Բարի գործերով լցնենք մեր կյանքը

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Եկեղեցու գլուխն է, իսկ Նրա հետևորդները Նրա մարմնի՝ Եկեղեցու անդամները, Քրիստոսի ընտանիքի անդամները: Քրիստոսահիմն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ձգտում է կենդանի հավատ ունենալ, հավատ, որից անպակաս է սերը և որը մարդուն փրկություն է պարգևելու: Ըստ հայրաբանության՝ հավատը արմատն է, գործերը՝ ծառը, իսկ փրկությունը՝ պտուղները: Փրկության համար բավարար չէ միայն հավատը, մարդուն փրկում է միայն կենդանի և գործուն հավատը, որն արտահայտվում է բարի գործերով, ինչը հաստատում է Սուրբ Գիրքը. «Մենք բոլորս պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ Կորնթ. 5:10): Որտեղ բացակայում են բարի գործերը, այնտեղ բացակայում է ճշմարիտ քրիստոնեական հավատը: «Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ» (Մատթ. 7:17-18),- ասում է Տերը: Ուստի, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում. «Մենք Աստծու նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին. ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը» (Եփես. 2:10):

Եկեղեցական համայնքային կյանքն օր-օրի հարստանում ու զորանում է կենդանի հավատի պտուղներով՝ սոցիալական ծրագրերով: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ներսիսյան Սվետլանային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքից Սիրադեղյան ընտանիքը: Սվետլանան իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փ. 22 շ., 43 բն. հասցեում: Զավակներից Էլենը (10 տ.) Դաունի համախտանիշ ունի: Ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծացող արև Էլենը սիրում է նկարել, իր և եղբոր ընկերների հետ խաղալ: Արև Էլենը սովորում է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում: Ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի: «Ամուսինս մշտական աշխատանք չունի, իսկ ես շատ քիչ ժամաքանակով աշխատում եմ մանկապարտեզում: Իմ աշխատավարձի և Էլենին տրամադրվող գումարներով փորձում ենք հոգալ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Սվետլանան և իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

 

Կարինե Սուգիկյան

13.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․