Մի երիտասարդ կրոնավոր ճգնեց քսան տարի` շաբաթական մի բուռ թրջած ոսպ ուտելով և հպարտացավ իր սրտում` իրեն մեծ մեկը կարծելով, և ուզում էր նշաններ գործել: Եվ գթաց նրան Տերը և նրա սիրտը գցեց Պողոսի խոսքը, որ ասում է. «Մենք մեր անձերից որևէ բանի կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը (Բ Կորնթ. Գ 5)»: Ինքն իր մեջ ասաց. «Եթե մեծն Պողոսն անգամ չէր համարձակվում որևէ բան խորհել իր անձից, որքա՜ն ես կարիք ունեմ սովորելու ուրիշներից: Գնամ այն անվանի մենակյացի մոտ, և ինչ որ ասի՝ կանեմ»: Գնաց մի նշանավոր ծերի մոտ, և մինչ մոտենում էր, ծերը տեսավ նրա ուսերին նստած երկու սև հնդիկների, որոնք շղթա էին գցել նրա պարանոցից, և յուրաքանչյուրը քաշում էր նրա գլուխը դեպի իրեն: Ծերն այս տեսնելով` հասկացավ պատճառը, քանզի հոգետես էր, ապա սկսեց հառաչել և լալ առանձին: Երբ եղբայրը ներս մտավ, ողջունեցին միմյանց և մոտ մեկ ժամ լուռ նստեցին, քանզի ծերն այդ սովորությունն ուներ: Ապա եղբայրն ասաց ծերին. «Հա՛յր, շահի՛ր ինձ և ուսուցանի՛ր փրկության ճանապարհը»: Պատասխանեց ծերը և ասաց. «Չեմ կարող, որդյա՛կ, քանզի ես ինքս կարիք ունեմ օգնականի և առաջնորդի»: Իսկ նա ասաց. «Մի՛ հրաժարվիր շահել ինձ, հայր իմ, քանզի քեզ եմ հուսացած և Աստծուն երդվել եմ անսալ քո խոսքին և կատարել այն»: Իսկ ծերն ասաց. «Ես հրաժարվում եմ քեզ որևէ խոսք ասել, որովհետև գիտեմ, որ չես կատարի»: Իսկ նա երդվեց նրան կատարել այն ամենը, ինչ որ լսի: Եվ ծերը տվեց նրան դահեկաններ և ասաց. «Գնա՛ քաղաք, գնի՛ր տասը հատ հաց, նույնքան գինի և նույնքան կիլոգրամ էլ միս և բեր՛ ինձ մոտ»: Երբ եղբայրը լսեց այս, տրտմեց, որ երդվել էր հնազանդվել նրան, և գնաց: Մինչ ճանապարհ էր գնում, ալեկոծվում էր բազում խորհուրդներից և ասում էր մտքում` ի՞նչ է կամենում սրանով անել ինձ ծերը, և ինչո՞ւ գնեմ այս քան ուտելիք և ձեռքս բռնելով՝ գայթակղեցնեմ տեսնողներին: Եվ ողբալով ընթանում էր այդ ճանապարհը, ապա հասնելով քաղաք՝ գնեց հացն ու գինին: Թեպետ խիստ տրտմում էր մսի համար, բայց գտնելով մի երկյուղած մարդու` խնդրեց նրան գնել միսը: Եվ մեծ ամոթով վերցնելով այդ ամենը` եկավ ծերի մոտ: Ծերը տեսավ, որ եղբոր մի ուսից հնդիկն անհետացել էր: Ասաց նրան ծերը. «Մի՛ մոռացիր, սիրելիս, որ Աստծուն ուխտել ես հնազանդվել այն ամենին, ինչ որ ասեմ քեզ: Արդ, վերցրո՛ւ այս բոլորը և տա՛՛ր քո սենյակ, և երբ կատարես աղոթական կարգը, ճաշի ժամին կուտես մեկ հաց, մեկ կիլոգրամ միս և կըմպես մեկ շիշ գինի: Այդպես կանես տասն օր և կգաս ինձ մոտ, և ես քեզ կասեմ այն, ինչ Աստված կտա խոսել ինձ»: Երբ եղբայրը լսեց այս, սոսկաց հույժ, բայց երդման պատճառով չկարողացավ ընդդիմանալ: Եվ վերցնելով այդ ամենը, գնաց ողբալով և խիստ տրտմու թյամբ, և տանը նստած՝ լալիս էր ու ասում. «Վայ ինձ` եղկելիիս, որ պահքից զրկվելով` ընկա որկրամոլության մեջ. և ինչ անեմ` չգիտեմ` ուտե՞մ, թե՞ չուտեմ. եթե չուտեմ, Տերը կբարկանա ինձ վրա Իր անունով երդվելու համար, որ ուխտեցի, թե ծերն ինչ ասի, պիտի անեմ այն` որպես թե Աստծո բերանից է դուրս եկել, իսկ եթե ուտեմ, ի՞նչ կլինի իմ վաստակը: Արդ, Տե՛ր, նայի՛ր տառապանքներիս և ողորմի՛ր բռնադատվածիս, և թողությո՛ւն տուր մեղքերիս, քանզի բռնադատվում եմ գործելու ճգնությանս հակառակը»: Այսպես ողբալով՝ գնաց իր տուն և արեց այն ամենը, ինչ հրամայել էր ծերը, և ավելի շատ էր աղոթում. և ամեն անգամ, երբ մոտենում էր ուտելու ժամը, արտասուքներով թրջում էր սեղանը և ասում. «Տե՛ր, իսկապես թողեցի՞ր ինձ»: Երբ Տերը տեսավ նրա խոնարհությունն ու հնազանդությունը, մխիթարություն տվեց նրա սրտին և ճանաչեցրեց նրան գործի խորհուրդը, և թե ինչու նրա հետ պատահեց այս բանը: Արտասուքներով գոհացավ Աստծուց ու խոստովանեց մարգարեական խոսքը, թե` եթե Տերը չշինե տունը` զուր են ջանում շինողները, և եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են արթուն մնում նրա պահապանները (Սաղմ. ՃԻԶ 1): Եվ երբ լրացան այդ օրերը, հընթացս որի կատարեց ծերի հրամանները հեզությամբ և արտասուքներով, գնաց նրա մոտ. և ավելի թորշոմած և մաշված էր մարմնով, քան այն ժամանակ, երբ շաբաթը մեկ անգամ ոսպ էր ճաշակում: Երբ ծերը տեսավ նրան այդպես խոնարհված, և սև հնդիկների փոխարեն՝ նրա աջ ու ձախ կողմերում` պայծառ երեսներով լուսո հրեշտակների, ընդառաջ գնաց նրան և ուրախությամբ ներս ընդունեց, ապա աղոթք անելով` լուռ նստեցին: Եվ ասաց ծերը նրան. «Որդյա՛կ, մարդասեր Աստված նայեց քեզ և թույլ չտվեց թշնամուն տիրելու քեզ, քանզի նա սովորություն ունի խաբելու առաքինիներին և գցելու ամբարհավաճության մեջ, և ներշնչում է անելու ավելին, քան կարող է, և անվանում է բարձրագույն չափ, որպեսզի դրանով հեշտությամբ որսա նրանց: Սակայն Աստված հեզերի և խոնարհների մեջ է բնակվում, և մեղքերից ոչ մեկը այնքան ատելի չէ Աստծուն, որքան ամբարտավանությունը, և չկա Աստծո առաջ ավելի պատվական առաքինություն, քան՝ հեզությունն ու խոնարհությունը, քննի՛ր և ուսանի՛ր այս խոսքերս փարիսեցու և մաքսավորի առակով (Ղուկ. ԺԸ 9-14): Որովհետև չափազանցված ճգնությունները խիստ վտանգավոր են, քանզի հեշտ են կործանում, ինչպես հայրերից մեկն է ասում` ինչը չափից ավելի է` դևից է: Գնա՛, որդյա՛կ, կե՛ր քո հացը ամեն երեկո, և եթե հարկ լինի, առանց երկմտության և խղճմտության փոխի՛ր սահմանված ժամը: Եթե ստացվի, որ օրվա մեջ երկու անգամ ուտես, մի՛ տրտմիր, քանզի օրենքի բռնադատության տակ չենք, այլ՝ Հիսուս Քրիստոսի շնորհների: Իսկ երբ ուտելու լինես, մի՛ հագեցիր, այլ զսպիր քեզ՝ որքան կարող ես, և պարարտ կերակուրներից հոռին ընտրիր, բայց ամենից առավել սիրտդ պահիր և բոլոր առաքինու թյուններից առավել խոնարհություն ստացիր, քանզի խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում, և դարձյալ` խոնարհվեցի, և փրկեցիր ինձ, իսկ Եսայի մարգարեն Տիրոջ անունից ասում է` Ես որտեղ եմ բնակվում, եթե ոչ հեզերի և խոնարհների մեջ, որոնք դողում են իմ խոսքերից (Եսայի ԿԶ 2): Արդ, դու քո ողջ հույսը դիր Աստծո վրա և քո հոգսը գցիր նրա վրա, քանզի եթե Տերը չնայի քեզ, ընդունայն է քո վաստակը: Գնա՛ խաղաղությամբ քո ճանապարհը, որդյա՛կ, և թող Տերն ուղղորդի քեզ և որպես լույս ծագեցնի քո արդարությունը և քո իրավունքը` որ պես միջօրե (Սաղմ. ԼԶ 6)»: Այսպես ծերը շահելով եղբորը` հաստատեց նրան և սիրալիր հյուրընկալելով` կերակրեց նրան և արձակեց գնալու իր սենյակը: Եվ նա գնաց խնդությամբ` ասելով. «Քո երկյուղածները թո՛ղ խրատեն ինձ, և նրանք, ովքեր ճանաչում են քո վկայություննե րը (Սաղմ. ՃԺԸ 79)»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016