22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին:
Ավագ շաբաթվա երկրորդ օրը կոչվում է Ավագ երեքշաբթի: Այս օրը Երեկոյան ժամերգության ժամանակ ընթերցվում է օրվա հիշատակվող Տասը կույսերի առակը:
Ապրիլի 11-ին՝ Ավագ երեքշաբթի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Երեկոյան ժամերգությանը՝ առակի ընթերցման պահին, տասը կույսերին խորհրդանշող տասը աղջիկներ՝ մեկական վառվող մոմ ձեռքներին, կանգնեցին ատյանում: Այս տարի տասը կույսերին խորհրդանշող աղջիկները Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտուհիներն էին: Աղջիկները մեծ սիրով էին արձագանքել դպրոցի տնօրեն, երեցկին Լիլիթ Անտոնյանի արարողությանը մասնակցելու առաջարկությանը:
Արարողության ընթացքում սարկավագն աղջիկներին մոտեցրեց սկուտեղի վրա դրված տասը ծալված թերթիկներ, որոնցից հինգի վրա ոչինչ չկար գրված, իսկ մյուս հինգի վրա գրված էր «իմաստուն» բառը: Նրանցից յուրաքանչյուրն ընտրեց մեկական թերթիկ, այնուհետև սարկավագը հանգցրեց նրանց մոմերը, որոնց թերթիկներն առանց գրության էին: Ժամերգության ավարտին եկեղեցու հոգևոր դասի կողմից աղջիկներին նվիրվեցին մանկական պատկերազարդ Աստվածաշնչեր, իսկ խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց. «Տասը կույսերի առակը հորդորում է արթուն լինել, քանի որ չգիտենք մեր Փրկչի գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը: Արարողության ընթացքում վառվող մոմերը խորհրդանշում էին ճշմարիտ հավատքի լույսը, Աստծո պատվիրաններն աչքի առաջ ունենալը, Սուրբ Գրքի հետևյալ խոսքի համաձայն, թե՝ Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար (Սաղմոս 118:105): Քրիստոս, աշխարհ գալով, հաստատեց լույսի և սիրո թագավորությունը, և մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի իր բարի գործերով դիմավորելու Տիրոջ Երկրորդ գալուստը: Ավագ երեքշաբթին խորհրդաբար կապված է Ավագ երկուշաբթի օրվա Անպտուղ թզենու հիշատակության հետ. այս օրերի հորդորն է՝ կյանքն այնպես ապրել, որ այն պտուղ տա, քանի որ այն ծառը, որ պտուղ չի տալիս, կտրվում է և դեն նետվում: Օրն այս խորհելու հետևյալ առիթն է տալիս մեզ՝ արդյոք հինգ իմաստուն կույսերի նման պատրա՞ստ ենք դիմավորելու մեր Տիրոջը: Այսօր, մեր ամենօրյա գործերն ու հոգսերը մի կողմ թողնելով, եկել ենք Աստծո տուն, քանի որ հավատացած ենք, որ Քրիստոսին հետևելով և Նրա պատգամները կատարելով՝ մաս ու բաժին կունենանք Երկնային Արքայության մեջ»:
Երեկոյան ժամերգությամբ ավարտվեց Ավագ երեքշաբթի օրվա արարողությունները: Աստծո տանը Ս. Խորանի առջև կանգնածների շուրթերից կարծես հնչում էր Ս. Եփրեմ Ասորու հետևյալ աղերսը. «Տե՛ր, պայծառացրո՛ւ հոգուս լապտերը, ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ պատրաստվել դիմավորելու երկնավոր Փեսայիդ, որպեսզի հիմար կույսերի պես չմնամ դրսում»:
Կարինե Սուգիկյան