Ավարտվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: Նոյեմբերի 11-ին մինչ ժողովի բացումը եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության` հայցելով Ս. Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարի արդյունավորման համար: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Եպիսկոպոսաց ժողովի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հայրապետական պատգամի փոխանցման համար հրավիրվեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Բացման արարողության ավարտին կազմվեց ժողովի դիվանը հետևյալ կազմով. ատենապետներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան և Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան, ատենադպիրներ` Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան և Գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյան: Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննությունը, ժողովականներն աղոթք բարձրացրեցին Հայ Եկեղեցու անցնող տարվա ընթացքում ի Տեր հանգչած հոգևոր սպասավորների հոգիների հանգստության համար: Եպիսկոպոսաց դասը նաև շնորհավորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 15-ամյակի կապակցությամբ` մաղթելով արևշատ բազում տարիների հովվապետություն: Նոյեմբերի 11-12-ի նիստերը նվիրված էին Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի և Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչված հարցերին: Այս առնչությամբ զեկույցներ ներկայացրեցին Սրբադասման հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը: Քննարկելով հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները` Եպիսկոպոսաց ժողովը հաստատեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը: Ժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանության նահատակների ամենամյա տոնակատարության ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը և ժամամուտը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի վկայաբանությունը: Որոշվեց հիշյալ փաստաթղթերը վերջնական լրամշակումից հետո որդեգրել: Սրբադասման հանձնախմբին հանձնարարական տրվեց նաև ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին և ուրիշ անհատների: Նոյեմբերի 12-ի նիստը սկսվեց աղոթքով Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին: Նոյեմբերի 12-13-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան Հայ Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Ս. Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները: Այս կապակցությամբ Ծիսական հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեցին համապատասխան զեկույցներ, որից հետո եպիսկոպոսաց դասն ընդունեց Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիրը: Մասնակի փոփոխություններով հաստատվեց Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների կանոնական ուղեցույցը, որը վերանվանվեց` Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների հովվական ուղեցույց: Որդեգրվեց նաև նախամկրտական ուսուցողական ձեռնարկը: Ընդունված փաստաթղթերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի տնօրինությամբ կառաքվեն թեմեր առ ի գործադրություն: Նոյեմբերի 13-ի առաջին նիստին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն աղոթք բարձրացրեցին Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք հայորդիների համար և կատարեցին հայտարարություն` դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Նոյեմբերի 13-ի երրորդ նիստին մասնակցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող տիար Վիգեն Սարգսյանը: Տիար Վ. Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015 թվականին նախատեսվող պետական ծրագրերը` անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու հետ Հայստանում և Սփյուռքում համատեղ իրականացվելիք միջոցառումներին: Տեղեկացվեց նաև նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Ժողովի վերջին օրն անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան մարտահրավերներին, Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացման ճանապարհին լուծման կարոտ ծիսական, քարոզչական, կրթադաստիարակչական, սոցիալական խնդիրներին, որոնց հիման վրա ձևավորվեց առաջիկա Եպիսկոպոսաց ժողովների օրակարգը: Եռօրյա ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհություն հայտնեց Ամենասուրբ Երրորդությանը` եղբայրական համախմբման հնարավորության, ինչպես նաև ժողովի բարեհաջող ընթացքի համար: Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին Կենտրոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի անդամներին` ժողովի նախապատրաստման և օրակարգում ընդգրկված հարցերի հանգամանալից ուսումնասիրության համար: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին: Ժողովը փակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ:

14.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․