Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական իր ծրագրերը, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հավատավոր հայրենակիցները: Հոկտեմբերի 12-ին Տեր Գրիգորն այցելեց 1-ին խմբի հաշմանդամ Մանուչարյան Սիլվային (64 տ.), ով իր դստեր՝ Մանուչարյան Մարիամի (22 տ.) հետ բնակվում է Եղիշե Թադևոսյան փողոցի 6 շ. 35 բն. հասցեում: Տիկին Սիլվան սայլակով է տեղաշարժվում, վեց տարի առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով նրա ոտքերը մինչ ծնկները ամպուտացիա է արվել, իսկ երկու տարի առաջ սխալ բուժման հետևանքով նա կորցրել է նաև տեսողությունը: Տիկին Սիլվան թեև բնակվում է բազմահարկ շենքի երկրորդ հարկում, սակայն չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ շենքում բացակայում է հաշմանդամի տեղաշարժարման համար անհրաժեշտ պայմանները, բացի այդ նրա սայլակն է վնասվել, և միայն հաջորդ տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նրան նոր սայլակ կտրամադրվի:
«Ես շաքարային դիաբետ ունեմ, մեկ ամիս առաջ ոտքիս անոթը վնասվեց և վերք գոյացավ, չեմ կարողանում բժշկի գնալ, քանի որ հաշմանդամին որևէ տեղ տեղափոխելը վճարովի ծառայություն է: Աղջիկս է ամեն օր վիրակապում վերքս: Իմ հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարները չեն բավարարում անգամ, որ ինձ համար անհրաժեշտ դեղորայքը գնեմ»,- ասաց տիկին Սիլվան, ով նաև մտահոգված էր, որ իր դուստրը ֆինանսական խնդրի պատճառով ուսումը կիսատ չթողնի: Մարիամն ուսանում է ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում: Տիկին Սիլվան նշեց, որ աղջկա ուսման վարձը կիսով չափ զեղջելու են, քանի որ իրենք «Փարոս»-ի անդամ են: Մեծ դժվարությունների ու խնդիրների մեջ Մանուչարյան ընտանիքը չի կորցնում իր լավատեսությունը, հույսը և հավատը առ Աստված:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Տիկին Սիլվան ուրախությունից հուզվել էր, նա խոսքեր չէր գտնում ասելու, միայն փառաբանում էր Աստծուն, Ում փառքի համար մարդիկ սիրով և պատրաստակամորեն օգնում են միմյանց:
Քրիստոնյան նա է, ով բարին է գործում միայն այն պատճառով, որ չի կարող բարին չգործել, քանի որ այն իր կյանքի բնականոն ընթացքն է: Ճշմարիտ սեր ունեցողը բարիք է գործում՝ իր մեջ վառ պահելով Աստծո պատկերը, Ով ամեն ինչ բաշխում է մարդկանց և հորդորում. «Ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը» (Գործք Առ. 20:35): Բարին գործողը չի սպասում փառքի և գովեստի, նա արդեն իսկ պարգև է ստանում՝ ճշմարիտ սեր ունենալով: Բարի մարդու համար իր միակ հարստությունը իր բարի գործերն են: Նրա համար, ինչպես Կոնֆուցիոսն է ասել, ավելի հեշտ է մեկ հատ մոմ վառելը, քան շարունակ խավարը անիծելը:
Կարինե Սուգիկյան