Բարի ծառայությամբ իմաստավորում ենք աստվածապարգև մեր կյանքը

Եկեղեցուն անդամագրված և Աստծո որդեգրությունն ընդունած ամեն մի անձ աստվածապարգև իր կյանքն իմաստավորում և լուսավորում է պատվիրանապահությամբ, ճշմարիտ հավատին վայել կյանքով՝ նպաստելով իր և իրեն շրջապատող մարդկանց հոգևոր աճին: Այս դեպքում, Սբ. Պետրոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը փորձում են համախոհ, ուրախակից և ցավակից լինել միմյանց հանդեպ, եղբայրասեր, բարեգութ և խոնարհամիտ (Ա Պետրոս 3:8):

Սեպտեմբերի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի կարիքավոր անդամ 31-ամյա Սեդրակյան Ծաղիկին հանձնեց մոսկվաբնակ Թորոսյան Դոնարայի կողմից տրամադրած դրամական օգնությունը (40 000 դրամ): Ծաղիկն արդեն չորս տարի է, ինչ ամուսնալուծված է, և ամուսինը հրաժարվել է ալիմենտ վճարելուց: Նա միայնակ է խնամում իր չորս անչափահաս զավակներին: Նրա դուստրերից Ներսիսյան Աննան (15 տ.) տեսողության հետ կապված խնդիր ունի. նրա մի աչքը չի տեսնում, մեկ անգամ վիրահատվել է և կրկին վիրահատության անհրաժեշտություն կա: Կարիքավոր ընտանիքն ապրում է վարձակալությամբ, Ծաղիկը ժամանակ առ ժամանակ է աշխատում, իսկ ընտանեկան նպաստով էլ փորձում է վճարել տան վարձը, մասամբ էլ՝ կոմունալ ծախսերը: Նոր ուսումնական տարում բազմազավակ մոր համար մեծ խնդիր էր լուծել երեխաների դպրոց հաճախելու հետ կապված ծախսերը: Եվ նա անչափ շնորհակալ էր այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերեց իր ընտանիքի հանդեպ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ Տեր Գրիգորի գլխավորությամբ:

 

«Գթություն կարելի է անել՝ ըստ կարողության և ցանկության: Եթե մեկը չունի կարողություն և ունեցվածք՝ կարոտյալներին առատաձեռն օգնելու, թող այնքան տա, որքան կարող է: Մեր Տերն ասում է. «Ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի» (Մատթեոս 10:42) (Պողոս պատրիարք):

 

 

Կարինե Սուգիկյան

20.09.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․