Այն մասին, թե որքան անհրաժեշտ են ննջեցյալների համար արվող աղոթքները

Այս իրական պատմությունը տեղի է ունեցել ռուսական գյուղերից մեկում: Լիսոգորկա գյուղի ծխական քահանան մահացավ: Նրա փոխարեն մեկ այլ, երիտասարդ քահանա նշանակվեց, որն առաջին իսկ Պատարագի ժամանակ, հենց Սուրբ Խորանի վրա հանկարծակի մահացավ: Մեկ այլ քահանայի էլ ուղարկեցին, բայց նրա հետ էլ նույնը պատահեց՝ ծառայության առաջին իսկ օրը, «Հայր մեր»-ը երգելուց հետո քահանան երկար ժամանակ դուրս չեկավ Սուրբ Ընծաներով և երբ եկեղեցու ատենապետը մտավ Սուրբ Խորան, քահանային Սուրբ Սեղանի առջև մահացած գտավ: Բոլորը սարսափեցին՝ այս խորհրդավոր մահվան լուրն առնելով, և պատճառը չիմանալով, սկսեցին ենթադրել, որ ինչ-որ ծանր մեղք է գործվել համայնքում, եթե դրա հետևանքով երկու երիտասարդ և անմեղ կյանքեր զոհ գնացին: Այս լուրը տարածվեց ողջ շրջակայքում և ոչ մի հոգևորական չէր համարձակվում գնալ այդ համայնք:

Միայն մի ծեր վանական համաձայնեց՝ ասելով. «Միևնույն է, շուտով պիտի մահանամ: Գնամ այնտեղ առաջին ու վերջին Պատարագը մատուցեմ: Մահս ոչ ոքի որբ չի թողնի»:

Պատարագի ժամանակ, երբ հասան «Հայր մեր»-ին, ինքնապահպանման զգացումը միևնույն է գլուխ բարձրացրեց և ծերը կարգադրեց, որպեսզի Խորան տանող բոլոր դռները բաց թողնվեն: Մինչ կգար Սուրբ Հաղորդությունը բաժանելու պահը, նա Սուրբ Սեղանի մոտ ինչ-որ ստվեր տեսավ: Այդ ստվերն ավելի ու ավելի սկսեց ուրվագծվել և հանկարծ հստակ երևաց քահանայական հագուստներով մի մռայլ կերպարանք, որի ոտքերն ու ձեռքերը շղթայված էին:

Ծեր վանականը, վախից դողալով, սկսեց աղոթքի բառերը շփոթել: Բայց որոշ ժամանակ անց, հավաքեց ուժերը, սրտապնդվեց և դուրս եկավ հավատացյալներին Հաղորդություն տալու: Բոլորը նրա դեմքից հասկացան, որ ինչ-որ բան է պատահել:

Իսկ ուրվականը շարունակում էր կանգնած մնալ և շղթայված ձեռքերով ցույց տալ Սուրբ Սեղանին դրված արկղիկը:

Պատարագի ավարտին վանականը կանչեց եկեղեցու ատենապետին և միասին արկղիկը բացելով՝ հայտնաբերեցին հոգեհանգստյան թերթիկներ: Բանն այն է, որ երբ հանգուցյալ քահանային տալիս էին այդ թերթիկները, նա, առանց կարդալու, դնում էր արկղիկի մեջ՝ հետագայում կարդալու նպատակով: Եվ ծեր վանականը, հասկանալով իր տեսիլքի պատճառը, սկսեց ամեն օր հոգեհանգստյան կարգ կատարել և կարդալ կուտակված թերթիկները:

Հաջորդ կիրակի Պատարագի ժամանակ նա արդեն հոգեհանգստի կարգ կատարեց հանգուցյալ քահանայի համար: Եվ դեռ Պատարագը չէր ավարտվել, երբ ննջեցյալ քահանայի կերպարանքը կրկին հայտնվեց: Սակայն այս անգամ նա արդեն այնքան ողբերգական և ահարկու տեսք չուներ, որքան առաջին անգամ էր, այլ դեմքն ուրախ էր ու լուսավոր, իսկ ձեռքերին ու ոտքերին այլևս շղթաներ չկային: Երբ ծեր վանականը հաղորդվեց Սուրբ Խորհրդին, ուրվականը խոնարհվեց նրա առջև և անհետացավ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

20.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․