13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով» (Ղուկաս 1:46, 47)
Սիրելի՛ աղոթակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը: Մարդկանց համար անգամ Տիրամոր գոտու և տուփի գտնվելը եղել է մխիթարություն և ցնծության աղբյուր, որոնցով զանազան բժշկություններ են եղել և հրաշագործություններ կատարվել: Դրանք ևս Աստծո խնամքի, հոգատարության և գթության վկայություններն են: Եկեղեցու հայրերը կարևորել և արժևորել են Աստվածածնի միջնորդությունը, շնորհների և մխիթարության պարգևումը նրան պատկանող նյութեղեն իրերի միջոցով, որոնք դարձել են մարդկանց համար տոնակատարության առիթներ: Աստվածային մխիթարությունը սահմաններ չի ճանաչում: Այն անքանակ և առատաբուխ տրվում է մեզ բազմաբնույթ ձևերով և ճանապարհներով: Մենք, առանց երկնային մխիթարության, չէինք կարողանա հաղթահարել փորձությունները, հոգսերն ու հիվանդությունները: Աստված երբեք անմխիթար չի թողնում իր զավակներին: Աստվածային մխիթարությունն անպակաս է մեր կյանքում և անչափ կարևոր մեզ համար: Երկար և անվերջ կարող ենք խոսել Աստվածային մխիթարության մասին, քանի որ առաջին և անփոխարինելի երևույթը, որ Աստված մեզ հետ է, Նրա Որդու մարմնացումն է, այնուհետև Ինքը Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը: Ողջ Աստվածաշունչն է Աստծո պարգևած մխիթարությունների առհավատչյան:
Սիրելինե՛ր, այսօրվա սուրբգրային ընթերցվածքներից է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից փոթորկի խաղաղեցումը: Իր աշակերտներն ու հետևորդները նավակների մեջ էին: Հիսուս ննջում էր նավակում, իսկ աշակերտները, սարսափած ծովի ալիքներից, արթնացնում են Քրիստոսին և ասում. «Վարդապե՛տ, քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Եվ Նա, արթնանալով, սաստեց հողմին և ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եվ հողմը դադարեց ու մեծ խաղաղություն եղավ: Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպես վախկոտ եք, դեռևս հավատ չունե՞ք» (Մարկոս 4:38-40): Քրիստոս իրենց հետ էր, իրականում նրանք վախենալու ոչինչ չունեին: Տերը ննջում էր, բայց նրանց հետ էր: Աստված միշտ մեզ հետ է, մեր վերևում և մեր կողքին, մենք չպետք է դա մոռանանք և կյանքի խռովահույզ ալիքներից խուճապի մատնվենք՝ Աստծուն մեղադրելով մեզ դժվար պահերին միայնակ թողնելու մեջ: Նման բան չի լինում, որովհետև Աստված մեր Հայրն է, մեր հոգատար Ծնողը, մեր կյանքի անբաժան Ուղեկիցը, որ ցանկանում է դառնալ մեր կյանքի Առաջնորդը, Որի վրա մենք պետք է դնենք մեր հույսը, Որին պետք է անվերապահորեն հավատանք և վստահենք մեր կենաց նավի ղեկը: Ինչպես սաղմոսում է ասվում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ» (Սաղմոս 26:1): Այսինքն՝ այս կյանքում չկա մի բան, որ պետք է վախեցնի ու սարսափեցնի մեզ, որովհետև Տերը միշտ մեզ հետ է: Իսկ մեկ այլ տեղ սաղմոսերգուն երգում է. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմոս 22:4): Փոթորկի խաղաղեցումից հետո մարդիկ ապշահար միմյանց հարցնում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ ծովը հնազանդվում են սրան» (Մարկոս 4:41): Այդպես մեր առօրյա բոլոր հույզերն ու ապրումներն էլ Ամենակարող Աստված ի զորու է խաղաղեցնել և հանգստություն պարգևել մեզ, մեր հոգիներին: Աստված մխիթարության Աստված է, մեզ չի լքում և մեզ մենակ չի թողնում մեր փորձությունների ժամանակ: Եվ մենք բոլորս էլ կարող ենք, հետադարձ հայացք նետելով մեր անցած ճանապարհին, փաստել այն իրավիճակները, որոնք հաղթահարել ենք Աստծո օգնականությամբ, որ Նա Իր հզոր զորությամբ խաղաղեցրել է մեր փոթորկալից կյանքը, մեր սրտերին մխիթարություն և հանգիստ շնորհել: Նա է մեզ օգնում և օրհնում, Նա է մեզ առաջնորդում և մխիթարում, ըստ Սուրբ Պողոս առաքյալի, «Հայրը Գթությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց» (Բ Կորնթացիներ 1:3, 4): Մենք էլ պիտի կարողանանք մխիթարություն դառնալ ուրիշների համար, որովհետև մեզ էլ Աստվածային մխիթարությունը նույնպես ներկայացել է մարդկային կերպարանքով, մեր հարազատներն ու բարեկամները, մեր հավատակից քույրերն ու եղբայրները, անգամ անծանոթները ձեռք են մեկնել մեզ անսպասելի ժամանակ, երբ մենք հայցել ենք Տիրոջ ողորմությունը: Այո՛, իսկապես, Աստվածային մխիթարությունը շատ անգամ է մեզ համար մարդկային տեսք ունեցել: Մենք ցնծացել և ուրախացել ենք, երբ մեր սրտերում թագավորել են Տիրոջ խաղաղությունն ու անդորրը: Նրա հրամանով կյանքի ալեհույզ կոհակները դադարել են բախել մեր հոգու տապանը: Ուստի, սիրելինե՛ր, մենք էլ պարտավոր ենք Աստծո մխիթարիչ զորությամբ մխիթարություն և անդորր բերել մեր տներից ներս, մեր ընտանեկան հարկերում, մեր օգնության և մխիթարանքի կարիքն ունեցողներին, չզլանանք մխիթարանքի և խրախուսական խոսքեր ասել անհուսալի իրավիճակներում հայտնված մարդկանց, գոտեպնդել նրանց ավետարանական խոսքերով, օգնել նրանց՝ նեցուկ և հենարան գտնելու Աստծո հանդեպ ունեցած անսասան հավատի մեջ, չերկմտել և չդողալ երևելի ու աներևույթ թշնամիներից, հուսահատության մեջ չընկնել հիվանդությունների ժամանակ, ծերերին ընկեր ու բարեկամ դառնալ՝ լրացնելով նրանց միայնությունը, հիվանդներին այցի գնալ՝ չթողնելով նրանց միայնակ իրենց ցավերի ու տրտմությունների հետ: Մենք բոլորս պետք է հետևենք Սուրբ Պողոս Առաքյալի պատգամին. «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք» (Ա Կորնթացիներ 16:13):
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի օգնությամբ անցնենք կյանքի ծովի մյուս ափը, այսինքն՝ դեպի Տիրոջ նավահանգիստը: Այդ ճանապարհին չվախենանք՝ մեր նավակը վստահելով Ամենազոր և Բազմագութ Նավավարին: Իրապես մաղթում եմ բոլորին, որ կարողանանք Աստվածային այցելությունները, հայտնությունները, մխիթարությունները, այդ թվում և Աստվածամոր բարեխոսությամբ, կամ ի դեմս Սուրբ Կույսի, մեր կյանքում առիթ դարձնենք օրհներգության և փառաբանության, որպեսզի մենք էլ Նրա հետ կարողանանք ասել. «Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է: Նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է» (Ղուկաս 1:49, 50):
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան