13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի հավատացյալ ժողովուրդ,
Այսօր Եկեղեցին, մենք բոլորս միասին տոնում ենք Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ եկեղեցական օրացույցի մեջ բազմաթիվ տոներ կան, սակայն դրանցից հինգը կոչվում են Տաղավար տոներ, որովհետև համարվում են ամենամեծ տոները: Եվ ահա այդ հինգ Տաղավար տոներից չորրորդը նվիրված է Ս. Աստվածածնին, Աստվածածնի Վերափոխմանը: Մեր եկեղեցական օրացույցի մեջ կան նաև բազմաթիվ այլ տոներ, որոնք նվիրված են Ս. Աստվածածնին, ինչպես, օրինակ, Տիրամոր հղության, ծննդյան, տաճար ընծայման, Ավետման, գոտու գյուտի և այլն: Սակայն այսօրվա տոնն է, որ համարվում է ամենամեծը և գագաթնակետը Աստվածածնի տոների:
Այսօր, երբ Ամենասրբուհի Կույսը վերափոխվեց, իր Որդու տնօրինությամբ այս աշխարհից փոխադրվեց դեպի արքայություն, ինչպես որ ասվում է այսօրվա շարականում: Մեր բոլոր եկեղեցական աղոթքների մեջ Աստվածածինը հանդես է գալիս որպես բարեխոս: Աղոթելիս, բնական է, որ մեր բոլոր աղոթքները ուղղված են Աստծուն` Հայր Աստծուն և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին: Սակայն մեր բոլոր աղոթքների մեջ հիշվում է Աստվածածինը ոչ թե նրա համար, որ մենք աղոթում ենք Տիրամորը, պարզապես մենք խնդրում ենք, որ նա միջնորդի մեր կարիքների համար, մեր խնդրանքները փոխանցի իր Որդուն կամ Հայր Աստծուն: Այսպիսով, Աստվածածինը մեր կյանքում հանդես է գալիս որպես մեր ամենամեծ բարեխոսողը: Երբ նայում ենք առօրյա մարդկային կյանքին, տեսնում ենք, որ բարեխոսությունը միշտ չէ, որ ընդունվում է, որովհետև շատ հաճախ ղեկավար մարդիկ, շատ հաճախ ընտանիքի ավագները` հայրերը, նեղվում են, թե ինչու է այս կամ այն անձնավորությունը բարեխոսում իրենցից մեկի մասին, որին իրենք շատ լավ գիտեն, որին իրենք սիրում են և որը կարող էր ուղղակիորեն իր խնդրանքը ներկայացնել: Տեսնում ենք, սակայն, որ Աստվածածնի պարագային այսպես չէ, որ և՛ Քրիստոս, և՛ Հայր Աստված սիրով լսում են Տիրամոր և մեր բոլոր աղոթքները, որոնք ուղղված են Աստվածածնի միջոցով, հասնում են Նրանց: Ամեն անգամ, երբ շոգ է լինում, բայց մենք չենք շոգում, նշանակում է՝ Աստվածածինը մեզ հետ է: Ամեն անգամ, երբ ցուրտ է, բայց մենք չենք մրսում, նշանակում է՝ Աստվածածինը մեզ հետ է: Եվ այս բարեխոսության կարիքը ունի ամեն մի հավատացյալ, անկախ նրանից, թե նա հայ հավատացյալ է, թե օտար ազգի պատկանող: Ամեն մեկը, որ հավատում է Աստվածածնի միջնորդության զորությանը, ցանկանում է, որ Աստվածածինը իր հետ լինի` իր հոգում, իր սրտում, որ իրեն հովանի լինի նրա օրհնությունը, և մեր աղոթքները հասնեն այնտեղ, ուր որ առաքվում է:
Այսօր, սիրելի հավատացյալներ, մենք դժվարին օրեր ենք ապրում, այսօր մենք ականատես ենք շաբաթներ շարունակվող այն ռմբակոծություններին, ականատես ենք այն մարդկային ողբերգություններին, որով ապրում է Միջին Արևելքը, և մեր բոլորիս պարտականությունն է՝ մի անգամ ևս խնդրել Ս. Կույս Աստվածածնին իր վերափոխման օրը իր միջնորդությունը, բարեխոսությունը հասցնի Աստծուն, որպեսզի խաղաղությունը վերահաստատվի այն բոլոր տարածքներում, որտեղ ինքը քայլել է ժամանակին, այն տարածքներում, որտեղ ինքը ծնել է իր Միածին Որդուն` Աստուծո Որդուն, այն տարածքներում, որտեղ ինքը ականատես է եղել, թե ինչպես իր Որդին Իր փրկչական առաքելությունն է կատարում, և թե ինչպես խաչին է հանվում, և սակայն նորից հարություն է առնում:
Ուսանելի է Քրիստոսի և Իր մոր հարաբերությունը: Երբ մի անգամ միասին գտնվում էին հարսանիքի Կանա քաղաքում, խնջույքի ընթացքում գինին սպառվում է: Աստվածածինը նայում է իր Որդուն: Քրիստոս դեռ չէր սկսել հրաշագործությունները, Քրիստոս դեռ չէր սկսել ավետել աշխարհին, որ ինքն է Աստծո Որդին, սակայն Աստվածածինը գիտեր այդ մասին, որովհետև նա Ավետումն էր ստացել Գաբրիել հրեշտակապետից և նայում է իր Որդուն, աչքերով խնդրում Նրան օգնել այդ մարդկանց: Քրիստոս նրան պատասխանում է. «Կին, դու ինչու ես խառնվում իմ գործերին»: Սակայն անդրադառնում է, որ այդ կինը իր մայրն է, որ նա լինելու է ամբողջ աշխարհի մարդկության մայրը, որ Տիրամայրը լինելու է այն անձնավորությունը, որը բարեխոսելու է բոլորի համար Իրեն: Քրիստոս կարծեք անդրադառնում է այս հանգամանքին և անմիջապես պատվիրում, որպեսզի տակառները նորից ջուր լցնեն, և այդ ջուրը Ինքը փոխարկում է գինու:
Ահա այս մտածումներով է, սիրելի հավատացյալներ, որ ես խնդրեցի ձեզ մեկ անգամ ևս մեր աղոթքները առաքենք Աստվածածնի միջոցով, որպեսզի Տերը խաղաղություն հաստատի Միջին Արևելքում:
Աստվածածնի վերափոխման տոնի հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կապել է նաև խաղողօրհնության արարողությունը, որի ժամանակ մենք խնդրում ենք Աստվածածնին, որպեսզի Ամենասրբուհի Կույսը օրհնի մեր դաշտերի բերքի բարիքը: Քիչ հետո Մայր Աթոռի բակում, բաց խորանի վրա, մենք կկատարենք խաղողօրհնեքը: Այս տարի Աստված ձմռանը մեզ առատ ձյուն տվեց և շատ ջուր տվեց, սակայն երբ ամառը դեռ չէր եկել, շատ արև տվեց և այդ արևը չորացրեց մեր դաշտերի և մեր լեռների խոտը, և երաշտ սկսվեց: Մենք տեսնում ենք, թե ինչպես Հայաստանի այս կամ այն անկյունում կրակը ոչնչացնում է արտեր և այգիներ: Ուրեմն այսօր, սիրելի հավատացյալներ, երբ մենք պիտի կատարենք խաղողի օրհնության կարգը, մի անգամ ևս խնդրենք Աստվածածնին` մեր բոլորի մորը, որպեսզի ինքը մի անգամ ևս բարեխոսի, որ Աստծո բարյացակամ աչքը անպակաս լինի մեր երկրի վրայից, և մեր ժողովուրդը, մեր գյուղացիները, որոնք իրենց ճակատի քրտինքով, իրենց ձեռքերով մշակել են դաշտերը, կարողանան օգտվել այդ բարիքներից, որովհետև այդ բարիքների օրհնությունն է, որ մենք այսօր պիտի կատարենք: Այդ մտածումներով, սիրելի հավատացյալներ, եկեք աղոթենք, շարունակենք մեր Սուրբ Պատարագը:
Շնորհ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանս, ամէն:
Տ. Եզնիկ արք. Պետրոսյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին մատուցված Ս. Պատարագին, 13 օգոստոսի 2006 թ.)