրոպ Մաշտոցը նշել է. «Չարիքը առաջ է գալիս ազատ կամքի սխալ գործածությունից»:

Երբ քննարկենք «աստվածասիրություն և հայրենասիրություն» թեման խոր և զանազան մոտեցումներով՝ աստվածաշնչական, հայրաբանական, պատմական, տրամաբանական, վերլուծական և այլն, պիտի հասնենք այն ճշմարիտ եզրակացությանը, որ դրանց միջև չկա հակասություն, որովհետև աստվածասիրությունը առնչվում է Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ, իսկ հայրենասիրությունը՝ մեր սիրելի հայրենիքի:

Աստվածասիրությունը և հայրենասիրությունը աստվածաշնչական մոտեցումով

Ճիշտ է, որ Աստվածաշնչում կան աստվածասիրության մասին բազմաթիվ համարներ, օրինակ. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (Բ Օրին․ 6:5), «Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ» (Մտթ․ 10:37), սակայն միաժամանակ կան նաև հայրենասիրությանը վերաբերող համարներ:

Հակոբ նահապետի հայրենասիրությունը: Հայր Աբրահամի թոռը՝ Հակոբը, իր խոր ծերության ժամանակ կանչել տվեց իր որդուն՝ Հովսեփին և խնդրեց, որ մահից հետո իրեն թաղի հայրերի հողում և ոչ թե Եգիպտոսում. «Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։ Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։ Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդվեց նրան, իսկ Իսրայելը խոնարհվեց՝ դիպչելով նրա գավազանի ծայրին» (Ծննդ. 47:29-31): Հայրենիքի հանդեպ այս բուռն սերը նաև արտահայտվում է Հին Կտակարանի բազմաթիվ անձանց կյանքում:

Իսրայելի ժողովրդի հայրենասիրությունը: Հայրենի հողից հեռու ապրելը հոգեկան տանջանք, արտասուք և տխրություն էր Իսրայելի ժողովրդի զավակների համար. «Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ, նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս» (Սղ 136: 1), «Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում օրհնությունները Տիրոջ» (Սղմ․ 136:4):

Երեմիա մարգարեի հայրենասիրությունը: Երեմիա մարգարեն հորդորում էր Աստծուց հեռացած իր ժողովրդի զավակներին, որ չլացեն մեռելների վրա, այլ լացեն որովհետև պիտի չտեսնեն իրենց հայրենի երկիրը աքսորի պատիժի պատճառով, «Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը» (Երեմ․ 22:10):

Հիսուս Քրիստոսի հայրենասիրությունը: Նոր կտակարանը ցույց է տալիս, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ոչ միայն սիրեց համայն մարդկությանը և Իր անձը որպես սիրո ընծա զոհեց խաչի վրա մարդկանց մեղքերի քավության համար, այլև սիրեց Իր ազգը, հայրենիքը և ծննդավայրը: Քրիստոս շրջելով՝ բարիք էր գործում (Գործք 10:38), և Մատթեոսի ավետարանում կարդում ենք, որ Նա վերադարձավ «իր քաղաքը». «Հիսուսը, նավակ մտնելով, անցավ լճի մյուս կողմը և եկավ իր քաղաքը» (9:1): «Իր քաղաք» արտահայտությունը սեփականություն, կապվածություն և սեր է ցույց տալիս:

Քրիստոս լաց եղավ Իր սիրած բարեկամի՝ Ղազարոսի գերեզմանի մոտ (Հովհ․ 11:35), նաև լաց եղավ Իր սիրած քաղաքի՝ Երուսաղեմի վրա. «Երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց. «Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից. Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված» (Ղուկ․ 19:41-44):

Ուստի, աստվածասիրությունը չի հակասում հայրենասիրությանը, որովհետև յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը մարդու կյանքում: Ամեն ճշմարիտ աստվածասեր անձ նաև հայրենասեր է, սակայն ամեն հայրենասեր աստվածասեր չէ, որոհետև կան անաստված հայրենասերներ: Մենք սիրում ենք Աստծուն, որովհետև նախ Նա մեզ սիրեց և սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև այն յուրաքանչյուր հայի հայրական տունն է և այս աշխարհում հայեցի ապրելու, պայքարելու և գոյատևելու լավագույն վայրը:

Աստվածասիրությունը և հայրենասիրությունը պատմական մոտեցումով

Հայոց պատմությունը դարերի ընթացքում միշտ վկայել է հայ ազգի աստվածասիրության մասին: Հայոց Աբգար թագավորը նամակ գրեց Քրիստոսին բժշկության խնդրանքով, նաև հրավիրեց Նրան գալ և իր թագավորության մեջ խաղաղ ապրել՝ հեռու հրեաների հալածանքներից: Առաջին դարում հայ ազգի իշխանները, պալատականները և մարդիկ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների միջոցով մերժեցին հեթանոսությունը և ընդունեցին քրիստոնեությունը: 301 թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց Հայաստան աշխարհում: 407-412 թթ. Աստվածաշունչը թարգմանվեց հայերեն: 451 թ. հայոց բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, Ավարայրի ճակատամարտում պայքարեց հավատի և հայրենիքի համար: Դարերի ընթացքում կառուցվեցին բազմաթիվ վանքեր, տաճարներ և եկեղեցիներ: 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ հայ աղջիկները մերժեցին կրոնափոխությունը և իրենք իրենց Եփրատ գետը նետեցին: Կան այլ շատ պատմական դեպքեր, որոնք ցույց են տալիս հայ ազգի աստվածասիրությունը:

Մյուս կողմից հայոց պատմությունը վկայում է հայ ազգի հայրենասիրության մասին՝ որպես աոողջ և պտղաբեր հսկա ծառ, որ իր խոր արմատները նետել էր և է հոգևորականների, զորավարների և ժողովրդի զավակների մտքում, սրտում և հոգում: Հայերի հայրենասիրությունը անբացատրելի սեր է հայրենիքին առնչվող ամեն ինչի՝ հայրենի սուրբ հողի, խրոխտ լեռների, դալար անտառների, մաքուր օդի, զուլալ ջրի, համեղ բերքի, գեղեցիկ ավանդույթների, հարուստ մշակույթի նկատմամբ: Հայ ազգը հայրենասիրության ոգով կառուցեց քաղաքներ և բերդեր, ամրապնդեց սահմանները, մղեց բուռն պատերազմներ հանուն հայրենիքի և ազգի գոյատևման:

Աստվածասիրությունը և հայրենասիրությունը տրամաբանական մոտեցումով

Աշխարհի բնակչության թիվը, ըստ (World Population Review) համացանցային կայքէջի, հասել է շուրջ 8 միլիարդի, որոնք ապրում են աշխարհի շուրջ 200 երկրում: Յուրաքանչյուր երկիր ունի իր սահմանը, դրոշը, քայլերգը, հարստությունը, օրենքները, ծրագրերը և քաղաքացիները: Հայրենիքի ամեն զավակ ոչ միայն ունի իրավունքներ, այլ նաև՝ պարտավորություններ: Արդար չէ հայրենիքից պահանջել մարդկային իրավունքների կատարում, իսկ մյուս կողմից հայրենասիրության հանդեպ հակաքարոզություն իրականացնել: Ինչպես ամեն գիտակից հայր կամ մայր, որ ոչ միայն սիրում է իր զավակներին, այլ նաև ուզում է նրանց կողմից սիրված լինել, նույնպես հայրենիքը պետք է սիրված լինի յուրաքանչյուր հայի կողմից: Ինչպես որ հայր կամ մայր չունեցող զավակը որբ է, նույնպես հայրենիք չունեցող ազգը որբ է: Աստվածասիրությունը և հայրենասիրությունը ամեն գիտակից հայի սրտի երկու բաժիններն են:

 

Գևորգ սրկ․ Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

13.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․