Աստվածածինը քնած Մանկան հետ

«Աստվածածինը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով, քանի որ քնած Մանկան կերպարում մարմնավորվում է մշտարթուն և ամենատես Աստված: Պատկերագրությունը հիմնվում է Աստվածաշնչի, ինչպես նաև Աստվածամոր փառաբանական երգերի վրա: Դավթի սաղմոսներում կարդում ենք. «Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը թող չննջի, ինչպես չի ննջում և քուն չի մտնում Պահապանն Իսրայելի» (Սաղմոս 120:3-4):

«Աստվածածինը քնած Մանկան հետ» պատկերագրական տարբերակներում ձեռքերը կրծքի վրա բռնած աղոթող Աստվածածնի դիմաց փակ աչքերով պառկած է Մանուկ Հիսուս: Պատկերագրական այս տարբերակը ձևավորվել է 13-14-րդ դարերի իտալական արվեստում: Այս տեսարանը պատկերող հնագույն նմուշներից են Հռոմի Ս. Մարկոս տաճարի և Պաբլո Վենեցիացուն վերագրվող գործերը:

Հայ նկարիչների մոտ այս պատկերի թեմատիկային հանդիպում ենք 17-18-րդ դարերում: Հայտնի են այս շրջանի անհայտ հայ հեղինակների երեք սրբապատկերներ: Նրանք օգտվել են վաղ Վերածննդի վենետիկյան դպրոցի նշանավոր վարպետ Ջիովաննի Բելլինիի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում գտնվող ստեղծագործության ընդօրինակությունից: Բելլինին աղոթող Աստվածամորը պատկերել է դեպի հեռուն ձգվող բնանկարի խորքի վրա, որը երևում է կամարաձև վերնամասով բացվածքից: Նրա առջև՝ մեջքի վրա պառկած, պատկերված է քնած մերկ Հիսուսը: Հայկական սրբապատկերներում նախօրինակի հորինվածքը որոշ փոփոխության է ենթարկվել՝ հարմարեցնելով Աստվածածնի պատկերագրության ազգային ավանդույթին: Ըստ այդմ՝ Աստվածածինը պատկերված է չեզոք դարչնաշագանակագույն խորքի վրա, ոսկեգույն, ճաճանչավոր լուսապսակով, ինչը բացակայում է նախօրինակում (Հիսուս առանց լուսապսակի է): Աստվածամայրը կարմիր շապիկով և կապույտ թիկնոցով է, նրա գլխաշորի և ուսերի վրա կուսությունը չխախտող ծնունդը խորհրդանշող մեկական աստղ է պատկերված: Բոլոր երեք գործերում Հիսուս պառկած է կողքի վրա, գլխի տակ կա՛մ գունագեղ նախշերով բարձ է (ՀԱՊ, Գ-4195), կա՛մ բարձի վրա հանգչող ձեռքին՝ կարմիր խնձոր (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, թիվ 28): Դրախտը խորհրդանշող այս մանրամասներին ավելանում է սպիտակ սավանի վրայից գցված կարմիր կտորը, որով մինչև գոտկատեղ ծածկված է Մանկան մերկ մարմինը (ՀԱՊ, ինվ. Գ-4195): Սրբապատկերներից մեկում (ՀԱՊ, Գ-1594) Աստվածամոր գլխավերևում պատկերված են աստղալից երկնքում թևածող չորս հրեշտակներ: Աստվածամայրը պատկերված է ձեռքերը կրծքին աղոթողի դիրքով Մանկան քունը հսկող կերպարով:

«Չննջող ակն» պատկերների շարքում ակնառու են այն պատկերները, որտեղ Մանուկ Հիսուս նիրհում է մոր գրկին նստած: Պատկերագրական այս տարբերակն է կրում Սանահինի վանքից 1934թ-ին տեղափոխված և Պետական թանգարանում պահվող 18-րդ դարի անհայտ հայ հեղինակի գործը (ՀԱՊ, Գ-1166): Այս տեսարանում Մանուկ Հիսուս պատկերված է մուգ շագանակագույն խորքի վրա գոտկատեղից ներքևի հատվածով, երեք քառորդ ձախ թեքված Աստվածածնի գրկում: Մանկան գլուխը հենված է մոր կրծքին, և փոքրիկ, մերկ ֆիգուրը տեղադրված է սպիտակ սավանի վրա, որի մի ծայրից մայրն զգուշությամբ բռնած վերև է բարձրացնում, ասես Հիսուսին ծածկելու համար: Նա ձախ ձեռքով պահում է Մանկան գոտկատեղից, որին հպվում է Հիսուսի ներքև կախված ձեռքը:

Պատկերագրական այս տարբերակն է ներկայացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող սրբապատկերներից մեկը (18-19-րդ դդ.): Անհայտ նկարիչը Մանուկ Հիսուսին պատկերել է մոր գոգին թեքությամբ նստած, մերկ մարմնով, բարձր բռնած գլուխը հենված ուսին, խաղաղ դեմքով ու փակ աչքերով, ձեռքը դրված ազդրին, ոտքը ոտքին գցված: Աստվածամայրը աջով գրկել է Մանկանը, իսկ կրծքի վրա բռնած ձախ ձեռքին կարմիր կազմով Ավետարան է: Տպավորությունն այնպիսին է, կարծես նա նոր է ընդհատել կարդալը և ուշադրությամբ նայում է անվրդով քնած որդուն: Աստվածածինը պատկերված է շղարշե գլխաշորով, ոսկեգույն երանագավորում ունեցող, մուգ կանաչ թիկնոցով, որը հանդիսավոր վեհություն է հաղորդում պատկերին:

Ուշ շրջանի արվեստում այս թեմայի պատկերագրական տարբերակներից մեկում պատանի Քրիստոս պառկած է կարմիր մահճի վրա և Նրա քունը հսկում են աղոթող Աստվածածինն ու մի հրեշտակ՝ Գողգոթայի խաչը ձեռքին: Պատկերի խորքը զբաղեցնում են դրախտը խորհրդանշող բուսականությունն ու թռչունները: Քրիստոնեական արվեստում Աստվածածինը քնած Մանկան հետ տեսարանը պատկերող տիպիկ օրինակներից է նովգորոդյան դպրոցի «Չննջող ակն» սրբապատկերը (16-րդ դար, Մոսկվա, Տրետյակովյան պատկերասրահ, ինվ. № 12871):

Պատկերագրական այս հորինվածքին է անդրադարձել Հովհաննես Մրքուզը, որի նկարը գտնվում է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Արիմաթիացի եկեղեցու (17-րդ դ.) բեմի աջակողմյան պատի վրա: Հեղինակը պատկերի կանոնիկ կոմպոզիցիան հետևյալ փոփոխությունների է ենթարկել. Քրիստոս պառկած է ոչ թե մահճի, այլ թեքությամբ դրված մեծ ու լայն խաչի վրա, որի շուրջը մատնության ու չարչարանքի, նաև կենցաղային իրեր ու առարկաներ են: Տեսարանում ավելացվել են նաև Հայր Աստծո և ծնկաչոք հոգևորականի պատկերները: Հովհաննես Մրքուզի բերած նորություններից մեկն այն է, որ նա հրեշտակի փոխարեն պատկերել է ծնկաչոք, աղոթող սևազգեստ հոգևորական, գլխավերևում՝ Քրիստոսի դաստառակը: Վերածննդի վարպետների օրինակին հետևելով՝ ենթադրվում է, որ նկարիչը պատկերել է իր ինքնանկարը, քանի որ Հովհաննես Մրքուզը հոգևորական է եղել: Սա հայկական սրբանկարչության մեջ նկատվող նոր միտումների դրսևորում է: Պատկերի վերնամասում Հայր Աստվածն է՝ ամպի շղթայով առանձնացված երկնքի հատվածում օրհնություն տալիս:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

22.02.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․