23 Դեկտեմբեր, Բշ
«Եթե ինձ հարցնեք՝ մեր մոլորակի ո՞ր անկյունում կարելի է հանդիպել ամենից շատ հրաշքների, ես առաջին հերթին կասեի՝ Հայաստանում»,- ասել է ամերիկացի նկարիչ, գրող Ռոքուել Քենտը:
Իսկ ըստ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը»:
Հայն այսօր աշխարհին ներկայանում է հազարամյակների ընթացքում ստեղծած ինքնուրույն, հարուստ մշակույթով, ինչը հանդիսանում է նրա հոգևոր-ազգային վկայագիրը: Մեր նախնիների կողմից ստեղծվել և մեզ է փոխանցվել հսկայական մշակութային ժառանգություն: Օտարները զարմանում են, թե ինչպե՞ս է պահպանվել հազարամյակներ ապրած հայոց երգը, մանրանկարը, խաչքարը և կամ հայ ազգն ընդհարապես:
Երկու շաբաթ լինելով Հայաստանում՝ նույն զարմանքն ապրեց Շվեյցարիայի Բազել քաղաքի բնակիչ ազգությամբ շվեյցարացի 72-ամյա Մարսել Րյունցին: Նա Շվեյցարիայում հին շինություններն է գնահատում: Մարսել Րյունցին նաև Սուրբ Անտոնիոս եկեղեցու խորհրդի նախագահն է, Բազելի քաղաքային ժողովի քառասուն անդամներից մեկը և շատ ուրիշ միությունների անդամ: Հայաստանի հսկա և հզոր հարստությանն իր մասնագիտությանը բնորոշ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էր ծանոթանում: Նա մեծ ցանկություն ուներ լինելու Արևելքի երկրներում: Նրա համար Հայաստանը դարձավ արևելյան երկրների սկիզբը և նախաշեմը: Մեր երկրի մասին բավականին տեղեկություն ուներ Շվեյցարիայի նույն քաղաքում ապրող իր հայազգի ընկեր Լևոն Սողբաթյանից և նրա հետ ծանոթությունն էլ ավելի կոնկրետացրեց իր Հայաստան գալը:
Մարսել Րյունցին պատմեց, որ երբ Շվեյցարիայում հայերի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել, նրան ցնցել էին ցուցադրված նկարները: Իսկ ցեղասպանությանը վերաբերյալ գիրքը, որ նա նվեր էր ստացել, ասաց, որ հնարավոր չէ այն կարդալ քնելուց առաջ: Նույն զգացումը, ինչ ունեցել էր Շվեյցարիայում հայերի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսից, ապրեց Հայաստանում՝ լինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան-ինստիտուտում: Աշխարհի մեծագույն չարիքին՝ ցեղասպանությանը, իրենք էլ են ականատես եղել Եվրոպայում և Մարսել Րյունցին նշեց, որ ցավոք այդ չարիքն այսօր էլ իրագործվում է որոշ երկրներում:
«Որևէ երկիր, որ գնում ես, սպասում ես ունենում: Գալով Հայաստան՝ ես իմ սպասումից առավելը ստացա: Ամեն մի եկվորի Հայաստանը շատ բան ունի տալու, հատկապես իր քրիստոնեական մշակույթով: Հայ ժողովուրդը ինձ զարմացրել է իր համառությամբ, պայքարելու և դիմադրելու բնավորությամբ: Ամեն դժվարության մեջ նա ճանապարհ է գտնում առաջ գնալու: Այդ ոգին շատ ուժեղ զգացվում է այստեղ՝ Հայաստանում: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն այսօր էլ այդ ոգով աշխատում են և ստեղծագործում»,- ասաց Մարսել Րյունցին:
Հայաստանում իր այցելած սրբավայրերի ուղին անցել էր Մուղնիի Սբ. Գևորգ, Հովհանավանք, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Մաստարայի Սբ. Հովհաննես, Հառիճավանք, Կեչառիս, Սևանի Սբ. Առաքելոց, Սբ. Էջմիածին, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև և Երևանի մի քանի եկեղեցիներով:
Իսկ այն հարցին, թե, լինելով Հայաստանում, զգացե՞լ է շունչը աշխարհի առաջին քրիստոնյա երկրի, օտարազգի հյուրը պատասխանեց. «Տեսնելով հին եկեղեցիներն ու խաչքարերը՝ չես կարող այդ շունչը չզգալ: Այն այսօր էլ է ապրում, քրիստոնեական ավանդությունները նկատելի էին թե՛ Սբ. Պատարագին և թե՛ այն հայ ընտանիքներում, ուր մենք հյուրընկալվեցինք: Տարբեր եկեղեցիներում աղոթող մարդկանց մոտ ես խորը հավատք և քրիստոնեական արժեքներ տեսա: Ուրախալի էր ականջալուր լինել մանկահասակ աղջիկների երգչախմբին Տաթևի վանքում,
տեսնել Հառիճավանքի ընծայարանի սաներին: Հայերն ավանդապաշտ ժողովուրդ են: Հայաստանում մենք ոչ միայն տեսանք, այլ նաև ապրեցինք և դա շնորհիվ մեր ընկերոջ Լևոնի, Սբ. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորի, նաև այն մարդկանց, ովքեր սիրով մեզ հյուրընկալեցին»:
Ըստ Մարսել Րյունցի՝ Հայաստանը շատ հարուստ երկիր է. «Թե՛ բնությունը, թե՛ պատմությունը, թե՛ ազգային և քրիստոնեական սովորությունները մեծ հարստություն են: Նման երկրներ շատ քիչ են աշխարհում: Անչափ տպավորվել եմ Հայաստանի բազմադարյան վանքերով: Սակայն նկատելի էր, որ մի քանի հին եկեղեցիներում անհաջող վերանորոգում էին կատարել, նոր, մոդեռն կերպով նկարված սրբանկարներ էին դրվել հին եկեղեցիներում: Շատ կարևոր է վերանորոգել՝ հինը չկորցնելով»:
Ծանոթանալով հայ ազգի պատմությանը՝ Մարսել Րյունցին, Հայաստանի և Շվեյցարիայի միջև զուգահեռ անցկացնելով, ասում է, որ հայ ազգի նման իրենց ազգն էլ է միշտ ճնշման ենթարկվել: Իսկ հայ ժողովուրդին նա անվանում է լեռնային, պայքարող, հպարտանալու շատ առիթներ ունեցող ժողովուրդ:
«Հայաստանը կարողացավ մեզ զարմացնել, իսկ մեր ազգին զարմացնելը շատ դժվար է: Այստեղ ստացած հարուստ ապրումներով և տպավորություններով կիսվելու եմ իմ շրջապատում և հետաքրքիր երկիր մեկնել ցանկացողներին խորհուրդ եմ տալու այցելել Հայաստան: Այս երկիր մտնող յուրաքանչյուր անձ ոչ միայն մեծ արժեքների և հարստության է հանդիպում, այլ նաև վայելում է, քանի որ Հայաստանը վայելողների երկիր է»,- զրույցի վերջում ասաց Մարսել Րյունցին:
Կարինե Սուգիկյան