13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Զամենայն ինչ փորձեցէք. զբարին ընկալարուք: Յամենայն իրաց չարաց ի բաց կացէք»:
«Փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղ. 5:21, 22):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Տարին մոտենում է իր ավարտին: Այս տարին հայ ժողովրդի համար խիստ դժվար, ծանր ու փորձություններով լի տարի էր, մարդկային կորուստները՝ շատ, որոնց համար սուգը դեռևս չի ավարտվել: Մխիթարության խոսքեր գտնել հայ մարդուն սփոփելու համար դյուրին չէ, սակայն դա չի նշանակում, որ հայը պետք է անհուսության մեջ ապրի և անմխիթար մնա: Ո՛չ, ընդհակառակը, պետք է շարունակի ապրել իբրև հայ քրիստոնյա՝ իր հույսը կապելով միմիայն Երկնային Տիրոջ հետ: Ամենակարևորը Աստծուց չհեռանալն է, Աստծուն մոտ գտնվելը, աղոթական կյանքով ապրելը, որովհետև միայն այդ դեպքում է, որ մարդը կարող է մեղքեր գործել, սակայն ճակատագրական սխալներ թույլ չի տա, կարող է ընկնել, բայց Աստծու օգնությամբ նորից կբարձրանա, կհասկանա իր սխալ ընթացքը և կշտկի այն, քանի որ Աստվածաշունչ մատյանը ստեղծվել է հենց մարդու բարիքի և բարօրության համար, ճիշտ ճանապարհներով մարդուն ուղղորդելու դեպի փրկություն: Քրիստոս ասում է. «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված: Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս 7:24-27):
Այս տարվա հիվանդությունն ու պատերազմը պետք է սովորեցնեն մեզ գնահատել մեր կյանքի յուրաքանչյուր օրն ու ժամը, որ մենք չանցկացնենք դրանք անիմաստ և ինքնահոս կերպով, կարևորենք ամեն րոպեն, որովհետև չգիտենք՝ երբ է ավարտվելու մեր կյանքը: Օրերը յուրաքանչյուրիցս կարծես հաշիվ են պահանջում մեր կենցաղավարության, ապրելակերպի ու վարքագծի համար: Եթե օրերի հիշողության մեջ մեր խիղճը մեզ չդատապարտի, մենք ինքնատանջանքի չենք ենթարկվի:
Հենց այս դեպքերում է, որ մարդը սկսում է ինքնաքննողաբար մոտենալ ինքն իրեն, իր ապրած կյանքին ու օրերին: Այս ժամանակ է, որ մարդը հասկանում է, թե որքան պարագաներում կարող էր սեր սփռել, բարիք արարել ու արդյունավետ անցկացնել իր կյանքը: Ահա թե ինչու շատ կարևոր է օրերը գնահատել, ջանքեր գործադրել բարիք ստեղծելու համար, չծուլանալ, չդանդաղել ձեռք մեկնելու կարիքավորին, ուշադիր լինել հարազատների հանդեպ և անտարբեր չլինել այլոց հուզող հարցերի ու խնդիրների նկատմամբ: Ի վերջո մնասների ու տաղանդների առակները, որ պատմեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, առաջին հերթին կարելի է հասկանալ որպես կյանքի օրերի հաշվետվություն: Երբ որ մարդը բազմապատկում է իր մնասներն ու շնորհները, նշանակում է կրկնապատիկ ու բազմապատիկ բարիքներով է լցնում իր օրերը, հաշվետու է իր ապրածի համար, գիտակցում է, որ այս կյանքը պարգև է՝ Աստծու կողմից իրեն տրված, և ինքը ընդամենը տնտես է, որ վաղ թե ուշ պիտի հաշիվ տա իր տնօրինության տակ եղած կյանքի համար:
Մյուս կողմից՝ հակառակ ծայրահեղություն ևս կարող է լինել մարդկանց մեջ: Ներկա անորոշությունը մարդկանց կարող է դրդել ուշադրությունը սևեռելու սեփական խնդիրների վրա և անտարբեր դառնալու մյուսների նկատմամբ: Մարդու սիրտը կարող է այսպիսի խառնակ ժամանակներում ու իրավիճակներում հեռանալ Աստծուց, Աստծու պատվիրաններից ու մարդկանցից: Պետք չէ, որ փորձությունները մարդկանց համար առիթ դառնան մոռանալու Աստծուն կամ հրաժարվելու սեփական հայրենիքի ու հայրենակիցների մասին հոգ տանելու գաղափարից: Հիմա առավել, քան երբևէ, պետք է ամուր կառչել քրիստոնեական և ազգային արժեքներից ու գաղափարախոսությունից, հավատարիմ մնալ Աստվածպաշտությանն ու հայրենասիրական ձգտումներին, ամուր կանգնել մարդասիրության և ազգասիրության դիրքերում, սրտի սահմանները ընդլայնել հայրենիքի ու հայրենակիցների կարիքների ու խնդիրների առաջ, հաղթահարել ունայնության ու հուսահատության զգացողությունները, որովհետև երբ որ մարդը առհասարակ չգիտի իր հետագա անելիքը, պետք է աղոթք անի ու վստահի Աստծուն: Քանի որ Ամենակարող Աստված իր հոգածությամբ կանգ չի առնում և չի հոգնում մարդուն ոտքի կանգնեցնելուց:
Այն սիրո պատվիրաններն ու համոզմունքները, որ մենք ունեցել ենք մինչև այժմ, պետք չէ, որ դրանցից հրաժարվենք ու թուլանանք, որովհետև այդ սիրո օրենքն է, որի կիրառումը լցնում է մեր կյանքը, աշխատեցնում է մեզ, ամոթով չի թողնում, բազմապատկում է մեր վաստակը և բարեգործության հզոր շարժիչ ուժն է: Մեր հավատը գեղեցկացրել է մեր անցյալը իր պտուղներով, հետևաբար պետք է դիմանալ նեղություններին և չհրաժարվել բարին արարելուց:
Ուրեմն՝ մենք երկու խնդիր ունենք: Առաջին՝ եթե մինչև այժմ չենք հասկացել մեր կյանքի գինը, պետք է անհապաղ փոխենք մեր կյանքի արժեքները, աշխատենք օրերը լցնել բարիքով և ողորմածությամբ: Եվ երկրորդ՝ եթե մինչև հիմա ապրել ենք մեր մնասներով, պետք է խնդիր դնենք ավելացնելու դրանք, ձեռք չքաշենք հոգեշահ ընթացքից, եթե պատերազմի ժամանակ մեծ ոգևորությամբ գործել ենք ու բարիք սփռել, ապա այժմ իրավունք չունենք թուլանալու և ունայնություն համարելու ամեն ինչ:
Սիրելինե՛ր, կյանքում շատ-շատ բաներ մեր ուժերից ու կարողություններից վեր են, մենք ի զորու չենք տնօրինելու և վերահսկելու դրանց ընթացքը, սակայն անչափ կարևոր է, որ մեր կյանքի ղեկը Աստվածպաշտությամբ վարենք, այլապես մեր մեքենան ինքնահոս՝ հենց այնպես կընթանա: Այդ ճանապարհին կարող են լինել թե՛ բացահայտ որոգայթներ և թե՛ գայթակղիչ ու հոգեկործան գրավչություններ, ուստի անհրաժեշտ է զգույշ լինել և կյանքի ղեկը վստահել Աստծուն:
Այս տարին թող մեր ժողովրդի համար ավարտվի ինքնաքննությամբ, ապաշխարությամբ և պահքով: Ապաշխարությամբ մտնենք այս գալիք տարին: Սուրբ Ծնունդից առաջ փորձենք հասկանալ մեր անցածը և մեր ապագան՝ այն, ինչ թողել ենք մեր ետևում, և այն, ինչ որ ուզում ենք տեսնել առջևում մեր ժողովրդի կյանքում: Ինքնաքննությունն ու ապաշխարությունը տարեսկզբին կարող են առաջնորդել մեզ միմիայն դեպի իմաստավորված կյանք ու իմաստավորված քայլեր: Դա կօգնի հասկանալու և ճիշտ գնահատելու անցյալի սխալներն ու մեղքերը և թույլ չի տա, որ դրանք կրկնվեն ապագայում: Պատահականություններ չկան կյանքում, և դա հուշում է մեզ խելացի կերպով տնօրինել մեր կյանքը: Թող Տիրոջ իմաստությունը ամեն քայլում առաջնորդի մեզ՝ իբրև հավատարիմ տնտեսների և թույլ չտա ընկնելու հին մեղքերի ու նոր սխալների մեջ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան