Հուլիսի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Իգիթյան Էլինարին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Տեր Հայրը Իգիթյան ընտանիքի զավակներին փոխանցեց նաև քաղցրավենիքի փաթեթ, որը մեծ սիրով պատրաստել էր աջակից ընտանիքի զավակ վեցամյա Միքայելը:
Էլինարն իր երկու տղաների հետ բնակվում է Նորքի 1-ին նրբ. 46/2 հասցեում: Ընտանիքի մայրը միայնակ է խնամում իր զավակներին և ֆիզարձակուրդի մեջ գտնվելով՝ արձակուրդայինի և ընտանեկան նպաստի գումարներով չի կարողանում հոգալ իր ընտանիքի նվազագույն կարիքները:
«Մեծ տղայիս՝ Զախարի (5 տ.) մոտ ախտորոշել են հիպերակտիվություն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարողանում նրան, ըստ բժշկի նշանակումների, հատուկ մանկավարժի մոտ և լողի տանել: Տղաս նաև հաղորդակցման խնդիր ունի, եթե այժմ կարողանայի նրան բուժման տանել, ապա հաջորդ տարի դպրոց ընդունվելիս նա կկարողանար մի շարք դժվարություններ հաղթահարել: Ես էլ առողջական լուրջ խնդիր ունեմ և բուժման հետաձգումը կարող է ինձ մոտ նախաքաղցկեղային վիճակ ստեղծել»,- ասաց էլինարը և աջակցության համար իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:
Բուսական աշխարհն ստեղծելիս Աստված յուրաքանչյուրին հրամայեց պտղաբերել իր տեսակին համապատասխան (Ծննդոց 1:11): Հայրաբանական գրականությունը, սուրբգրային տվյալ համարը մեջբերելով, նշում է. «Աստված ակնկալում է, որ քրիստոնյաները՝ եկեղեցու կենդանի բույսերը, առատանան բարեպաշտության պտուղներով՝ յուրաքանչյուրն ըստ իր ունակությունների կոչման: Բոլորովին այլ են ազնվականի, արհեստավորի, ծառայի, իշխանի, այրու, օրիորդի, ամուսնացյալ կնոջ բարեպաշտության դրսևորումները: Բացի այդ բարեպաշտությունը պիտի լինի ամեն մեկի մտավոր և ֆիզիկական հնարավորություններին, զբաղմունքին, պարտականություններին համապատասխան: Բարեպաշտությունը բոցավառվում է սիրո առկայությամբ, որ հոգու կրակն է»:
Կարինե Սուգիկյան