21 Դեկտեմբեր, Շբ
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ սիրո և նվիրումի ճանապարհով իրականացնելով իր եկեղեցանվեր ծառայությունը:
Մինչ տոնախմբությունը «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը շնորհավորեց ներկաներին Բուն բարեկենդանի տոնի և իրենց ծառայության հնգամյակի առթիվ: Այնուհետև տիկին Զարուհին իր շնորհակալական խոսքը հղեց Նավասարդ Սրբազանին, Տեր Գրիգորին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին, որոնց օրհնությամբ ու առաջնորդությամբ սիրիահայ համայնքը, հայրենիքում հաղթահարելով բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ, իր ծառայությունն է բերում եկեղեցուն և հայրենիքին:
Ուրախ տոնախմբության ընթացքում չնվազեց ուրախ տրամադրությունը. միմյանց հաջորդում էին ազգային երգն ու պարը, խաղերն ու անակնկալները: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության անդամները երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղեցին տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Համալյանին, որը մոտ օրերս ընտանիքով մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության:
«Ուրախալի է տեսնել սիրիահայ համայնքի գործունեության հնգամյա պտուղները: Գնահատելի է այն նվիրյալ ծառությունը, որ իրականացնում է «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Շնորհակալ եմ ատենապետուհի Զարուհի Համալյանին, որն այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի համայնքը հայրենիքում ևս իր հավատաշեն և բարեգործական ձեռնարկներով իր ծառայությունը բերի եկեղեցական համայնքային կյանքին: Մաղթանքս է, որ տիկնանց օժանդակ միությունը նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակի իր ջանադիր ծառայությունը՝ ի պայծառություն Հայ եկեղեցու և հայրենիքի»,- ասաց Տեր Գրիգորը:
Բուն բարեկենդանը կոչում է մարդուն Աստծո ուրախ ներկայության մեջ ապրել: Բուն բարեկենդանի հաջորդ օրն արդեն քրիստոնյան ոտք է դնում պահեցողության՝ ապաշխարության շրջան, որպեսզի վերադառնա իր բնական վիճակին, իր ուրախության Աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, որպեսզի փրկի մարդկանց՝ հոգ տանելով նրանց հավիտենական ուրախության մասին:
Կարինե Սուգիկյան