3 Դեկտեմբեր, Գշ
Սրբիչը գլխին փաթաթած մի գործարար և բարեպաշտ մարդ ասում է.
- Աստվա՛ծ իմ, ինչքան աղոթում եմ, դեղ եմ խմում, գլխացավս չի անցնում: Արդեն չգիտեմ, թե ինչպես անել...
Նկատում է, որ իրեն ծանոթ մի երգիչ մի սայլ է քարշ տալիս, իսկ սայլը ծանրաբեռնված է մեծ ու փոքր ապրանքներով, իրերով: Եվ սայլի վրա ինչ-որ արարածներ են թռչկոտում ու նրանցից մեկն էլ, իբրև սայլապան, մտրակով հարվածում է երգչին ու դժգոհում.
- Արա՛գ, արա՛գ շարժվիր, մի ձիու չափ էլ չկաս, քանի անգամ քեզ ասեմ, որ ուղղություն վերցրու դեպի բարձունքը:
Գործարարը մոտենում է երգչին ու հարցնում, թե ինչ է կատարվում:
Բեռի ծանրությունից կքված ու լարված երգիչը դժվարությամբ պատասխանում է.
- Գնում եմ դեպի իրականացում, կյանքի իմաստավորում:
Սայլի մեջ լցրել եմ իմ նպատակներն ու ծրագրերը, խնդիրներն ու մտահոգությունները: Իսկ այս արարածներն իմ խորհրդատուներն են, որ ինձ հանգիստ չեն տալիս: Իսկ դու ինչո՞ւ ես գլխիդ սրբիչ փաթաթել.
Գործարարը հանում է սրբիչը և պատասխանում.
- Ես էլ քեզ պես մի սայլ էի քարշ տալիս, բայց հենց հիմա հասկացա, որ այլևս գլխացավ չունեմ, քանի որ ծրագրերի ու նպատակների ղեկավարն Աստված է, իսկ ինքս` աշխատող:
Մեզ մնում է գործել և աշխատել, իսկ իրականացումը թողնել Աստծուն: Մի կողմ թող այդ սայլը և խաղաղվիր ու ճանապարհդ առանց այդ սայլի շարունակիր:
Հովհաննես Մանուկյան