25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ Սկյութիայում ծերերը ճաշակում էին միասին: Հայր Հովհաննես Կարճահասակն էլ էր նրանց հետ: Երեցներից մեկը վեր կենալով կժով ջուր մատուցեց նրանց, որ խմեն, սակայն ոչ մեկը չկամեցավ նրանից ջուր վերցնել, բացի Հովհաննես Կարճահասակից: Եվ զարմացան նրա վրա և ասացին. «Ինչպե՞ս դու` ամենքից կրտսերագույնդ, համարձակվեցիր վերցնել երեցից ջուր և ըմպել»: Հայր Հովհաննեսն ասաց նրանց. «Երբ վեր եմ կենում մեկին ջուր տալու, ուրախանում եմ, որ բոլորն ըմպում են, որպեսզի վարձ ստանամ: Արդ, ես նրա համար վերցրի, որ նրան վարձք լինի, և չտրտմի` իրենից ջուր չվերցնելու պատճառով»: Երբ նա այս ասաց, բոլորը զարմացան նրա դատողության վրա և օգուտ քաղեցին դրանից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016