26 Դեկտեմբեր, Եշ
Փրկությունը տարածվում է քարոզությամբ և յուրացնվում է ճանաչողությամբ, իսկ ճանաչողությունը զարգացնում է մարդու հոգու մեջ գիտակցական հավատք, որով նա մոտենում է այն փրկարար խորհուրդներին, որոնք տանում են հավատացողին դեպի Քրիստոսի հաղորդակցությունն ու Ս. Հոգու տաճար դարձնում: Ուրեմն նախ պետք է քարոզը լինի, որ հավատքն էլ նորան հետևի: Բայց քարոզն էլ պետք է Աստուծո խոսքից բղխի, վասնզի Աստուծո շնորհաց խորհուրդները միմիայն Աստված կարող է ամենահավատարիմ, ամենավստահելի և ամենահավատալի կերպով տալ. ինչ որ Աստված չէ տալիս ու լոկ մարդկային է, այն չի կարող մեր հոգու փրկության ծառայել: Եվ քանի որ առաքյալները հրաման էին ստացել քարոզելու, պարզ է, որ Աստված յուր խոսքը կտար նոցա, անմիջապես յուր աստվածային լուսով կլուսավորեր նոցա միտքն ու սիրտը այնպես, որ նոքա յուրյանց քարոզության մեջ ազատ կլինեին սխալներից և փրկության ճշմարիտ ճանաչողություն կտային ամենքին: Առաքյալներն արդեն նույնիսկ Քրիստոսից ստացել էին քարոզության կենդանի հիմունքներ, նոքա ստացել էին կենդանի սերմեր, որոնք պետք է հետզհետե աճեին ու պտուղներ տային, սակայն նոքա այն ժամանակ միայն կարող էին կենդանարար վարդապետության պտուղներ տալ, երբ Քրիստոսի ուղարկած ճշմարտության Ս. Հոգու հովանու տակ զարգանային: Առաքյալները պահում էին Քրիստոսի աննման խոսքերը յուրյանց հոգու մեջ, սակայն դեռևս չէին հասցրել կատարյալ գիտակցության և ինքնուրույն գործադրության: Նոքա պետք է յուրացնեին այդ ամենն և իբրև լուսո շողեր արձակեին, իսկ այդ այն ժամանակ կլիներ, երբ Ս. Հոգին աճեցներ այդ ամենն և պայծառացներ արդյունավորության համար: Առաքյալները դեռ այնքան պատրաստ չէին եղել, որ Քրիստոս ամեն ինչ ասեր նոցա, ուստիև հայտնեց. «Եւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ոչ կարէք հանդարտել այժմիկ: Յորժամ եկեսցէ նա` Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ` խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ: Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ» (Հովհ., ԺԶ 22): Նոքա միմիայն Ս. Հոգու հովանու տակ պետք է հասկանային Քրիստոսի ասածներն ու վերստին հիշեին[1] այնպես, որ նոցա բոլոր քարոզածները նույնիսկ Քրիստոսի քարոզածները լինեին, նույնիսկ իբրև Քրիստոսի ասածներն ընդունեին, որպես Քրիստոս էլ ասում է նոցա. «Որ ձեզ լսէ, ինձ լսէ, եւ որ զձեզ անարգէ, զիս անարգէ...» (Ղուկ., Ժ 16): Այս խոսքի գիտակցությունը պինդ պահում էին առաքյալները` զանազանություն որոշելով մինչև անգամ յուրյանց և Քրիստոսի հատուկ խոսքերի մեջ (Ա Կոր., Է 6):
Որքան էլ հրաշքներ գործեց Աստուծո խոսքն առաքելոց` կենդանի քարոզության մեջ, այնով հանդերձ զանազան եկեղեցիների շահերը պահանջեցին բացակայող առաքյալներից խրատել հեռուստ յուրյանց հավատացող համայնքները և հիշեցնել նոցա բազմիցս ասվածները: Թեև գրվածքը չէր կարող երբեք կենդանի քարոզի տեղը տալ, սակայն և այնպես առաքյալները բարվոք համարեցին թղթերով նորոգել հավատացյալների մեջ յուրյանց քարոզության հիմնական կետերը կամ այն ամենը, ինչ որ հետաձգել մինչև յուրյանց այցելությունն անհնար էր կամ վտանգավոր: Այդ թղթերը ժամանակի ընթացքում շատացան և ապա, ամփոփվելով Հին Կտակարանի ժողովածվի հետ, պահպանվեցան եկեղեցում իբրև Աստուծո Նոր Ուխտի հիմնական վարդապետության հարազատ արձանագրություններ:
Եվ ահա ինչպես որ Ս. Հոգին դարեր շարունակ տվել է մեզ Աստուծո խոսքը, Աստուծո նախապատրաստական հայտնությունը մարգարեների բերանով[2], միևնույն Ս. Հոգին տվավ մեզ Աստուծո կատարյալ հայտնությունը, Աստուծո խոսքն, Աստուծո Ավետարանը[3] Ս. առաքյալների միջոցով: Ուստիև Պողոս առաքյալը գրում է յուր աշակերտին. «Ի մանկութենէ զգիրս սուրբս գիտես, որ կարող են իմաստուն առնել զքեզ ի փրկութիւն ի ձեռն հաւատոցն, որ ի Քրիստոս Յիսուս: Ամենայն գիրք աստուածաշունչք եւ օգտակարք ի վարդապետութիւն են եւ ի յանդիմանութիւն եւ յուղղութիւն եւ ի խրատ արդարութեան. Զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ յամենայն գործս բարութեան հաստատեալ» (Բ Տիմ., Գ 15): Այն, ինչ որ մարդ յուր մարմնավոր աչքով տեսնել չի կարող և ականջով լսել չի կարող, այն, որ աստվածային գաղտնյաց է վերաբերում և աստվածային սրբության շրջանին է պատկանում, այդ է, որ տվել են մեզ հեղինակները Ս. Հոգով ու միշտ շեշտել են, թե` «մեք զմիտս Քրիստոսի ունիմք» (Ա Կոր., Բ 16): Նոքա տվել են մեզ այն, որին ամբողջ մարդկությունը կարոտել է և Աստվածանից սպասել: «Այլ մեք ոչ եթէ զհոգի աշխարհիս առաք, այլ զՀոգին, որ յԱստուծոյ, զի ծանիցուք զայն, որ յԱստուծոյն շնորհեցաւ մեզ: Եւ զոր խօսիմքս` ոչ եթէ մարդեղէն ուսմամբ ճարտարութեամբ բանից, այլ վարդապետութեամբ Հոգւոյն, ընդ հոգեւորս զհոգեւորսն համեմատեմք», - ասում է Ս. Պողոս (Ա Կոր., Բ 13): Արդարև` չնայելով առաքյալների այն շրջանին, որից նոքա դուրս են եկել, նոքա կատարյալ վստահությամբ քարոզում են Աստուծո խոսքը, ոչ մի դեպքում չեն տարակուսում և չեն դետևում, վասնզի գիտեն, որ Ս. Հոգին է յուրյանց մեջ խոսում, որպես խոստացել էր Քրիստոս, «ոչ եթէ դուք իցէք, որ խօսիցիքն, այլ Հոգին Հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ»[4]: Այս է, որ դավանում ենք Հավատամքում. «Հաւատամք եւ ի Ս. Հոգին... որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս, որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալն...»:
Բայց Ս. Հոգու այս խոսելը մի մեքենայական թելադրություն չպետք է հասկանալ` ըստ մոլորության Հռովմեական եկեղեցու, ինչպես և հին բողոքականաց, որ Ս. Գրքի բառերը, տառերն ու մինչև անգամ կետերն ու ստորակետները Ս. Հոգու թելադրած և հեղինակների ձեռքով մեքենայապես գրված են համարում53*: Մենք արդեն տեսանք, որ առաքյալները նույնիսկ հատկապես յուրյանց ասածները տարբերում են Քրիստոսի հրամաններից, այլև կենսական զանազան պարագայք, որոնք Աստուծո փրկության հայտնության չեն վերաբերում, չեն կարող Ս. Հոգու թելադրությունը լինել: Նույնպես և հեղինակների խոսքի ձևը, ոճերի տարբերությունը, բնավորության հատուկ արտահայտությունն և այլն բոլորովին զանազան են և նոր ապացույց այդ մոլորության դեմ. Աստուծո հայտնությունը նորա համար չէ, որ ոչնչացնե մարդու անհատականությունը:
Հռովմեական եկեղեցու հակառակ բողոքականք Ս. Հոգու այդ խոսելը մի մասնավոր ներշնչումն են համարում` ասելով, թե Ս. Հոգվով է այն, ինչ որ հարկավոր է անհատի երանության: Սակայն Ս. Գրքում շատ բան կա, որ անհատը չէ կարդում, բայց յուր հավատքով երանելի է, կամ ավելի է ասված, քան թե անհատին անհրաժեշտ է: Ուրեմն հավատացյալը չի կարող չափ լինել Ս. Գրքի արժանիքը որոշելու համար, իսկ եթե այդպես լինի, Ս. Գիրքը կենթարկվի անհատի քմահաճության, ինչպես այդ սովորական է բողոքականների մեջ, և ոչ թե անհատը կենթարկվի Ս. Գրքին: Առհասարակ նկատված է, որ արևմտյան` թե՛ Հռովմեական և թե՛ 0րթոդոքս եկեղեցիները շեշտում են այն, թե Ս. Գիրքը Աստուծո խոսքն է, իսկ բողոքականք` այն, թե Ս. Գիրքը բովանդակում է Աստուծո խոսքը: Մինչդեռ Հայաստանյայց Ս. Եկեղեցին պնդում է, որ Ս. Գիրքը Աստուծո խոսքն է և բովանդակում է Աստուծո խոսքը` ճանաչելով թե՛ նորա միությունը և թե՛ տարբերությունները` ըստ Քրիստոսի աստվածմարդկային բնության միության (Ա Կոր., Է 6): Ս. Գիրքն ուրեմն Քրիստոսի եկեղեցու վարդապետության հիմնական արձանագրությունն է կամ Ս. Հոգու ներշնչմամբ աստվածային հայտնության հավատարիմ ճշմարտախոսություն է` ըստ Ս.Գրոց և առաքելական մտաց:
Բայց Հռովմեական եկեղեցին, ավելի ևս առաջ գնալով, շեղվում է քրիստոնեական փրկության սկզբունքից ևս, ըստ որում, ԺԳ. դարից սկսած նախ` արգելեց Ս. Գիրքը կենդանի լեզվի թարգմանել (Տուլուզյան ժողովով), երկրորդ` Վուլգատա կոչված լատին թարգմանությունն իբրև թարգմանություն համարեց միակ բառացի ներշնչվածը (ԺԶ. դար, Տրիդ. ժող.), երրորդ` նորա միջի գրքերը կանոնական ճանաչեց և վերջապես աշխարհականներին արգելեց Ս. Գիրք կարդալ առանց առանձին թույլտվության: Հռովմեական եկեղեցին ժողովրդի վրա հոգևորականների բռնությունը պինդ պահելու նպատակով վնասակար է համարում Ս. Գրքի ընթերցանությունն և միայն վստահելի մարդկանց է առանձին թույլտվություն անում, այնպես Պիոս Թ. նախկին քահանայապետը մի չարիք է համարում Բիբլիական ընկերություններն, որոնք մինչև այժմ մոտ 400 լեզվով Ս. Գիրք են տարածել:
Ավելորդ է մի առ մի խոսել այս ակներև մոլորությանց վրա: Հայաստանյայց Ս. Եկեղեցին, դատապարտելով կույր հավատքը և քաջալերելով գիտակցական ճշմարտասիրությունն, անհրաժեշտ է համարում հավատացյալների համար Ս. Գրքի ընթերցանությունն և ուսումնասիրությունն`[5] ըստ Քրիստոսի և նորա ս. առաքյալների պատվերին[6]: Ս. Գիրքը գրված է Եկեղեցու ղեկավարության համար ի փրկություն յուրաքանչյուր հավատացյալի[7]: Եվ որովհետև ընթերցողի համար սկզբունք է «որ ընթեռնուն` ի միտ առցէ» (Մատթ., ԻԴ 15), Հայաստանյայց Ս. Եկեղեցին միշտ հարցնող է յուր հավատացյալ անդամից` «գիտիցե՞ս արդեօք զոր ընթեռնուսդ», և լսելով` «Զիա՞րդ կարիցեմ, եթէ ոք ոչ առաջնորդեսցէ ինձ» (Գործք, Ը 30), առաջնորդում է նորան և բացատրում` ըստ առաքյալների և Ս. Հայրերի ճշմարիտ սկզբունքներին, քանի որ Աստուծո խոսքի քարոզությամբ պետք է լինի փրկություն, լույս ու հառաջադիմություն` ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցու հիմնադրության աստվածային հրամանին ևս: Այդպես որոշեց Ս. Գրիգոր Լուսավորչի առաջնորդողը. «Զբազում ժամանակս աճեցուցանէ քարոզութիւն, եւ ծնանին նոր ծնունդ նորոգութեան, եւ բազմացուցանէ մկրտութիւն»: «Զի բժշկեսցին հարուածեալքն, եւ քարոզութեանն յաջողուած յառաջադէմ լիցի հանապազորդութեամբ օրըստօրէ հասանել ամենեցուն ի չափ կատարման հասակի հաւատոցն Քրիստոսի» (Ագաթ., 438):
Ուրեմն, ըստ Հայաստանյայց Ս. Եկեղեցուն, ամենայն մարդ պետք է կարդա Ս. Գիրքն, որ անհատնում աղբյուր է մխիթարության ու քաջալերության, զորացման ու դաստիարակության, ամեն դրության ու հարաբերության մեջ կյանքի մի ուղիղ շավիղ է, երջանկության ուղեցույց է և դաստիարակ է ամենայն ժամանակի ու հասակի համար: Նա մեր հոգուն բոլորովին ընտանի է, բայցև որքան կարդում ենք, վերջնականապես չենք կարողանում նորա բոլոր մտքերի խորությունը թափանցել, որքան հարստանում ենք աստվածային խորին մտքերով, էլի մեծամեծ հարստություններ ենք գտնում նորա մեջ և եթե սրտանց նվիրվում ենք նորան, մեր հոգևոր ամայությունը վերացնում ենք նորանով[8]: Նորա միջից ամեն դարում բղխում է աստվածային նորանոր իմաստություն ու ճանաչողություն: Նորա իմաստությունն ու ճանաչողությունը քրիստոնեական ճշմարիտ կյանքի ամենապտղաբեր հարստություններ են եղել, և քրիստոնեական եկեղեցին յուր բոլոր բարեզարդությամբ կառուցվել է նորա սկզբանց վրա, որոնցից երբեք չպետք է շեղվի:
Առաքյալների աշակերտների` ինչպես Կղեմես Հռովմայեցու, Իգնատիոս Անտիոքացու, Պողիկարպոս Զմյուռնիացու և այլոց գրվածներն էլ մեծ տարբերություն ունին առաքյալների թղթերից: Եվ որպեսզի մարդիկ լավ տեսնեն Ս. Գրքի աստվածային աննման ծագումն ու հավիտենական ճշմարտությունը, պետք է շարունակ մտախոհ լինին նորա մանրամասնությանց, քննեն ու զննեն ըստ առաքելական մտաց և կտեսնեն, որ այդ ժողովածու գրվածքի մեջ Աստուծո հայտնությունը կատարյալ միությամբ, ներդաշնակությամբ ու ճշմարտությամբ ընթանում է սկզբից մինչև վերջն և ամենայն ազգի, տեղի ու ժամանակի հավատացյալներին տանում դեպի կատարումն աստվածային իմաստության ամենափայլուն հառաջադիմության զարգացմամբ: Ս. Գիրքն է մեր հավատքի, առաքինության և աստվածահաճո կյանքի ուսուցիչը. նա է մեր մտքի, սրտի ու կամքի դաստիարակն, որի մի խելահաս հասարակ ընթերցանությունն անգամ ցույց է տալիս յուր վեհությունն ու աստվածային բարձրությունը: Ըստ որում, նորա աստվածայնությունը նկատում ենք ոչ միայն ուրիշ գրվածների համեմատությամբ, այլև յուր ներքին ուժով` ըստ առաքյալի ասության. «Քանզի կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող եւ հատու, քան զամենայն սուր երկսայրի, եւ անցանէ մինչեւ զորոշումն շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոյ, եւ քննիչ է մտաց եւ խորհրդոց սրտից»: Նորա մեջ է Աստուծո զորությունը, բայց ոչ թե լոկ խոսքն է զորավոր, «Զի ոչ եթէ բանիւք է արքայութիւնն Աստուծոյ, այլ զօրութեամբ»[9]: Վասն որո և սկզբից ի վեր Հայաստանյայց Ս. Եկեղեցու ժամասացության և ամեն կարգի մի մեծ մասը Ս. Գրքի ընթերցանությունն է կազմում[10]: Ըստ այսմ և իրավամբ կոչվում է այդ Ս. Գիրքն «աստվածաշունչ», որով և պարզապես որոշվում է առհասարակ Ս. Գրքի նպատակը յուրաքանչյուրիս համար: Կամ ինչպես Ս. Գրիգոր Նարեկացին է ասում. «Արդ` որպէս որք ի մօրէ կաթանցն եւ ի սննդենէ նորա օտարանանն եւ զմահ կրեն, նոյնպէս եւ որք` յԵկեղեցւոյ եւ ի նորա ստեանցն եւ ի հոգեւոր կերակրոցն ի գրոց, որ է ստինք Եկեղեցւոյ, օտարանան եւ ոչ փափաքմամբ եւ բաղձանօք մտանեն ի նա` եւ կերակրին ի նմա գրովք, ոչ կարեն կեալ, այլ մեռանին զանմահ մահն»[11]: Հետևաբար յուրաքանչյուր հայի համար մի սկզբունք պետք է լինի այն, որ Հայաստանյայց Ս. Եկեղեցու հիմքումն է դրոշմված. «Գիրք են մեր վարդապետք, եւ ի ձեռն նոցա զյաւիտենից զյոյսն ընկալցուք, եւ նոքոք վարեսցուք յաշխարհի»[12]:
[1] Հովհ., ԺԴ 16, 26. ԺԵ 26. Ա Թես., Բ 13. Բ Պետ., Ա 19. Բ Տիմ., Գ 15:
[2] Ելք, Դ 12. Ես., ԾԵ 10, 11. Բ Թագ., ԻԳ 2. Եր., ԻԳ 29. Եբր., Դ 12. Բ Տիմ., Գ 15. Հովհ., Ե 39. Ս 35. Մարկ., Է 13. Մատթ., Ե 18. «Հոգին Սուրբ ոչ խօսի լեզուաւ, այլ կենդանութիւն տայ իմաստութեամբ խօսիլ եւ ասել զնոյն»: Կոչ. Ընծ., 306:
[3] «Բազում մասամբք եւ բազում օրինակօք կանխաւ խօսեցաւ Աստուած ընդ հարսն մեր մարգարէիւք: Ի վախճան աւուրցս այսոցիկ խօսեցաւ ընդ մեզ Որդւովն, զոր եդ ժառանգ ամենայնի, որով զյաւիտեանսն արար» (Եբր., Ա 1): Հմմտ. Հարց., 353:
[4] Մատթ., Ժ 20. Հովհ., ԺԶ. Բ Պետր., Ա 21. Ա Թես., Բ 13. Եբր., Գ 7:
[5] «Իսկ մեր երանելի վարդապետքն` զամենայն զԿտակարանս Եկեղեցւոյ երիցս եւ չորիցս ուսուցեալ մեզ ի սկզբանէ մինչեւ ի կատարած գրոցն` համարս պահանջէին ի մէնջ զնոյնս, եւ իբրեւ զԴաւթի սաղմոսն` պաշտել մեզ հարկաւորէին» (Փարպ., էջ 606-605):
[6] Հովհ., Ե 39. Ա Պետ., Գ 15. Հռ., ԺԲ 2. Կող., Ա 9. Բ Տիմ., Գ 13-17. Ա Թես., Ե 21:
[7] Ղուկ., Ա 3. Մատթ., Բ 5. Գ 4, 6, 7. Մարկ., Թ 11 և այլն:
[8] «Քաջ միտ դիր, աղաչեմ, յորժամ յաստուածային գիրս մխեսցիս ընթեռնուլ եւ իմանալ զզօրութիւն բանիցն, գիր մի ձայնաւոր մի անցցէ զմտօք քոյովք, ամենայն շարագրածքն յղի են երկնաւոր իմաստութեամբն եւ ծնանին զբանս հոգեւորս իմաստուն մտաց, առ վատառունս ամլանան եւ առ քաջունակսն յիշատակաց բազմորդի լինին, այնպէս եւ ի լսելիսն իւրաքանչիւր միտք, որոց առողջ են քիմք ականջացն, ըստ այնմ եւ համադամք մտացն անուշանան»: Մամբրե Վերծ., 30:
[9] Եբր., Դ 12. Ա Կոր., Դ 20. Բ 4. Ա 21. Բ 1. Ագաթ., 36, 70: «Զի չիք ինչ ողորմելի, քան որոց սպառեալ իցէ սէր Գրոց Սրբոց եւ բաղձանք վերածնութեան աստուածային պատուիրանաց: Աստուածասիրութիւն ի գրոց ծնանի ի մարդս»: Մեկ. Ժամ.:
[10] Ժամագրոց մեկնության հեղինակը, դատապարտելով յուր ժամանակի տգետ քահանաներին, որոնք ժամասացությունը կարճելու համար դուրս էին ձգում ընթերցվածքները, բացատրում է Ս. Գրքի մեծ նշանակությունն և ասում է. «Զի եթէ ի մարմնաւոր իրս իմաստնոցն խրատք զօրանան, քանիսն ի հոգեւորսն խօսեցեալքն յԱստուծոյ: Եւ եթէ պղծոցն բանք եւ ի սատանայէ հնչեցեալ երգքն իբրեւ զքաղցկեղ ճարագ գտանեն եւ գերեն զմիտս զգաստից ի կորուստ. Ապա որչա՞փ Հոգոյն Սրբոյ ազդեալ բանքն ի հնազանդութիւն Քրիստոսի գերեն զունկն դրածն ոգիս: …Եւ եթէ մարդկայինքն ոչ միայն առ մարդիկ, այլ եւ առ անասունս կարողանան, որպէս ասեն գիրք եւ զհեղգութիւն զեզին եւ զձիոյ եւ զիշոյ եւ զշան ի փոյթ յորդորէ, ապա զմարդ, որ անասնագոյն հանդիպի որպէս զեզն եւ անմտագոյն որպէս զէշ … չկարէ՞ քրիստոսատուր խրատն դարձուցանել զնա ի չարէն ի բարին: Այլ եւ օրհնութիւն միւռոնի խաչի եւ Եկեղեցւոյ, քահանայական ձեռնադրութիւն եւ օծումն թագաւորական, եւ քրիստոսական պատարագին բաշխումն, գրովք սրբովք մեզ կատարեալ լինին: Նա ե՛ւ հաւատ, ե՛ւ մկրտութիւն քրիստոնէութեան, ե՛ւ օրինաւոր ամուսնութիւն, ե՛ւ մահ, ե՛ւ կեանք, ե՛ւ անտի կենացն ծանօթութիւն, արքայութեանն երկնից տեղեկութիւն եւ աստուածգիտութիւն, ե՛ւ սկիզբն եւ կատարած, ի գրոց սրբոց ի մեզ իմանին: Եւ չիք ինչ հոգեւոր գործառնութիւն կամ բարեկարգութիւն թէ առանց գրոց լինիցի»: Հմմտ. եւ Ս. Հովհան Մանդակունու ճառը, 204. «Եւ արդ պարտ է զպատուիրանս զգրեալս - ոչ յաւելուլ եւ ոչ հատանել»:
[11] Մեկնություն Երգ Երգոցի, Զ 8:
[12] Հաճախ., ԺԲ 233. Ա 220. Եղիշե, 333: Հմմտ. Կոչումն Ընծայության, 13. «Պարսպեա՛ զանձն քո գրովք սրբովք, զի պատրաստեաց քեզ սեղան հոգեւոր` Տէրն»:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից