Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Միաբանության եղբայրներից մի քանիսը գնալով հասան անապատ և մտնելով ոմն մենակյացի մոտ` նրա կողմից ցնծագին ընդունելություն գտան: Ըստ  անապատականների  սովորության՝  տեսնելով, որ նրանք հոգնատանջ են, իսկույն սեղան գցեց նրանց առաջ և ինչ ուներ հյուղում` նրանց առջև դրեց և հանգստացրեց նրանց: Եվ երբ երեկո եղավ, տասներկու սաղմոս կարդացին, նույնպես և՝ գիշերը: Եվ մինչդեռ ծերն արթուն էր, լսում էր նրանց խոսակցությունը, որ իրար ասում էին. «Անապատի մենակյացներն ավելի լավ են հանգստանում և ավելի պարարտ են ուտում, քան մենք, որ միաբանականներ ենք»: Եվ պատրաստվում էին հաջորդ օրը գնալ նրա դրացու մոտ: Ծերը նրանց ասաց.  «Ողջո՛ւյն հաղորդեք նրան ինձանից և ասացե՛ք նրան. «Բանջարդ մի՛ ջրիր»: Եվ դրացին, լսելով այդ, հասկացավ ակնարկը և նրանց մինչև երեկո պահեց անոթի` գործ անել տալով: Երեկոյան երկար աղոթք արեցին, և նրանց ասաց. «Հանուն ձեզ դադար տանք, քանզի հոգնաբեկ եք»: Ասաց դարձյալ. «Սովորություն չունենք ամեն օր ուտելու, սակայն հանուն ձեզ կճաշակեմ մի փոքր»: Նրանց առաջ սեղան դնելով՝ աղ ու հաց, ասաց. «Այսօր ձեր պատվին արժե տոնական ճաշկերույթ անել»: Եվ աղի վրա մի քիչ քացախ լցրեց: Այնուհետև վեր կենալով պաշտամունք արեցին մինչև առավոտ, և առավոտյան ասաց. «Ձեր պատճառով չեմ կարող պաշտամունքի ամբողջ կարգը կատարել, որպեսզի մի փոքր հանգստանաք, քանզի եկվոր եք»: Եվ առավոտյան նրանք կամեցան փախչել, իսկ նա աղաչում էր նրանց և ասում. «Մնացե՛ք այստեղ ևս մի քանի օր, որովհետև ըստ անապատական սովորության, ձեզ չեմ կարող արձակել, եթե նույնիսկ հազար անգամ ընկնեք առջևս, երեք օր ևս մնացեք ըստ պատվիրանի»: Իսկ նրանք տեսնելով, որ չի արձակում, վեր կացան և գաղտնի  փախան:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․