Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ բանախոսությանը, որը վարեց «Դիալոգ» կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար Ալմաստ Մուրադյանը:
Բանախոսությունը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Ալմաստ Մուրադյանը ներկայացրեց արդյունավետ մտածողության՝ տասներեք կետերից բաղկացած սկզբունքները, որոնք ընկած են մտավոր և հոգեկան առողջության հիմքում։ Սկզբունքները, որոնց ծանոթացան երիտասարդները, մշակվել են քրիստոնյա հոգեբանների կողմից և ուղղված են նախ և առաջ այն մարդկանց, որոնք ուզում են փոխել իրենց կյանքն ու ազատվել կախվածություններից կամ անհատի անցանկալի ազդեցությունից՝ վերանայելով իրենց ներքին համոզմունքները։ Մատնանշվեց այն կարևոր հանգամանքը, որ ներքին համոզմունքներն ու եզրահանգումներն են գիտակցական կամ անգիտակցական մակարդակում ազդում մարդու որոշումների վրա։ Բանախոսը նշեց, որ մտավոր փոփոխության վրա պետք է աշխատել, որպեսզի միտքն ապահովի հոգեկան առողջությունը: Եզրափակելով բանախոսությունը՝ բանախոսն ասաց. «Փոփոխությունը չի գալիս մեկ օրում, սակայն առանց ներկայացված մոտեցումների և նրանց առօրյա օգտագործման դժվար կլինի ապրել լիարժեք կյանքով, որի կարիքը մենք բոլորս ունենք»։
Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով և հաջորդ հանդիպման ակնկալիքով: Տեր Վահանը և երիտասարդաց միության անդամները շնորհակալություն հայտնեցին Ալմաստ Մուրադյանին՝ օգտաշատ բանախոսության և վերլուծության համար, որ անհրաժեշտ ու կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Կարինե Սուգիկյան