«Բարին չգործելը արդեն իսկ չարիք է»

Մերձավորի հանդեպ սեր ունեցողը չի կարող նրա հանդեպ չարիք գործել: Մարդիկ ուժեղ են և միասնական, երբ նրանց մեջ գործում է սիրո առաքինությունը: Սիրո էությունը զոհողության գնով բարին արարելն է: «Սիրենք միմյանց և սիրված կլինենք Աստծո կողմից: Համբերատար լինենք միմյանց հանդեպ, և Նա համբերատար կլինի մեր մեղքերի հանդեպ: «Ով սիրում է ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո օրենքը լրիվ գործադրել» (Հռոմ. 13:10), ուստի եղբոր հանդեպ հիշաչարությամբ լցված մեկը, որ ուրախանում է նրա անկումով, հանցանք է գործում օրենքի դեմ: Քրիստոս նոր՝ միմյանց սիրելու պատվիրան տվեց (Հովհ. 13:34), նաև պատգամեց՝ բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ (Մատթ. 5:44): Տերն այս բոլորը պատգամեց, որպեսզի ազատագրի մարդուն ատելությունից, հիշաչարությունից, բարկությունից և արժանացնի այն սիրուն, որ հնարավոր չէ ունենալ, եթե սրտում կա չարություն կամ ատելություն»,- հորդորել է երանելի Մաքսիմ Խոստովանողը:

Ըստ հայրաբանության՝ բարին չգործելը արդեն իսկ չարիք է, ուստի բարին արարելուն են կոչված այն սոցիալական ծրագրերը, որ իրագործվում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համայնքային կյանքից ներս՝ հավատավոր անձանց զոհողության շնորհիվ: Հունվարի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Համբարձումյան Ռուֆինային (24 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ռուֆինան ամուսնալուծված է և իր անչափահաս դստեր (6տ) ու մայրիկի հետ վարձակալությամբ բնակվում է ք. Մասիս, 2-րդ թաղ. 17շ. բն.15 հասցեում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Ինչպես նշեց Ռուֆինան, երեխայի խնամքով զբաղված լինելու պատճառով ինքը չի աշխատում, իսկ մայրը նոր է սկսել աշխատել. մինչ այդ երկու ամիս չէր աշխատում՝ աշխատանքի վայրում կարիճի խայթոցից ծանր վարակ ստանալու պատճառով: Ռուֆինան շնորհակալություն հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

17.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․