3 Դեկտեմբեր, Գշ
Քրիստոնեության պարծանք և հավատքի սյուն՝ առաջին հավատացյալ ինքնակալը, աստվածասեր և բարեպաշտ հռոմեացիների կայսրը՝ Կոստանդիանոս Մեծը ծնվել է 275թ-ին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Որդին է Հեղինե անունով կնոջ և Կոստանդիոս հայտնի զորավարի, ով հետո դարձավ կեսար և իշխում էր Գալիլիայում և Անգլիայում:
Կոստանդիանոսը պաշտոնապես ազատում է եկեղեցին ավելի քան 250 տարիներ տևող հալածանքներից: Եվ ոչ միայն ազատում է եկեղեցին հալածանքից, այլ նաև հովանավորում, տեր ու պաշտպան կանգնում և պետական աստիճանի բարձրացնում Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրություններում: Նրան է պատկանում Բյուզանդական կայսրության մեջ 313թ-ին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը տերության մեջ պաշտվող մյուս կրոններին հավասար թույլատրելի կրոն հռչակելը: 306թ-ին հոր մահից հետո Անգլիայում Կոստանդիանոսը բանակի կողմից հռչակվում է կայսր հռոմեական կայսրության արևմտյան մասի իր բաժնի համար: Երբ Հռոմում կայսր է հռչակվում Մաքսենտիոս բռնակալը, Կոստանդիանոսը դիմում է Հռոմ և ճանապարհին ջախջախում Մաքսենտիոսի ուղարկած երկու բանակները: Կոստանդիանոսն աշխարհի մեծագույն զորավարներից մեկը և այն եզակի կայսրերից է, ով երբեք պատերազմներում պարտություն չի կրել: Լիովին արժանի է «Մեծն» տիտղոսին: Երբ իր զորքով մոտենում է Հռոմին, պատրաստվելով վճռական ճակատամարտին, ճանապարհին երկնքում տեսնում է խաչի նշանը և լսում հետևյալ պատգամը. «Այս նշանով կհաղթես»: Անմիջապես հրամայում է դրոշների վրա դնել խաչի նշանը: Քաղաքի «Միլանի կամուրջ» կոչվող մուտքի վրա երկու բանակները ճակատամարտ են տալիս: Մաքսենտիոսի կողմը չնայած իր բազմաքանակությանը, պարտություն է կրում, իսկ բռնակալը, Տիբեր գետն ընկնելով, զոհվում է: Կոստանդիանոսը մնում է կայսրության ամբողջ արևմտյան մասի միակ կայսրը և այնտեղ վերացնում քրիստոնյաների հալածանքը: 313թ-ին Արևելքի կայսր Լիկիանոսի հետ հրապարակում է Միլանի հրովարտակը, որով քրիստոնյաների հալածանքին վերջ է դրվում ամբողջ հռոմեական կայսրության մեջ: Սակայն շուրջ տասը տարի հետո՝ 322-ին, Լիկիանոսը չեղյալ է համարում իր ստորագրած հրովարտակը և վերըստին սկսում հալածել քրիստոնյաներին: Կռիվը անխուսափելի էր: Կոստանդիանոսի և Լիկիանոսի միջև ճակատամարտ է տեղի ունենում Ադրեանապոլսի մոտ, որտեղից Լիկիանոսը փախչում է Բյուզանդիոն: Կոստանդիանոսը այստեղ էլ է նրան նեղը գցում: Լիկիանոսն այս անգամ փախչում է Նիկոմեդիա, ուր ի վերջո ստիպված է լինում անձնատուր լինել Կոստանդիանոսին: Վերջինս ներում է Լիկիանոսին, ով իր փեսան էր: Սակայն որոշ ժամանակ անց, երբ Լիկիանոսը վերսկսում է իր նենգամիտ գործողությունները, Հռոմի ծերակույտը նրան մահվան է դատապարտում: Այսպես, 324թ-ին Կոստանդիանոսը դառնում է ամբողջ հռոմեական կայսրության միապետը և որոշում է միավորել նաև եկեղեցին, որն այդ ժամանակ պառակտված էր արիոսականների պատճառով: 325թ-ին կայսրը հրավիրում և ինքն էլ նախագահում է Նիկիա քաղաքում գումարված Տիեզերական ժողովը, ուր արիոսականությունը դատապարտվում է: Սակայն հետո, երբ արիոսականները հզորանում են, կայսրն անցնում է նրանց կողմը և դարձյալ եկեղեցին միավորելու նպատակով, սկսում աքսորել ուղղափառ հոգևորականներին, որոնց թվում և Աթանաս Ալեքսանդրացի հայրապետին: Չնայած սրան, Կոստանդիանոսը կատարել է քրիստոնեությանը նպաստող շատ գործեր. կառուցել է եկեղեցիներ, որոնց թվում Երուսաղեմի Սբ. Հարության, Համբարձման և Վերնատան եկեղեցիները և Բեթղեհեմի Սբ. Ծննդյան տաճարը: Բարեկարգել է հռոմեական օրենքը, հոգևորականներին ազատել տուրքերից, կիրակին հանգստյան օր սահմանել: Կոստանդիանոս կայսրը մկրտվել է մահվան մահճում 337թ-ին: Պատճառն այն էր, որ կամեցել էր Քրիստոսի նման մկրտվել Հորդանան գետում, բայց հանգամանքների բերումով, սա չէր հաջողվել:
Կոստանդիանոս Մեծի հետ Հայ եկեղեցին հիշատակում է նրա մորը՝ Հեղինեին, ով բոլոր բարեպաշտական գործերում իր որդուն քաջալերողն էր ու գործակիցը: Իրեն է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը Երուսաղեմում 326թ-ին և այս դեպքի հիշատակը եկեղեցին նշում է առանձին տոնով: Հեղինե թագուհին Երուսաղեմում և շրջակայքում կառուցել է տվել եկեղեցիներ և մատուռներ, ինչպես նաև կուսանոցներ: Վախճանվել է 330թ-ին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը