25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ հայոց.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Կրկնազատիկ է կամ Նոր կիրակի: Մեկ շաբաթ է արդեն, որ տոնախմբում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը: Մեծի Պահոց հիսուն ապաշխարողական օրերից հետո մենք հարության ավետիսով ձգտում ենք վեր հառնել մեղքերից և միավորվել մեր Տիրոջը: Ճրագալույցի պատարագին տրվեց Աստծո Որդու հարության ավետիսը, և մեր եկեղեցու հայրերի սահմանած կանոնով հիսուն օր շարունակ պիտի միմյանց ավետենք և փոխանցենք Քրիստոսի հարության լուրը: Ինչպես յուղաբեր կանայք աշակերտներին տվեցին այդ ավետիսը, այնուհետև նրանք իրենց իսկ աչքերով տեսան Տիրոջը, այդպես էլ մենք պետք է ցնծացող սրտերով և բերկրաձայն միմյանց ավետենք՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, և հույսի աչքերով սպասենք Տիրոջ Գալստյանը՝ հարությանն արժանանալու համար: Առավել մեծ ավետիս մարդկության փրկության համար չկա, քան այն, ինչ ասվեց հրեշտակի միջոցով. «Չէ աստ, այլ յարեաւ»: Սկզբնապես Տիրոջ աշակերտները ի զորու չէին ըմբռնելու Աստվածային փրկագործության հրաշափառ ծրագիրը, երբ Տերը խոսում էր նրանց հետ այդ մասին: Նրանց հոգիները մարդկային վրդովմունքն էր պատում: Սակայն ժամանակը եկավ և մարգարեների միջոցով կանխապես ասվածը ի կատար ածվեց: Փրկիչը չարչարվեց, խաչվեց և հարություն առավ: Մեզ՝ քրիստոնյաներիս համար աներկբա է և անկասկածելի Տիրոջ հարությունը, որին մենք հավատում ենք: «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ (Ա Կորնթ. 15:19), – ասում է Պողոս առաքյալը, – եթե մեռելները հարություն չեն առնում, «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթ. 15:32): Աստվածային սերը մարդու հանդեպ երևում է առ այն, որ Նա ոչ միայն Իր Որդուն ուղարկեց աշխարհ, արարածների մեջ, այլև Նրա հարությամբ հարություն խոստացավ մեզ: Քրիստոսի հարությունը մեզ համար մեղսական կյանքից վերհառնումի խոստում է, վերածնության, անապական կյանքի խոստում է, Քրիստոսի հարությունը Աստվածային նախախնամության մեծագույն դրսևորումն է, որ հավաստում է մեզ Տիրոջ անձանձիր և շարունակական սերը մեր հանդեպ. «Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ փրկությունը ժառանգելու համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Թեսաղոն. 5:9): Դեռևս «Երգ երգոցի» մեջ է պատմվում հարսի նկատմամբ փեսայի ունեցած գորովագութ սիրո մասին: Մենք ականատեսն ենք դառնում Աստծուց մեզ վրա լիուլի հեղվող անասելի սիրո, անասելի, բայց ոչ անկերպարան, քանի որ Աստծո սերը մեր աչքերի առաջ պատկերանում է Հիսուս Քրիստոսի դեմքով: Աստվածային սերը փոխադարձել է հարկավոր: Փեսայի հանդեպ հարսի սերը նշագծվում է իբրև Քրիստոսի հիմնած եկեղեցու երկրպագությունն առ Աստված, առ Երկնային Տերը: Իսկ սերն արտահայտվում է հնազանդությամբ, պատվիրանապահությամբ: Չէ որ նախաստեղծները՝ Ադամն ու Եվան, չգիտակցեցին սիրո հետ միասին դրախտային կյանքի արժեքը: Նրանք նախընտրեցին ոչ Աստծուն: Տերը նրանց, նրանց հետ նաև մեզ չթողեց հավիտենական խավարի իշխանության ներքո: Նա եկավ ազատագրելու մեզ մեր մեղքերից և մահվան ճիրաններից: Ուրեմն անհավատների նման չապրենք Աստվածապարգև մեր կյանքը, այլ հարության խոստումով նախ հարություն ապրենք մեր մեղքերից՝ հույս ունենալով Աստծո Որդու Գալստյանը հարություն առնել. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Արարչական տնօրինությամբ այս կյանքում և աշխարհում ամեն ինչ կատարվում է ի փրկություն մարդկային կորած հոգու: Մարդկության պատմությունը ոչ մի վայրկյան չի ընթանում առանց Աստծո խնամքի և հոգատարության: Գարնանային զարթոնքն ու Աստվածային հարությունը գալիս են ավետելու մեզ Տիրոջ մշտնջենական սիրո մասին առ մարդն ու նրա վերածնունդն ու փրկությունը: Ոչինչ այնքան հուսաբեր չէ մեզ համար, որքան ձմեռային միապաղաղ ճերմակությանը հաջորդած կենսաբեր կանաչազարդ գարունը: Աստծո համար անկարելի ոչինչ չկա: Նա է տիեզերքի Արարիչն ու օրենսդիրը: Ինչպես տարեկան շրջապտույտում բուսականությունն ու կենդանական աշխարհը կենդանության շունչ են առնում՝ հիշեցնելով մեզ հարության գաղափարը, այնպես էլ Արարչության գլուխգործոց համարվող մարդը ստեղծված չէ հավերժական կորստի համար, և դա փաստվում է այն ամենամյա իրողությամբ, որ մենք տոնում ենք Քրիստոսի հարությունը: Մարդը մաքրագործված է Աստծո Որդու հեղած արյամբ: Հարությունը ցնծություն է բոլոր դարերի մարդկանց համար: Հարությունը կյանք է՝ խոստացված մարդկանց: «Պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51): Առաջին անգամ ավետվեց Քրիստոսի հարությունը, այժմ հարության բերկրանքը նաև մեզ համար է, քանի որ Տերը հարություն առավ և մեզ էլ հարություն խոստացավ: Մենք սպասում ենք Նրա հետ հավիտենական թագավորություն մտնելու և վերագտնելու կորուսյալ դրախտը: Մեզ խոստացված է երկնային լույսի արքայություն, մեզ խոստացված է վերադարձ դեպի երջանիկ այն կյանքը, որ միաձուլում է Արարչին և արարածներին: Սակայն հարության ավետիսը զգոնություն է պահանջում՝ արժանանալու հարության ժամանակ փեսայի՝ երկնային արքայություն կանչող ձայնին: Հարությունը վերաբերում է ողջ մարդկության սերունդներին: Պարզապես անհրաժեշտություն է ապրել՝ ի մտի ունենալով Աստծուն և Աստվածային պատվիրանները և դադարել հին մարդը լինելուց: «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցեք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը: Վերին բաների մասին խորհեցեք և ոչ թե այն, որ այստեղ երկրի վրա է, քանզի մեռած եք և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծու մոտ: Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոս. 3:1-4): Հարություն առած Քրիստոսի հետ այսօր իրենց թմբիրից թող հարություն առնեն մեր սրտերը, թող հարություն առնի մեր միտքը իր աշխարհային զբաղումներից, թող հարություն առնեն մեր հոգին ու մարմինը իրենց մեղսական կյանքից, թող հարության լույսով լուսավորվի մեր կյանքը, մեր աչքերը բացվեն իրենց պատած խավարից, մեր մտքերը լուսավորվեն իրենց խավարային խորհուրդներից, մեր զգայական և բանական կյանքի վրա Իր հարության հզոր դրոշմով Քրիստոս Աստծո լույսը հեղվի: Թող մեզանից ճառագեն հարության խոստման աներեր հույսն ու հավատը և վարակեն մեզ շրջապատող հոգիներին: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան