Քրիստոնեության կրոնի էական տարրերն են գեղեցիկն ու ճշմարիտը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6): Հովհաննեսի Ավետարանում Քրիստոսի ճշմարիտ լինելու հանգամանքը շատ է շեշտվում: Ավետարանիչը ներկայացնում է Հիսուսին որպես մարդացյալ ճշմարտություն, որպես ճշմարիտ Լույս (Հովհաննես 1:9), ճշմարիտ Հաց (Հովհաննես 6:32), ճշմարիտ Որթատունկ (15:1) և Հիսուսով ճշմարիտ դատաստան (Հովհաննես 8:16):
Հիսուս կատարյալ արտահայտությունն ու մարմնավորումն է ճշմարտության: Նա է տիեզերքում բացարձակ և միակ Ճշմարտությունը, անկախ այն բանից, թե որևէ մեկն ընդունում, թե մերժում է Նրան: Քրիստոս, Իր խոսքն ուղղելով Իրեն հավատացող հրեաներին, ասաց. «Եթե հավատարիմ մնաք Իմ ուսուցումներին, ճշմարտապես Իմ աշակերտները կլինեք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8:31-33):
Երբ ձերբակալել էին Քրիստոսին և Պիղատոսի մոտ տարել, վերջինիս հարցումներին, թե՝ դո՞ւ ես հրեաների թագավորը և ուրեմն՝ դու թագավո՞ր ես, Տերը պատասխանում է. «Ահա դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ: Ես ծնվել եմ և աշխարհ եկել մեկ բանի համար, որ վկայեմ ճշմարտության մասին: Ով որ կողմնակից է ճշմարտությանը, նա լսում է Իմ խոսքը» (Հովհաննես 18:37): Իսկ Պիղատոսի այն հարցին, թե՝ ի՞նչ է ճշմարտությունը, Քրիստոս չպատասխանեց, քանի որ Իր խոսքերն ու գործերն արդեն իսկ բացահայտում էին, որ Ինքն է միակ և բացարձակ Ճշմարտությունը, որը ոչ թե «ինչ» է, այլ «Ով» է: Հավատավոր անձն իր կյանքի բոլոր հանգամանքներում կարող է հուսալ Աստվածային ճշմարտությանը, ինչը հիմքն է իր փրկության: «Տե՛ր, երկնքում է Քո ողորմությունը, իսկ ճշմարտությունդ՝ մինչև ամպերը», «Իր ծոցում կպահի քեզ, և դու ապահովություն կունենաս Նրա թևերի հովանու տակ: Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի: Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից և կեսօրին դևի գայթակղությունից» (Սաղմոս 35:6, 90:4-7):
Բոլոր մարդիկ իրենց կյանքում փնտրտուք ունեն, փնտրում են, թե ուր է նա՝ ճշմարտությունը, նրանց վրդովվեցնում են կյանքի անարդարությունները, կեղծիքները: Բայց Տերը նախ ուղղորդում է մեզ նայել դեպի մեր հոգու խորքը և հարց տալ՝ արդյո՞ք իրական ճշմարտության մեջ ենք, ինչպիսի՞ն են մեր մտքերը, ցանկությունները և զգացմունքները: Յուրաքանչյուրս ցանկանում ենք հասնել մի արժեքի, որ մնայուն է: Իրական ճշմարտության մեջ գտնվողը սիրո մեջ է, քանի որ Աստված սեր է: Քրիստոսով է, որ մարդը ստանում է ճշմարտական արժեք, որովհետև, եթե Հիսուս կատարյալ արտահայտությունն ու մարմնավորումն է ճշմարտության, ապա Նրանից բխող ամեն գոյություն ինքն իրենով ճշմարտություն է. «Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ. առանց Նրա ոչ մի բան չստեղծեց» (Հովհաննես 1:3): Անկասկած, քրիստոնյայի համար գոյություն ունի կյանքի հատուկ ապրելակերպ: Մի կյանք, որ հնարավորինս զերծ է սխալից, որ անվերապահորեն պայմանավորված է ճշմարտության գերագույն Բարիքի՝ Քրիստոսի ներկայությամբ, քանի որ Քրիստոսի անձն իբրև մարդ զերծ է ադամական մեղքից, այսինքն՝ սխալից: Եվ մեզանից յուրաքանչյուրը, եթե մտածում է իր անձի փրկության մասին, պարտավոր է իր հայացքը սևեռել առ Հիսուս Քրիստոս: Նրա անձով պետք է հասնենք փրկագործության և մեր կյանքի ընթացքն էլ պետք է արժևորենք Նրանով: Տիեզերքի փրկությունը բացարձակապես Հիսուսով է: Ուրեմն քրիստոնյայի կյանքը չի կարող լինել առանց Քրիստոսի: Հիսուսի անձը յուրաքանչյուր հավատացյալի վերջնական և հավիտենական նպատակն է: Քրիստոս մեզ ուսուցանում է կյանքն ապրելու կերպը, Նա մեզ համար լավագույն օրինակը եղավ: Նրանով սկիզբ առավ նոր մոտեցում, եկավ նոր արժեք: Նրանով է, որ մարդկությունը պիտի կարողանա անցնել այս անցավոր աշխարհից մնայունը, հավիտենականը:
Գայանե Սուգիկյան