28 Նոյեմբեր, Եշ
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունն արդեն մի քանի օր է, ինչ մեծ նախանձախնդրությամբ պատրաստվում էր հերթական այցի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Հոկտեմբերի 18-ին Սբ. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ճանապարհվեցին դեպի մանկատուն: Երիտասարդներն որդեգրել են ծառայասիրության ուղին: Իրենց շնորհված պարգևներն աստվածատուր նրանք ծառայեցնում են Տիրոջը՝ ծառայելով իրենց նմանին: Եկեղեցում համախմբված երիտասարդները հենց եկեղեցու միջոցով անմիջականորեն զգում են դեպի Աստված տանող ճանապարհը: Եվ այդ ճանապարհին այսօր մանակատան սաներն էին:
Մանկատան սաների մաքուր, անկեղծ և անմիջական աշխարհը կրկին անգամ ուրախ էր տեսնելու երիտասարդներին և քահանային՝ կրկին անգամ ապրելու նրանց սերն ու հոգատարությունը:
Տեր Զգոնը, ողջունելով մանկատան աշխատակիցներին ու սաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը: Ապա վեց խմբերից յուրաքանչյուրում Տեր Հայրը բժշկության Ավետարան և Սբ. Գրիգոր Նարեկացու բժշկության աղոթքները կարդաց:
Երիտասարդների և համայնքի անդամների միջոցներով ձեռք բերված միրգը, քաղցրավենիքը, հագուստը, հիգենիկ պարագաները, խաղալիքները և գիպսե արձանիկները բաշխվեցին մանկատան սաներին: Չէր կարելի չնկատել երեխաների գոհունակ հայացքը, ամեն մի խմբում աստվածային սերն էր գործում. երիտասարդների մի մասը կերակրում էր սաներին, մյուսը մասը՝ խաղալիք բաժանում, ոմանք՝ զրուցում՝ գրկելով և գուրգուրելով նրանց, իսկ մի քանիսն էլ երեխաների հետ խաղում էին բակում:
Աղջիկների ավագ խմբի սաներից Սաթենիկը երիտասարդներին ներկայացնում էր ուլունքներից պատրաստած իր խաչը, սրտիկը, ներկաներին հիացնում էր նաև 15-ամյա Գայանեի նկարչական գործերը: «Ես ամեն օր աղոթում և փառք եմ տալիս Աստծուն, ամեն պահին զգում եմ Նրա ներկայությունը և հավատում եմ, որ միայն Նա կկատարի իմ երազանքը»,- ասաց Գայանեն: Գիպսե արձաններից նա ընտրեց սիրտը, քանի որ շատ է սիրում մարդկանց:
Սեր բաշխելով և սիրով հարստանալով՝ երիտասարդները սիրո մթնոլորտում հրաժեշտ տվեցին սաներին:
Սբ. Գրիգոր Լուսավորիչն ասել է. «Ծառն ինքն իր համար չէ, որ պտուղ կտա, այլ՝ ուրիշի համար»: Ամեն մի քրիստոնյա մի ծառ է, որ պտղաբերում է դիմացինի համար:
Կարինե Սուգիկյան